Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թանգարանների գիշերը» Հայաստանում անցկացվեց 15-րդ, Արցախում՝ 6-րդ անգամ

Թանգարանների գիշերը» Հայաստանում անցկացվեց 15-րդ, Արցախում՝ 6-րդ անգամ
21.05.2018 | 14:58

Ավելի քան 30 հազար թանգարան աշխարհի տարբեր երկրներից Թանգարանների միջազգային օրվան (մայիսի 18) ամենամոտ շաբաթ օրը միանում են «Թանգարանների գիշեր» միջոցառմանը: Ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր թանգարանների դռները բաց են լինում հասարակության առաջ: Այս տարի միջոցառմանը միացել էին Հայաստանի և Արցախի 116 թանագարաններ: «Իրատեսը» կատարեց թանգարանային իր շրջայցը:

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի երկրաբանական թանգարանը համաեվրոպական այս միջոցառմանը միացավ արդեն 7-րդ անգամ: Քարերի այս յուրատեսակ աշխարհը մշտապես ներկայանում է ուշագրավ, չկրկնվող միջոցառումներով:
Անցյալ տարի «Իրատեսն» անդրադարձել էր թանգարանի կազմակերպած «Օբսիդիանի ճանապարհը...» խորագիրը կրող գիտաճանաչողական արշավին, որն անցկացվում էր «Թանգարանում մեծահասակների կրթական ծրագրերի իրականացում» նախագծի շրջանակում (ծրագրին աջակցում են թանգարանային կրթության կենտրոնը և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնըլ»-ի հայաստանյան գրասենյակը):
«Երևան-Ագարակ-Թալին-Թաթուլ-Արտենի լեռ-Դաշտադեմ» երթուղուց արշավականները վերադարձան մեծ ու փոքր, բազմաձև ու բազմագույն օբսիդիաններով, միաժամանակ ծանոթացան Հայաստանում մեծ տարածում ունեցող օբսիդիանի պատմությանն ու նրա կիրառությանը՝ քարե դարից մինչ այսօր:


«Քանի որ օբսիդիանն իր կիրառությունը չի կորցրել նաև այսօր, որոշեցինք, որպես ծրագրի շարունակություն, օբսիդիանից պատրաստված ուլունքներից յուրահատուկ զարդեր ստանալ,- ասաց Երկրաբանական թանգարանի տնօրեն ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, նշելով, որ անցկացրել են վարպետության դասեր (մայիսի 19-ին՝ թանգարանի բոլոր այցելուների համար), ուլունքագործությամբ հետաքրքրվողները սովորել են բնական քարերն օգտագործել մաքրամեի մեջ, համատեղել մետաղն ու հայկական բնական քարերը:- Հետաքրքիր է, թե ինչպիսին է յուրաքանչյուրի ձեռքի աշխատանքը, ինչ մտահղացումներ ունեն: Արդեն պատրաստված նմուշների մի մասը ցուցադրվեց «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում: Ցուցադրություն է նախատեսվում նաև հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը: Թանգարանի տնօրենը նշեց, որ այս օրերին մեծահասակներից ոչ պակաս եռանդով ստեղծագործում էին նաև երեխաները: Պատրաստված աշխատանքները վաճառվելու են, ստացված շահույթով մանկատան երեխաների համար թանգարանում միջոցառումներ են անցկացվելու:


Խոսելով օբսիդիանի նշանակության մասին մեր զրուցակիցն ասաց, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում բնակություն հաստատած նախնադարյան մարդու մշակած ամենառաջին քարերից է. «Մեր նախնիները օբսիդիանից պատրաստում էին աշխատանքի և որսի համար գործիքներ։ Սակայն, եթե կիսաթանկարժեք քարը «ոտքի տակ է», չենք կարող գնահատել նրա արժեքը: Օբսիդիանը ամենատարածված, բայց հայ հանրության շրջանում ամենաքիչ կարևորվող քարն է։ Oբսիդիանի բազմաթիվ երևակումներ կան Հայաստանում: Թանգարանի դերն է նոր մոտեցումներով, կրթական ծրագրերի օգնությամբ բարձրացնել հանրության իմացությունը Հայաստանում տարածված կիսաթանկարժեք գունաքարերի վերաբերյալ»:


Թանգարանների միջազգային օրը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանն անցկացրեց գրական միջոցառում: Թանգարանի հյուրերը հնարավորություն ունեցան շփվելու Դիանա Համբարձումյանի հետ, լսելու հատվածներ նրա «Փեակների տարաբախտություն» վեպից՝ հեղինակի և դերասանուհի Անի Զաքարյանի մատուցմամբ, գրականագետ Ազնիվ Չիլինգարյանի, տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի վերլուծությունները վեպի վերաբերյալ:
Տուն-թանգարանի վարիչը մեզ հետ զրույցում ասաց, որ միջոցառման նպատակը վեպը ներկայացնելն է ու հետաքրքրություն առաջացնելը ընթերցողների շրջանում, ևս մեկ անգամ արձանագրելով այն փաստը, որ մենք այսօր էլ ունենք արժեքավոր գրականություն, և Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հետամուտ է այդպիսի գրականությունն իր հարկի ներքո ներկայացնելուն:


«Թանգարանների գիշեր» միջազգային միջոցառման շրջանակում անցկացվեց գրական երաժշտական կոմպոզիցիա՝ նվիրված Դեմիրճյանի ժնևյան տարիներին: Տուն-թանգարանի վարիչի տեղեկացմամբ՝ 1906-1910թթ Դեմիրճյանն ապրել է Ժնևում, սովորել է Ժնևի համալսարանում, ինչպես նաև, որպես ազատ ունկնդիր, հաճախել Ժնևի կոնսերվատորիայի ջութակի դասարանը: Այդ տարիների հետ կապված թանգարանն ունի հետաքրքիր ցուցանմուշներ՝ Շվեյցիարիան ներկայացնող բացիկների հավաքածու, Դեմիրճյանի այդ տարիներին գրված ստեղծագործությունների ձեռագրեր, նոտագրքեր (դարձյալ այդ տարիներին ձեռք բերված) և ամենակարևորը, Դեմիրճյանի ջութակը, որը թանգարանի արժեքավոր ցուցանմուշներից է: Դեմիրճյանն ունեցել է որոշակի հագուկապ (այդ մասին վկայում են լուսանկարները), ունեցել է մեծ սեր (Վալենտինա Չերկինսկայա` ազգությամբ լեհուհի): Այս բոլորի մասին պատմող ցուցանմուշներից պատրաստված տեսաշարը ներկայացվեց այցելուներին:


Դեմիրճյանի ժնևյան տարիներին գրած «Ջութակ և սրինգ» պատվածքը գեղարվեստական ընթերցմամբ ներկայացրեց Սիփան Զադոյանը: Միջոցառումը ներառել էր նաև ջութակի մենանվագներ: Ջութակահար Սուրեն Եդոյանը կատարեց Կոմիտասի «Կռունկը»՝ Դեմիրճյանի ամենասիրելի երաժշտական գործերից մեկը և դասական այլ ստեղծագործություններ:
Կարինե Ռաֆայելյանի բնորոշմամբ՝ «Թանգարանային գիշերը» գեղեցիկ նախաձեռնություն է, խթանում է թանգարանների շփումը հանրության հետ. «Այն մարդիկ, որ ամբողջ տարվա ընթացքում կամ տարիներ շարունակ չեն լինում թանգարաններում, այս օրը լինում են մի քանի թանգարանում ու բացահայտում իրենց համար թանգարանային խորհրդավոր աշխարհը»:


«Թանգարանների գիշերն» անցկացվում է Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ: Այս տարի թանգարանների միջազգային օրը կրում էր «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ» խորագիրը: Միաժամանակ, երկօրյա միջոցառումների ծրագրում անդրադարձ եղավ Հայաստանի Հանրապետության 100-ամյակին: Հայաստանում «Թանգարանների գիշերը» անցկացվեց 15-րդ, Արցախում՝ 6-րդ անգամ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ