Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սիրիան տրոհում է Իրան-Ռուսաստան-Թուրքիա ալյանսը

Սիրիան տրոհում է Իրան-Ռուսաստան-Թուրքիա ալյանսը
11.09.2018 | 10:02

Սեպտեմբերի 7-ին Թեհրանում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահները` Սիրիայի հարցով: Ռոհանիի խոսքով` «բաց ու անկեղծ նշվում է մեր հետագա գործակցության ճանապարհը», նաև` «մեր ջանքերի շարունակությունը կայունություն ու անվտանգություն հաստատելու ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ տարածաշրջանում»: Տպավորություն կար, որ Մոսկվան, Թեհրանն ու Անկարան մտադիր են սիրիական ալյանսին կայունություն հաղորդել ու ժամանակի մեջ ընդայնել աշխարհագրությունը: Ալյանսն աննախադեպ է` մի կողմում ԱՄՆ-ի պաշտոնական դաշնակից ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, մյուս կողմում` ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող Իրանն ու Ռուսաստանը: Հրապարակավ` նրանց միավորում է ԻՊ-ի դեմ պայքարը, իրականում երեքն էլ առանձին ու սեփական շահեր ունեն: Թեհրանում կատարվեց անսպասելին` արարողակարգային նկարահանումներից հետո խոսափողներն ու տեսախցիկները չանջատվեցին և հանդիպումն անցավ ուղիղ եթերում: Գաղտնիք չէր, որ Մոսկվան ու Թեհրանը հակված էին Իդլիբի խնդրի ուժային լուծմանը, իսկ Անկարան դեմ էր` պնդելով, որ մարտական գործողություններից հետո Թուրքիա է ուղղվելու փախստականների հոսքը: Բայց դա պաշտոնական պատճառաբանություն էր. խնդիրը միայն փախստականները չեն, եթե Սիրիայի կառավարական զորքերը մտնում են Իդլիբ, Անկարան պետք է հեռանա այնտեղից:

Ռուսաստանն ու Իրանն ունեն իրավական փաստաթղթեր Դամասկոսի հետ, իսկ Թուրքիայի ռազմական ներկայությունը հարաբերականորեն լեգիտիմացնում են միայն Աստանայի պայմանավորվածությունները: ԱՄՆ-ի զինուժի ներկայությունը Սիրիայում միջազգային իրավունքի տեսակետից սամմիթում որակվեց ագրեսիա: Ռոհանին հայտարարեց, որ «ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում անօրինական է, դա ագրեսիա է, որ բարդացնում է խաղաղության հաստատումը երկրում» և Վաշինգտոնից պետք չէ «սպասել դրական դեր սիրիական հարցում»: Իրանի նախագահի խոսքով` Թեհրանը «կպահպանի ներկայությունը Սիրիայում Դամասկոսի խնդրանքով»:

The Washington Post–ը, հղում անելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարություններին, գրում է. «Դոնալդ Թրամփը, որ նախկինում պնդում էր ամերիկյան զորքերը Սիրիայից արագ դուրս բերելու անհրաժեշտությունը, հիմա համաձայնել է նոր ռազմավարությանը, որ նախատեսում է այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական անժամկետ ներկայության պահպանումը»: Վաշինգտոնը «դեմ է սիրիական կառավարական զորքերի հարձակմանը Իդլիբի վրա», որովհետև համարվում է, որ Դամասկոսի վերահսկողության վերականգնումը նահանգում փաստացի կդառնա Սիրիայի ռազմական դիմակայության ավարտը: Պուտինը Թեհրանում հիշեցրեց, որ նահանգում բավականաչափ քաղաքացիական անձինք կան, և դա պետք է հաշվի առնել: Ռոհանին ակտիվորեն չէր առարկում, որ ինչ-որ փոխզիջումային բանաձևի գաղափարի մասին է հուշում: Արտաքուստ կողմերը դրական տրամադրվածություն դրսևորեցին Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցում` տարածքային ամբողջականության պահպանումով, ընդգծելով միջսիրիական երկխոսության կարևորությունը ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձևի հիման վրա` հետագայում Ժնևում շարունակելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ցանկացողները կարող են ՌԴ նախագահի kremlin.ru կայքում ծանոթանալ հանդիպման և՛ տեսագրությանը, և՛ սղագրությանը` համոզվելու, որ Էրդողանի ու Պուտինի տեսակետները բոլորովին տարբեր են. Էրդողանը փախստականների անվան տակ պաշտպանում է ահաբեկիչներին, ու Պուտինը դա ասում է համարյա բաց տեքստով: Փաստը մնում է փաստ, որ Պուտինը չի նահանջել և հայտարարել է, որ Ռուսաստանն ահաբեկիչներին ոչինչ չի զիջի: Էրդողանին մնացել է համաձայնելը: Իդլիբը անցնելու է Դամասկոսի վերահսկողության տակ. դա այլևս կասկածի տեղիք չի տալիս: Երեկ Էրդողանը հայտարարել է, որ բացառում է Սիրիայի իշխանությունների հետ որևէ համագործակցություն և անընդունելի է համարել Իդլիբում գտնվող «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորմանը հարվածելու պատրվակով Իդլիբի խաղաղ բնակչության վրա հարձակումները: Թուրքիան Իդլիբ է ուղարկում «Սիրիական ազատ բանակի» զինյալներին, որ աջակցել են Թուրքիային Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ժամանակ: Դժվար է ասել` ի՞նչ մնաց ալյանսից:

Դիտվել է՝ 3574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ