Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ներիշխանական սցենարները սկսում են խաղարկվել

Ներիշխանական սցենարները սկսում են խաղարկվել
31.03.2018 | 11:31

Մի քանի շաբաթից Հայաստանում լինելու է նոր վարչապետ ու նոր կառավարություն: Եթե վարչապետի անձը այլևս անհայտ չէ, թեպետ պաշտոնապես հայտարարված չէ, խնդրահարույց է մնում կառավարության կազմը: Նախ և առաջ` կազմավորման սկզբունքը: Երկար շրջանառված ու մոռացված «ազգային համաձայնության կառավարության» ուրվականը վերադառնում է: Թեպետ ի սկզբանե հասկանալի չէր` ո՞վ ում հետ է համաձայնում ազգովին` ո՞ր կուսակցություններն են ընդգրկվելու կառավարության կազմում:

Խորհրդարանակա՞ն, արտախորհրդարանակա՞ն, իշխանակա՞ն, ընդդիմադի՞ր, այլընտրանքայի՞ն: Ի սկզբանե նաև հասկանալի էր, որ ազգային համաձայնությունը չի կարող կայանալ միայն իշխանական ու մերձիշխանական ուժերի միջև, իսկ երբ հանում ես «ազգայինը» և թողնում միայն «համաձայնության կառավարությունը», գաղափարը կորցնում է իմաստը` հասկանալի է, որ եթե կառավարության կազմում են, ուրեմն համաձայն են ՀՀԿ-ի հետ նրա ծրագրերը իրականացնելուն: Իսկ դա դարձյալ ի սկզբանե դուրս էր դնում ընդդիմադիր կուսակցություններին: Ստացվում է, որ ամբողջ խաղը պտտվում է ԲՀԿ-ի շուրջ, որ տեղ-տեղ ընդդիմադիր է, տեղ-տեղ` ոչ: «ԲՀԿ-ի օրակարգում այս պահին չկա ապրիլի վերջին ձևավորվելիք կոալիցիոն կառավարության կազմում ընդգրկվելու հարց»` «Ազատության» հետ զրույցում ասել է ԲՀԿ-ի քաղխորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Նա ոչ հերքել, ոչ հաստատել է շրջանառվող լուրերը, որ ապրիլի 17-ից հետո կարող է ստեղծվել «համաձայնության կառավարություն» ԲՀԿ-ի մասնակցությամբ: Գլխավոր քարտուղարը հերքում է կուսակցությունում այդ հարցով քննարկումները և ի պաշտոնե հաստատում, որ վաղը կամ մյուս օրը չի նախատեսվում քննարկում:


Բնականաբար` կուսակցության պաշտոնյա ու շարքային անդամները չեն կարող պատասխանել հարցին` եթե առաջարկ լինի, կհամաձայնե՞ն, նրանք առավելագույն անկեղծությամբ միայն կարող են ասել` «Այս պահին կոնկրետ մեր օրակարգում նման հարց չկա», ինչը և անում է Նաիրա Զոհրաբյանը: Այդ հարցի պատասխանն ունի միայն Գագիկ Ծառուկյանը և կասի «հաջորդ դասին»` ինչպես միշտ: «Դասղեկի» հետ հանդիպումից հետո:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս ասում է, որ ԲՀԿ-ի մասնակցությամբ «համաձայնության կառավարություն» ձևավորելու հարցով քննարկում չեն ունեցել. նա ևս «ապագայում ոչինչ չի կարող բացառել», որովհետև դարձյալ կա «դասղեկի» հետ հանդիպման հարց:


Օրինաչափ է, որ ՀՅԴ-ն ևս «այս պահին նման օրակարգ չունի»: Թեև, դարձյալ ըստ մամուլի հրապարակումների, ՀՅԴ-ականներից շատերն են իրենց նախարար ու փոխվարչապետ «տեսնում», այսինքն` նվազագույնը մնում են կոալիցիայում: Նրանք առանձնապես կողմ չեն «Ծառուկյան» դաշինքի իշխանության մաս դառնալուն` համարելով, որ իշխանությունը ուժեղ է, եթե կա ուժեղ ընդդիմություն: Բայց ե՞րբ է ԲՀԿ-ն եղել ուժեղ ընդդիմություն հարցի պատասխանը չունեն: Հասկանալի պատճառներով: Պարզապես ԲՀԿ-ի իշխանական համակարգում ներգրավվելը մրցակցային է դարձնում ՀՅԴ-ի պաշտոններ ստանալը:
Թեպետ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հանգիստ կարող են իրենց քվեարկությամբ վարչապետ ընտրել, հարց է նաև, թե ինչպե՞ս կքվեարկի ԲՀԿ-ն: Այդ քվեարկությունը նրանց համար ընդդիմադիր լինելու «ստուգողական աշխատանք» է: Դաշինքի շատ պատգամավորներ արդեն հայտարարել են, որ դեմ չեն Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարումը որպես վարչապետ, թեպետ հարցը դեռ խմբակցությունում չեն քննարկել: Նրանք անձնական կարծիք են հայտնում` ինչպես ՀՀԿ-ականները, որ նույնպես դեռ այդ հարցը չեն քննարկել:


Եթե լինի ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ կոալիցիա, խորհրդարանում տեղի է ունենալու քաղաքական վերադասավորություն և վերաբաշխվելու են ընդդիմության իրավունքով ԲՀԿ-ին տրված պաշտոնները: Ընդդիմադիր ԱԺ-ում կմնա միայն «Ելքը»: «ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք «Ծառուկյան» դաշինքը իբրև կոալիցիոն գործընկեր» և «ԲՀԿ-ի ինչի՞ն է պետք ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը դառնալը» հարցերը համարյա պատասխան չունեն, որովհետև անցած տարիների փորձից դատելով` դեֆակտո քաղաքականության մեջ այդ հարցերը չեն ծագում: ԲՀԿ-ն հրաշալի կատարում է մերձիշխանական ուժի իր գործառույթը` անհրաժեշտ դեպքերում դառնում է ընդդիմադիր ու քննադատում է ում պետք է, անհրաժեշտ դեպքերում աջակցում է ՀՀԿ-ին: Ի վերջո, կա նաև 2022-ի ընտրությունների հարցը, երբ Գագիկ Ծառուկյանը պիտի հարկադրաբար բացատրի` ինչու՞ իշխանության մաս կազմեց, եթե միշտ հայտարարում է, որ ինքն ամեն ինչ ունի ու իրեն ոչինչ պետք չէ, ինքը միայն ծառայում է ժողովրդին: Հիմա այդ «ծառայությունը» կարող է գնահատվել` ԲՀԿ-ականներին պետական կառավարման համակարգում ընդգրկելով` ելնելով նրանց «հույժ պրոֆեսիոնալիզմից ու անփոխարինելիությունից»: Ինչո՞վ համաձայնություն չէ: Կարող են նույնիսկ ԲՀԿ-ից դուրս չգալ: Պարզապես փոխհամաձայնել` ի հեճուկս ՀՅԴ-ի: Եվ` հանգիստ շարունակել քննադատել կառավարությանը, երբ պետք կլինի վարչապետ Սերժ Սարգսյանին: Եթե, իհարկե, Կարեն Կարապետյանը կցանկանա մնալ ու կմնա փոխվարչապետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երկակի խաղի մեջ պետք չէ մեղադրել միայն ԲՀԿ-ին, ստեղծված պայմաններում նույն խաղն է խաղում և ՀՅԴ-ն: Արմեն Ռուստամյանը առաջինն էր, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը համարեց քաղաքականապես պատճառաբանված: Իսկ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը չի հավատում Սերժ Սարգսյանի անփոխարինելիությանը ընդհանրապես ու ԼՂ խնդրում մասնավորապես: «Խորհրդարանում կա մեծամասնություն, որը ՀՀԿ է, և ինքն է առաջադրելու վարչապետի թեկնածու: Շատ հավանական է, որ այդ թեկնածուն Սերժ Սարգսյանը լինի: Այնպես չէ, որ եթե խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն չլիներ, էլի պետք է Սերժ Սարգսյանը լիներ, այդ վիճակը չէ: Այն, որ այսօր արցախյան բանակցային գործընթացի տեղեկատվությանը հիմնականում ինքն է տիրապետում, դա փաստ է, սակայն դա չի նշանակում, որ այդ հանգամանքն անպայման օգուտ կբերի»,- ասել է Կիրո Մանոյանը: Նա, փաստացի, կասկածի տակ է դնում ՀՀԿ-ի գլխավոր փաստարկը` Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունն արտաքին քաղաքականության մեջ:


Երկու ՀՅԴ-ականների միջև հակասություն չկա, կա կուսակցության մարտավարություն` սեփական գինն ու արժեքը բարձրացնելու միտումով: Չի բացառվում, որ այդ գնի ու արժեքի համարժեք ընկալում չունեցող ՀՀԿ-ն ինչ-որ պահից ՀՅԴ-ին իբրև ընդդիմություն ստանա: Եթե ոչ ապրիլին, 2022-ից մեկ տարի կամ կես տարի առաջ: Քաղաքական կյանքը ապրիլին չի ավարտվելու, ընդամենը հանգրվան է մինչև 2022-ը, և խաղի բոլոր մասնակիցները իրենց քայլերը պիտի որոշարկեն կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարով համադրելով ու փորձելով ներկա օգուտը դարձնել ապագայի օգուտի հիմք: Եթե ներկայի ու ապագայի օգուտների մեջ հակասություններ լինեն, խելամիտ է երկարաժամկետ հեռանկարով հաջողությունների մասին մտածելը: ՀՀԿ-ն հիմա իր իշխանությունը պահելու իրավական բոլոր հիմքերն ունի, իսկ 2022-ը ընտրելու օրենսդրական մրցույթի պահն է:

Դիտվել է՝ 2620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ