Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էջմիածնի շաբաթ օ՞րը, թե՞ շաբաթը

Էջմիածնի շաբաթ օ՞րը, թե՞ շաբաթը
17.06.2018 | 10:30

Հայաստանում սկսվել է նախընտրական շրջանը և շատ բուռն` քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ երկրում հեղափոխության երկրաշարժի աֆտեր շոկեր են` որտեղ դեռ լուռ, որտեղ` արդեն աղմկոտ: Բայց այն, ինչ կատարվեց երեկ Էջմիածինում, դետեկտիվ անհաջող սերիալի էր նման: Բացի հակընդդեմ հանրահավաքները` երեկ ԱԱԾ-ն արեց քայլեր, որ նույնացնում են ինչ-որ քրեական հեղինակության ու ԱԺ պատգամավոր Արցախի հերոսին` դնելով կշեռքի նույն նժարներին ու հավասարեցնելով կարգավիճակով: Դա սիրո ու համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ չէ:

Հազիվ թե քաղաքում այնքան շիկացած մթնոլորտ էր, որ Արթուր Ասատրյանն ու Մանվել Գրիգորյանը լոկալ պատերազմ էին սկսելու միմյանց դեմ և երկուսի ձերբակալության նպատակը լոկալ զինադադարն էր ու քաղաքը «կոտորածից» փրկելը: Եթե ԱԱԾ-ն ուզում է ինքնահաստատվել նման քայլերով, հակառակ ազդեցությունն է ունենալու: Որտե՞ղ էին ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, երբ կրքերը Էջմիածնում թեժանում էին, թե՞ պետք էր սպասել` էֆեկտիվ մուտքով քաղաքի փողոցները փակելու ու տպավորիչ ձերբակալությունների համար: Հետո հայտարարվեց, որ «ԱԱԾ աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, 2018-ի հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք»: Ինչպե՞ս ստացվեց, որ հենց հիմա ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ ստացավ, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք: Այդ «ապօրինի զենք-զինամթերքը» այնքան հին ու մաշված մեղադրանք է` նույն սխեմայով էր ԱԱԾ-ն գործում 2008-ին, երբ մարտի 1-ից հետո հերթով ձերբակալվում էին շարժման մասնակիցները, որ նույնիսկ անլուրջ է դարձել: Առավելևս ԱԱԾ-ն չպետք է անօրինական եղանակներով գործի` պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։ Իր հայտարարությամբ ՀՀԿ-ն արձանագրել է` Սահմանադրությամբ նախատեսված է, որ պատգամավորն առանց Աժ-ի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ` երբ բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո:

Առավելևս, որ «զենքը հայտնաբերվել է արդեն իսկ հարուցված քրեական գործով ամառանոցում իրականացված խուզարկության արդյունքում, դժվար է պատկերացնել, որ այս դեպքում հնարավոր է խոսել անմիջականորեն հանցանք կատարելու ընթացքում կամ դրանից հետո ձերբակալելու պայմանը պահպանած լինելու մասին», - հայտարարել է ՀՀԿ-ն և հավելել, որ խուզարկությունը կատարվել է ոչ բնակության վայրում, այլ ամառանոց- հանգստավայրում, որի տնօրենը հայտարարել է, որ այդ զենքը պատկանում է իրեն և ոչ թե Մանվել Գրիգորյանին: Բնականաբար` ՀՀԿ-ն կոչ է անում դատախազությանը «իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը` նախաքննության օրինականության ապահովման` այդ թվում ազատությունից ապօրինի զրկված անձին անհապաղ ազատ արձակելու համար»: Բացի այդ` ՀՀԿ-ն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ «զենք պահելու կասկածանքով կարող է ապօրինի ձերբակալվել ԱԺ պատգամավոր, մինչդեռ զենքի անմիջական գործածման հետ կապ ունեցող անձինք ազատվում են կալանքից` ՀՀ նոր իշխանությունների հայտարարած քաղաքականության շրջանակներում» և որակում է կատարվածը «առավելապես քաղաքական դրդապատճառներ» ունեցող ու «պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգ»։ Եվ` բոլոր հիմքերն ունի: Գլխավոր դատախազը խորհրդարանին պատգամավորի ձերբակալության միջնորդագիր չի ներկայացրել դեռ: Մանվել Գրիրյանին անձեռնմխելիությունից զրկելու համար 105 պատգամավորներից 53-ը պետք է կողմ քվեարկեն: Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և Սեդրակ Սարոյանը ուշ երեկոյան այցելել են Մանվել Գրիգորյանին և ՀՀԿ խոսնակն ասել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը չի ընդունում շինծու մեղադրանքը։


Ուշ գիշերը հայտնվեց և ԵԿՄ-ի հայտարարությունը: Նրանք անընդունելի են համարում ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի «ապօրինի, անհիմն ձերբակալությունը, որը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ»: ԵԿՄ-ն կոչ է անում իշխանություններին «թշնամուն ուրախանալու առիթ չտալ՝ Արցախյան ազատամարտում ամենամեծ թվով տարածքներ պաշտպանած, ազատագրած, հաղթանակած զորավարի նկատմամբ անընդունելի գործողություններ կատարելով»: «Մենք ունենք մի ընդհանուր թշնամի՝ թուրքը, որի դեմ 1989-ից առ այսօր պայքարում է Երկրապահը: Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցներին արդեն իսկ ոգևորել է Արցախի հերոսին սեփական երկրում ազատազրկելու փաստը: Ադրբեջանական ԶԼՄ-ները ոգեւորությամբ փաստել են, որ ձերբակալվել է ամենաշատ ադրբեջանական տարածքներ զավթած հրամանատարը: Եվս մեկ անգամ սթափության կոչ ենք անում հայրենի իրավապահներին: Եկեք գնահատենք մեր արժենքներն ու շինծու մեղադրանքներով չազատազրկենք կյանքը հայրենիքի տարածքների պաշտպանությանն ու ազատագրմանը նվիրած հերոսին: Պատերազմը դեռ ավարտված չէ», - ասված է ԵԿՄ հայտարարության մեջ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս այցելել է ԱԱԾ ձերբակալվածների պահման վայրում գտնվող Մանվել Գրիգորյանին, առանձնազրույց է ունեցել նրա հետ, ուսումնասիրվել են փաստաթղթերը և պահման պայմանները, առողջական վիճակի ու բուժօգնության հարցերը:


Նվազագույնը տարօրինակ է, որ այսքանից հետո Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը որոշել է կոչ անել Էջմիածնի քաղաքապետին և բնակիչներին` հանրահավաքների ընթացքում ցուցաբերել փոխադարձ հանդուրժողականություն և զսպվածություն, բաց չթողնել ընդհանուր սեղանի շուրջ նստելու, բարձրաձայնված խնդիրները քաղաքակիրթ քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորությունը։


Եվ` առաջարկել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և խաղաղ ցույցի երեք հիմնական կազմակերպիչներին այսօր 12:00-ին Արմավիրի մարզպետարանում հանդիպել իրեն ու քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիները։ Այսինքն` Էջմիածին գալու համար Գագիկ Միրիջանյանին վիզա էր պետք, նա իրեն վերապահել է դիտորդի ու հրավիրողի կարգավիճակ` բեմահարթակը թողնելով ԱԱԾ-ին և գուցե շատ երջանիկ լիներ, որ հրավերը չընդունվեր, բայց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ընդունել է: Եվ բացի այդ` բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր և բազում էջմիածնեցիների անունից` ակնկալելով նրա հստակ հանձնարարությունը ոստիկանությանը, որ աջակցեն քաղաքում կարգուկանոնի պահպանման հարցում: Այսինքն` ոստիկանությունը աշխատում է ոչ թե օրենքով, այլ վարչապետի հանձնարարությամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ուժի ցուցադրությունը ևս պիտի նպատակային լինի ու իմաստ ունենա: Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը ցուցադրական ակցիա էր, բայց ու՞մ համար: Հնարավոր չէ՞ր գեներալին հրավիրել ԱԱԾ ու պարզել «ապօրինի զենք-զինամթերքի» պատկանելությունը` հարգելով նրա վաստակն ու գեներալ-մայորի ուսադիրները: Հազիվ թե խորհրդարանը նրան «հանձնի», ու ի՞նչ է անելու ԱԱԾ-ն: Թե՞ մի գեներալ միշտ պետք է «նստի» ` Սամվել Բաբայանն ազատ արձակվեց, Մանվել Գրիգորանը պիտի ձերբակալվի:
Սամվել Բաբայանի մասին: Փաստացի Նիկոլ Փաշինյանը նրան հեռակա պատասխանեց` ուզում ես գնա, ուզում ես մնա: Շաբաթ օրը նա մեկնեց Արցախ` հոգևոր-քաղաքական այցով: ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցին օծեց Պարգև սրբազանի ձեռամբ, գնաց Արցախի արևելյան հատվածի պաշտպանական դիրքեր` Բակո Սահակյանի, Դավիթ Տոնոյանի, Լևոն Մնացականյանի, Արտակ Դավթյանի ու Մովսես Հակոբյանի հետ: Թեպետ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը հարցին` «Փաշինյանի այցը պայմանավորվա՞ծ է Արցախում վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով», պատասխանել է. «Չէի ասի, որ պարոն Փաշինյանի այցը հատուկ այդ դեպքերով է պայմանավորված։ Նա երբ ընտրվեց, իր առաջին այցը կատարեց Արցախ, և սա հերթական այց է», մութ չէ և ակնհայտ է, որ մայիսի 8-ից հետո «հերթական այցը» Բակո Սահակյանը պիտի աներ Երևան` նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Երևան, ապա` Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցերից հետո խորհրդակցելու:

Բայց Նիկոլ Փաշինյանն է գնում Ստեփանակերտ ու շնորհավորում կառավարության նորանշանակ անդամներին, ողջունում ու կարևորում իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու Բակո Սահակյանի պատրաստակամությունը: «Ցանկանում եմ այդ հարցում հայտնել մեր անվերապահ աջակցությունն Արցախի գործընկերներին ու անձամբ նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին»` հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի հետ հանդիպմանը և նրա հետ քննարկել հայկական երկու պետությունների փոխգործակցության ընդլայնման հարցեր, մասնավորապես` բանակաշինությանը և տնտեսությանը վերաբերող` կարևորելով փորձի փոխանակումը և ավելի սերտ փոխգործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև` պաշտոնական հաղորդագրության համաձայն:

Հարց` ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը գնալու Էջմիածին: Իսկ հետո՞: Հասկացանք` արտահերթ ընտրություններ են լինելու, արտահերթ ընտրությունների հաջողության առաջին երաշխիքը քաղաքական մթնոլորտն է` առանց ցնցումների ու հանգիստ: Երբ նույնիսկ գարեջրի հեռուստագովազդով է ասվում «Անվտանգությունը բոլորին տարավ», հասարակական տրամադրությունները լուրջ խնդիր են ու սխալ է շիկացնել իրավիճակը և լիցքաթափել միայն մեկ մարդու` վարչապետի հեղինակության հաշվին: Դա առաջին հերթին վկայում է անկայունություն, երկրորդ հերթին` պետության փոխարինում մեկ անձով, ուրեմն` պետական կառույցների անգործունակություն, և` երրորդ` «Անփոխարինելիներ կան» կարգախոսի վերադարձ: Թշնամանքի ու վախի խրամատները դեռ հողալցված չեն, նոր խրամատներ փորելը վտանգավոր է ու տրամաբանությանը դեմ:

Դիտվել է՝ 3644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ