Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՔՊ-ն երանությամբ է հիշելու իր ընդդիմադիր լինելու օրերը

ՔՊ-ն երանությամբ է հիշելու իր ընդդիմադիր լինելու օրերը
20.12.2018 | 10:16

Երեկ «Արմենիա Մարիոթում» ՔՊ-ն վարչության նիստ է արել: Հավարտ Ալեն Սիմոնյանը ասել է, որ որոշվել է Աժ նախագահի թեկնածու առաջադրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին, փոխնախագահներ` Ալեն Սիմոնյանին և Լենա Նազարյանին: Խմբակցության ղեկավար առաջադրվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, քարտուղար` Հակոբ Սիմիդյանը: ՔՊ-ն նաև նաև որոշել է` ովքեր են աշխատելու ԱԺ 10 մշտական հանձնաժողովներում: Կառավարության կազմին անդրադարձ չի եղել: Ալեն Սիմոնյանն ասել է, որ կառավարության կազմը «90 տոկոսով պարզ է»: Երեկվա նիստում առաջարկվել են մի քանի հանձնաժողովների նախագահների թեկնածուներ, որ քվեարկությամբ ընդունվել են: Աժ ապագա նախագահ Արարատ Միրզոյանը ասել է. «Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում, և դա այն պատճառով չէր, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը կրճատվում է: Գիտակցումը կա, որ շատ ծանր աշխատանք է սպասվում, բայց առաջին փոխվարչապետի աշխատանքն էլ ամենաթեթևներից չէր»: Հարցին, թե կա՞ն նախարարներ, որ գործուղվելու են ԱԺ, Արարատ Միրզոյանը պատասխանել է. «Կան անուններ, դա կապված է և նրա հետ, որ տարբեր անձինք գուցե օրենսդիրում շատ ավելի լուրջ աշխատանք ունեն անելու, և կապված է նաև, չեմ թաքցնի՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետ»:


Սփյուռքի նախարարն էլ տեղեկացրել է, որ մանդատը վերցնելու է. «Քաղաքական թիմի կողմից քննարկվում է Սփյուռքի նախարարության լինել, չլինելու հարցը: Ես իմ կարծիքը բազմիցս հայտնել եմ, որ կամ Սփյուռքի նախարարությանը տալիս ենք լայն հնարավորություններ, և այն ունենում է շատ մեծ լծակներ, կամ Սփյուռքի նախարարությունն ուղղակի կցվում է որևէ գերատեսչության: Այս պահին մանրամասներ չեմ կարող ներկայացնել, այդ ամենը քննարկման փուլում է: Ինքս խորհրդարանում գլխավորելու եմ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովը: Իմ գործունեությունն այսպես, թե այնպես ուղղակի աղերսներ է ունենալու Սփյուռքի հետ քաղաքականության, դրա մշակման ու օրենսդրական դաշտում»:


Լիլիթ Մակունցը ևս Աժ է գնում` «Սա քաղաքական որոշում է, քաղաքական թիմի որոշում է, առաջարկն էլ հնչեցվել է որոշումների արդյունքում: Սա բարդ է, բայց պետական համակարգում բոլոր ոլորտներում էլ բարդ է, որևէ հեշտ բան չկա»` ՔՊ վարչության նիստից հետո հարցին, թե դժվար չի՞ լինելու ղեկավարել մեծ խմբակցությունը, պատասխանել է նա: Մակունցը, որ պնդում է` մշակույթն իր մեջ է, մտադիր է օրենսդիր գործունեությամբ էլ տարբեր ոլորտներում փոփոխություններ անել:


Երեկ կեսօրից հետո Դիլիջանում Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ նախարարների կարգավիճակում շատ մեծ անակնկալներ չեն լինի և հաստատել էր, որ նախարարությունների թիվը կկրճատվի` 12: «Նախընտրական շրջանում ասվել է՝ մենք կփորձենք 12 նախարարությունում տեղավորվել»` ասել է նա: Դժվար չէ կռահել, որ պատգամավոր դարձող նախկին նախարարների նախարարությունները կամ կվերանան, կամ կմիացվեն իրար: Կառավարության կառուցվածքը հաստատելիս Նիկոլ Փաշինյանը առիթ կունենա իր որոշումները հիմնավորելու և միանշանակ կասի, որ պետական կառավարման համակարգը չափից դուրս ուռճացված է, բազում գործառնություններ կրկնում են միմյանց, պետք է խնայել հարկատուների գումարներն ու առավել ճկուն, կառավարելի համակարգ ունենալու համար են արվել կրճատումներն ու միավորումները: Այդպես էլ կա, բայց դա չի պատասխանում հարցին, թե ի՞նչ են անելու կրճատված աշխատակիցները` մեխանիկորեն տեղափոխվելու են Աժ` իբրև աշխատակազմի համալրու՞մ, թե՞ համալրելու են աշխատաշուկան: Իսկ առավել կարևոր հարցը` նոր կառուցվածքով կառավարությունը համարժեք լինելու՞ է իր լուծելիք խնդիրներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի պատասխան լրատվական դաշտում շրջանառվող հոռետեսական տեսակետների, որ ընդդիմությունը վերանում է, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ իրական ընդդիմությունը «Իմ քայլը» խմբակցության ներսում է լինելու: Հավանաբար` նկատի ուներ ՀԱԿ-ի փորձը և Նիկոլ Փաշինյանի առաջին պատգամավորական ժամկետը: Երեկ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հերքել էր փոխվարչապետի պաշտոնակատարին` Արարատ Միրզոյանն ասել է, «Ես համաձայն չեմ դիտարկման հետ, թե ընդդիմություն չկա, և համաձայն չեմ, որ ընդդիմությունը կաշկանդված է լինելու զանազան հարցերով քննադատել կառավարությանը: Եվ ես համաձայն չեմ նաև դիտարկման հետ, թե ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից»: Բայց և փորձել էր կուսակցին շտկել. «Եթե այդ մտքի տակ նկատի է առնվում, որ «Իմ քայլը» դաշինքում բոլոր հարցերն այդպես ուղղահայաց կերպով չեն հրահանգվելու, այլ լինելու են մեծ քննարկումներ ներքին, ապա վստահաբար, այո, լինելու են, և որոշումները կայացվելու են քննարկումների արդյունքում»: Ստացվում է` ՔՊ-ում կարող է ներքին քննարկումը դիտվել ընդդիմություն: Սա ավելի սկանդալային հայտարարություն է, քան Տիգրան Ավինյանի կասկածելի պնդումը: Ընդդիմության գոյությանը կասկածողներին ու ընդդիմություն որոնողներին օգնության է գալու կյանքը` ՔՊ-ի իշխանության գալով դրախտի դռները չեն բացվելու, հակառակը` սկսվում է խնդիրները լուծելու ժամանակը: Պարզ է, որ միանգամից ու առատության եղջյուրից հաջողությունները չեն թափվելու Հայաստանի վրա և ՔՊ-ն էլ իր սխալներն ու ձախողումներն է ունենալու` դատելով պատգամավորների կազմից ու իրենց ապագա աշխատանքի մասին պատկերացումներից, ավելի ճիշտ` պատկերացումների բացակայությունից: Ու գալու է պահ, որ ՔՊ-ն հիշելու է իր ընդդիմություն լինելու երանելի օրերը:

Դիտվել է՝ 2995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ