Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իդլիբի պատերազմը կանխվեց, Սիրիայի պատերազմը շարունակվելու է

Իդլիբի պատերազմը կանխվեց, Սիրիայի պատերազմը շարունակվելու է
18.09.2018 | 09:31

Իդլիբում Անկարայի համար ամեն ինչ ծրագրվածի համաձայն չի գնում, իրավիճակի խաղաղ կարգավորում չի ստացվում, սակայն Թուրքիան մտադիր չէ հանձնվել և ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում ու զինյալներին զենք է մատակարաում` գրում է գերմանական Die Welt-ը: Ռուսաստանի ու Իրանի հետ վերջին բանակցություններից Թուրքիան հեռացավ ոչնչով` Մոսկվան ու Թեհրանը մերժեցին Անկարայի հրադադարի պահանջը:

Բայց Թուրքիան չի նահանջում` զինում է իր զորքերին Իդլիբում ու զինյալներին զենք է մատակարարում: Դա ապացուցում են տեսագրություններն ինտերնետում ու Reuters-ի հաղորդագրությունները: Մի՞թե Թուրքիան սիրական բանակի, ուրեմն և Ռուսաստանի հետ առճակատման ռիսկի է դիմում: Թե՞ դրանք ընդամենը սպառնալից ժեստեր են` Անկարան փորձում է դեմքը փրկել: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով` Իդլիբում Թուրքիայի խնդիրն է «հարձակում թույլ չտալ և զսպել ահաբեկչական խմբավորումներին»: Խմբավորումների անվան տակ նախարարը հասկանում է Ալ Կայիդայի հետ սերտ կապված HTS-ը, որի վերահսկողության տակ է Իդլիբի նահանգի 60%-ը: Վերջին ամիսներին Անկարան ապարդյուն փորձում էր լուծարել էքստրեմիստական կազմակերպությունը: Կային զինյալների ինտեգրման ծրագրեր Թուրքիայում 2017-ին ստեղծված Սիրիայի ազգային բանակում, որ Սիրիայի հյուսիսում կռվում է Անկարայի համար ատելի քրդերի հետ: Թուրքիան գտնում էր, որ եթե չլինեն HTS-ի ահաբեկիչները, Ռուսաստանի Իդլիբի վրա հարձակման իմաստ չի տեսնի: Անկարայի ծրագրերը ձախողվեցին: Ամբողջ սիրրիական քաղաքականությունն է խաղասեղանին: Եթե Իդլիբը գրավեն կառավարական զորքերը, Թուրքիան կկորցնի Ազգային բանակի իր մարտական ջոկատները: Հիմա կառավարությունը շռայլորեն զինում է զինյալների տարատեսակ խմբավորումներին զենքով ու զինամթերքով: Reuters-ը մեջբերել է դաշտային հրամանատարներից մեկին, որ ասում է` «մեզ խոստացել են թուրքական բանակի լիարժեք աջակցությունը, եթե պատերազմը ձգվի»:

Անկասկած, թուրքական զենքը կհայտնվի և զինյալների ձեռքին, որովհետև նրանք Իդլիբում ձևավորել են պաշտպանության միասնական շտաբ` նոր հարձակման նախօրեին: Քաղաքական դիտորդների կարծիքով` սակավ հավանական է, որ Անկարան սիրիական բանակի հարձակման դեպքում առճակատման ռիսկի է դիմում: Սակայն հնարավոր չէ դա բացառել ռազմական ներկայության մեծացման պարագայում: Հարևան Սիրիան նախագահ Էրդողանի համար չափազանց մեծ նշանակություն ունի, որպեսզի նա ձեռքերը ծալած նստի ու նայի` ինչպես են այնտեղ ազդեցության գոտիները բաժանվում: 2011-ին քաղաքացիական պատերազմի սկզբից Թուրքիան աջակցում էր նախագահ Ասադի դեմ կռվող ուժերին` Անկարան միլիոններ է դրել ընդդիմության վրա: Երբ Ասադը Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ կարողացավ թամբի վրա մնալ, Թուրքիան երկու տարի առաջ ավելի պրագմատիկ կուրս վերցրեց ու փորձեց ռազմավարական օգուտ քաղել նոր իրավիճակից: Այսօր հյուսիսային Սիրիայի մեծ մասը թուրքական զորքերի ու Անկարային հավատարիմ Սիրիայի ազգային բանակի վերահսկողության տակ է: Զինյալներին զենքի մատակարարումները բացահայտ մարտահրավեր են Ռուսաստանին: Թուրքիան փորձում է ճնշում գործադրել ու հասկացնել, որ Իդլիբի համար կռիվը երկար ու դժվար է լինելու: Անկարան ամեն գնով ձգտում է զինադադարի` միայն այդպես կփրկի Իդլիբի զինյալներին, որ կարող են տեղափոխվել Թուրքիային ենթակա մյուս տարածքներ: Ուրբաթ օրը Ստամբուլում Իդլիբի հարցով կհանդիպեն Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ներկայացուցիչները: Ահմեդ անանունով ընդդիմադիրի կարծիքով` կռիվը, այնուամենայնիվ, կսկսվի` քաղաքը շրջապատված է կառավարության զորքերով, որ սպասում են հարձակման հրամանի: Թուրքիան մի կողմ չի քաշվի, բայց ոչինչ չի կարող հակադրել Ռուսաստանին:
Ալֆրեդ Հակենբերգեր, Die Welt


Հ.Գ. Երեկ Սոչիում հանդիպեցին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները: Հանդիպումից հետո լրատվամիջոցներին ՌԴ նախագահը ասաց, որ բովանդակային ու կառուցողական քննարկում են ունեցել: Իդլիբի վերաբերյալ Վլադիմիր Պուտինն ասաց, որ Ռուսաստանն ու Թուրքիան բավականաչափ մեծ ուշադրություն են հատկացրել Սիրիայի իրավիճակին և ճգնաժամի հաղթահարմանը, աշխատում են մարտական գործողությունների դադարի և մարդասիրական իրավիճակի բարելավման ամրապնդման համար: Հանդիպման արդյունքում որոշվել է զինված ընդդիմության ու կառավարական զորքերի շփման գծի երկայնքով ստեղծել 15-20 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի` դուրս բերելով այնտեղից արմատական տրամադրված զինյալներին, այդ թվում` Ջեբհատ ան Նուսրայի: 2018-ի հոկտեմբերի 10-ից Թուրքիայի նախագահի առաջարկով այդ գոտուց դուրս կբերվեն ծանր զինտեխնիկան, տանկերը, հրետանին: Ապառազմականացված գոտում վերահսկողությունը կիրականացնեն թուրքական ջոկատներն ու ռուսական զինված ոստիկանության ջոկատները: Մինչև տարեվերջ վերականգնվի Հալեպ-Լաթաքիա և Հալեպ-Համա տրանսպորտային հաղորդակցությունը: Պուտինի գնահատականով` այդ քայլերի իրականացումը լրացուցիչ խթան կհաղորդի Սիրիայի կոնֆլիկտի քաղաքական կարգավորմանը, թույլ կտա ակտիվացնել Ժնևի բանակցությունները ու կնպաստի խաղաղության հաստատմանը Սիրիայում:
Փաստացի` կռիվը հետաձգվում է, միևնույն է, եթե ոչ Իդլիբում, այնտեղ, որտեղ կուտակվելու են Իդլիբից հեռացող զինյալները ու Անկարայի կազմավորած Սիրիայի ազգային բանակի զինվորները, այդ վայրում ծագելու է հերթական ճգնաժամը, քանի դեռ Սիրիայի ամբողջ տարածքը ազատագրված չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ