Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նիկոլ Փաշինյան. Քաղաքական հանգուցալուծման պարագայում տնտեսությունում արագ և արդյունավետ փոփոխություններ են լինելու

Նիկոլ Փաշինյան. Քաղաքական հանգուցալուծման պարագայում տնտեսությունում արագ և արդյունավետ փոփոխություններ են լինելու
30.04.2018 | 20:16

Ես որևէ վայրկյան չեմ կասկածում, որ քաղաքական հանգուցալուծման պարագայում մենք շատ արագ տեսնելու ենք շատ լուրջ արդյունքներ: Տնտեսության բնագավառում արագ և արդյունավետ փոփոխություններ են լինելու` ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը հարցրեց, թե ժողովուրդը ե՞րբ է լավ ապրելու, ե՞րբ են ստեղծվելու նոր աշխատատեղեր, ե՞րբ են բացվելու նոր լուրջ արտադրություններ. «Շարժման յուրաքանչյուր օրը առնվազն երկու ամսով մեր տնտեսությունը հետ է շպրտել: Այս իրավիճակից դուրս գալու համար, թե ներդրումների հարցով, թե արտադրությունների կազմակերպելու հարցով դուք հնչեցրել եք, որ իշխանությունների կողմից սխալ քաղաքականություն է վարվում: Սա և «Նաիրիտի» գործարկման հետ կապված, ե՞րբ է աշխատելու «Նաիրիտը»,- ասաց Գագիկ Մելիքյանը: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ փորձագիտական մակարդակով չի տիրապետում «Նաիրիտ» գործարանի խնդրին և չի կարող այդ հարցին ուղիղ պատասխանել:

Գնահատականին, թե շարժման ամեն օրը երկու ամսով հետ է շպրտում տնտեսությունը, Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց. և ասաց, որ շարժման ամեն օրը նաև մեծ պոտենցիալ է կուտակել Հայաստանի տնտեսության էական և թռիչքաձև զարգացման համար: «Եթե օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության պայմանները ապահովվեն, ինչը շարժման հիմնական գաղափարներից մեկն է, համոզված եմ, որ ՀՀ-ում լրջագույն ներդրումներ են արվելու, առաջին հերթին հենց հայկական շրջանակներից այդպիսի ազդակներ արդեն իսկ կան: Մեր ամեն բաց թողնված օրը և ամիսը շատ արագ կկոմպենսացվի, եթե իհարկե արագ կարողանանք հասնել հանգուցալուծման և անցնել արդեն բարձրացված օրակարգի կոնկրետ խնդիրների լուծմանը»,- ասաց Փաշինյանը:


Պատասխանի արձագանքի ժամանակ Մելիքյանը հայտարարեց, որ տնտեսության թռիչքների մասին մի քանի տարի առաջ էլ ենք լսել: Նրա կարծիքով՝ դա հեքիաթների ժանրից է. «Ես ավելի մեղմ արտահայտվեցի երկու ամսով հետ ընկնելը: Ես հասկացա, որ ժողովուրդն առաջիկա 7-8 տարիներին լավ ապրելու մասին պետք է հույսեր չփայփայի»,- նշեց Գագիկ Մելիքյանը: Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ական պատգամավորին խնդրեց հուսահատություն չսերմանել և չքարոզել քաղաքացիների շրջանում. «Եթե մի բան չի հաջողվել մինչև հիմա, չի նշանակում, որ չի հաջողվելու նաև սրանից հետո»։ Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ շարժմանը ողջունել են բազմաթիվ տնտեսվարողներ և եթե նրանց վնաս լիներ քաղաքական այս գործընթացը, նրանք այդպես չէին վարվի: «ՀՀ-ում տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը արդարության և օրենքի իշխանության բացակայությունն է: Սրանք այն անհրաժեշտ պայմաններն են, որոնք կապահովեն Հայաստանի կայուն զարգացումը»,- հայտարարեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 2093

Մեկնաբանություններ