Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«ԲՈԼՈՐԻՍ ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ Է, ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԵՆ ՏԱՐԲԵՐ»

«ԲՈԼՈՐԻՍ ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ Է, ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԵՆ ՏԱՐԲԵՐ»
23.12.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
-Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական շրջանը` սովորական վիճա՞կ է, թե՞ տարբերություններ կան նախորդ տարիների համեմատ:
-Կան և՛ նմանություններ, և՛ որոշ տարբերություններ, որոնց հիմքն անցած մի քանի տարիների աշխատանքն է եղել` և՛ իշխանության, և՛ ընդդիմության: 2011 թ. իշխանություն-ընդդիմություն պայքարը տեղափոխվեց կոռեկտության և՛ քաղաքական նորմալ մրցապայքարի դաշտ: Հետխորհրդային շրջանի հայտարարություններին, որոնք լի էին անձնական վիրավորանքներով, բնորոշ տոնը փոխվեց: Խորհրդարանում ևս բազմաթիվ օրինագծերի վերաբերյալ հնչել է սուր քննադատություն, որը եղել է գաղափարական պայքարի հետևանք: Քաղաքական մշակույթի մեջ սկսել է ընկալվել, որ քննադատությունն անհրաժեշտ է, ապացույց` իշխանության ու արտախորհրդարանական ընդդիմության երկխոսությունը:
-Բայց երկխոսությունը գործնականում մեռավ:
-Երկխոսությունը դադարեց, որովհետև արտախորհրդարանական ընդդիմությանը նախընտրական շրջանում չերկխոսելու առիթ էր պետք, և հիմա ունենք` ինչ ունենք: Այնուամենայնիվ, քաղաքական պայքարը կոռեկտության շրջանակներում է, և հուսով եմ` նախընտրական փուլն էլ քաղաքակիրթ կլինի: Մանավանդ, արդեն բարեփոխված է Ընտրական օրենսգիրքը:
-Ընտրական օրենսգիրքը բավարա՞ր է:
-Երկու կարևոր գործոն կա. առաջինը քաղաքական կամքն է: Իշխանությունները նախագահի գլխավորությամբ ցույց են տվել, որ մենք ունենք այդ կամքը: Մեր եվրոպացի գործընկերներն էլ են դա արձանագրել` ԵԺԿ համագումարում պարոն Մարտենսը նշեց, որ Հայաստանը կառուցում է խաղաղ ժողովրդավարություն, իսկ դա ձեռք է բերվել նախագահի վարած քաղաքականության, նաև ընդդիմության մեր գործընկերների շնորհիվ: Առաջիկա ընտրությունները շատ կարևոր են մեր պետության համար, գուցե այնքան կարևոր չէ, թե ով է հաղթելու, որքան` ինչպիսի ընտրություններ կարող ենք կազմակերպել: Այդ առումով բոլոր կողմերը պետք է ունենան պատասխանատվության զգացում: Մեզանում իշխանությունը միշտ ասել է` ես պետք է հաղթեմ, ընդդիմությունն ասել է` եթե ես չեմ հաղթել, ուրեմն ընտրությունները կեղծված են: Քաղաքական ուժերը պետք է ունենան ընտրապայքարի հավասար հնարավորություններ: Այսօր էլ որևէ ընդդիմադիր գործիչ իր տեսակետը եթերով կամ տպագիր լրատվամիջոցներով արտահայտելու հնարավորություն ունի, բազմակարծությունն ապահովված է: Երկրորդ գործոնն այն է, որ ընդդիմությունն ավելի զուսպ լինի և իրոք գնա քաղաքական մրցակցության: Հասարակությունը կորոշի` ով է ավելի մրցունակ:
-Ձեր կարծիքով` քաղաքական պայքարի կենտրոնը հիմա իշխանություն-ընդդիմություն հարթության մե՞ջ է, թե՞ իշխանության ներսում:
-Կոալիցիայում անհաղթահարելի հակասություններ չկան, կոալիցիան այսօր իրականացնում է նախագահի նախընտրական ծրագիրը: 2011 թ. կարևոր պահերից մեկն էլ նոր հայտարարությունն էր, որով կոալիցիոն 3 ուժերը հաստատեցին, որ պատրաստակամ են իրենց քայլերն իրականացնելու և 2013 թ. էլ առաջարկելու և պաշտպանելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Կոալիցիայի նպատակները երկարաժամկետ են, շատ կարևոր է, որ 2013 թ. կոալիցիայի բոլոր քաղաքական ուժերը համախմբված լինեն նախագահի շուրջը: Կարող են լինել ներկոալիցիոն հակասություններ տարբեր օրենքների շուրջ, դա բնական է. եթե բոլոր հարցերում մենք ունենանք նույն կարծիքը, բոլորս մեկ կուսակցության անդամ կլինեինք: Ժողովրդավարությունը նույն կուսակցության մեջ էլ տարակարծության հնարավորություն է տալիս. կուսակցության պաշտոնական դիրքորոշումը հենց այնպես չի առաջանում, այլ տարբեր կարծիքներից է ձևավորվում: Մինչև որոշում կայացնելը տարբեր կարծիքներ արտահայտելը նորմալ է, բայց երբ կայացված է որոշումը, պետք է գործի բոլորի համար: Այսօր կոալիցիան վերահաստատել է իր հավատարմությունը նախագահի նախընտրական ծրագրերում ամրագրված արժեքներին, և հազիվ թե սենսացիաների սպասելիքներն արդարանան:
-Սկզբունքային նշանակություն ունի՞` կոալիցիան միասնական ցուցակո՞վ կգնա ընտրությունների, թե՞ յուրաքանչյուր կուսակցություն իր ցուցակը կունենա:
-ՀՀԿ-ն այդ հարցը դեռևս չի քննարկել, և ես ճիշտ չեմ համարում դրան անդրադառնալը: Իր մարտավարական խնդիրները կուսակցությունը կքննարկի փետրվար-մարտ ամիսներին, համագումարից առաջ: Քանի դեռ որոշում կայացված չէ, բոլոր գնահատականները լինելու են տեսական դաշտից:
-Հետընտրական իրադարձությունները Ռուսաստանում անսպասելի՞ էին, թե՞ նախադրյալներ կային:
-Ռուսաստանում, ի տարբերություն Հայաստանի, ոչ թե ընդդիմությունն է ակտիվ, այլ քաղաքացիական հասարակությունը: Ամենաժողովրդավարական երկրներում էլ ընտրողների ինչ-որ մաս դժգոհ է լինում ընտրությունների արդյունքներից և բողոքի տարբեր ակցիաներ է իրականացնում: Մենք շահագրգռված ենք, որ Ռուսաստանում, որը մեր ռազմավարական գործընկերն է, կայունություն լինի: Ես համոզված եմ, որ վիճակը կնորմալանա, քանի որ Ռուսաստանը գնում է նախագահական ընտրությունների, և այդ ընտրություններն են վճռորոշ, թե ինչ ուղղությամբ երկիրը կգնա:
-Արաբական հեղափոխությունների հետ ռուսական հետընտրական իրավիճակը համեմատելով` Զբիգնև Բժեզինսկին ասել էր, որ Ռուսաստանում ոչ թե սոցիալական բունտ է, այլ ոտքի է կանգնել միջին դասը: Այդպե՞ս է:
-Զբիգնև Բժեզինսկին շախմատային իր տախտակն ունի, բայց չմոռանանք, որ Ռուսաստանում երկար տարիներ նույն կուսակցությունն է իշխանության: Կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինն էլ նշեց, որ Ռուսաստանի թիվ 1 խնդիրը քաղաքական համակարգի նորացումն է, որ արդեն սկսվել է` փոխվեց Պետդումայի նախագահը, խորհրդարանում «ՄՌ» խմբակցության ղեկավարը, նոր պահանջներ են դրվում: Ռուսաստանը հզոր երկիր է, հարուստ բնական ռեսուրսներով, բայց ռուսներն էլ են անցել ֆինանսատնտեսական ճգնաժամի միջով: 140-միլիոնանոց երկրում կարող են դժգոհություններ լինել, բայց արաբական տարբերակները Ռուսաստանում բացառվում են:
-Արաբական հեղափոխություններից մեկ տարի անցել է, բայց ոչ մի երկրում ժողովրդավարության առաջընթաց չկա, ապացույցը` Թահրիր հրապարակը, Լիբիան, ի՞նչ է կատարվում այդ երկրներում, և ի՞նչ վտանգ կա մեզ համար:
-Այդ երկրները, իհարկե, ընդհանրություններ ունեն, բայց յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները. Եգիպտոսն այլ է, Լիբիան` այլ, Սիրիան` այլ, խնդիրները նույնականացնելը սխալ է: Աշխարհը փոխվում է, աշխարհաքաղաքական խնդիրներ կան, տնտեսական, չինական ու ռուսական կապիտալի խնդիր կա, որ դեռ Կրտսեր Բուշի խորհրդականն էր նշել: Եգիպտոսում ուժեղ էին «Մուսուլման եղբայրները», և երբ փորձեցին հենվել նաև այլ քաղաքական ուժի վրա, քաոս ստեղծվեց: Այդ իրականությունը կառավարելի քաոս են անվանում, թե որքան է դա կառավարելի և ում է անհրաժեշտ, ես չեմ կարող ասել:
-Ղազախստանում էլ է՞ կառավարելի քաոս ստեղծվում:
-Այդ տարածաշրջանը միշտ էլ անհանգիստ է եղել, բախվում են աշխարհաքաղաքական, ֆինանսատնտեսական տարբեր շահեր, կողքներին Աֆղանստանն է: Որևէ հեղափոխություն, որը կատարվում է զանգվածներին գործընթացի մեջ ներգրավելով, ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ: Քաղաքականության մեջ հաջողության հասել են այն երկրները, որտեղ հեղափոխությունը վերևից իրականացվող բարեփոխումների, իշխանության և ընդդիմության կոմպրոմիսի արդյունք է: Էյնշտեյնն ասում էր` մենք պարտավոր ենք փոխել մեր մտածողությունը, որպեսզի լուծենք այն պրոբլեմները, որոնք հին մտածողության հետևանք են: Աշխարհը շատ արագ է փոխվում, մենք ապրում ենք ինտերնետի ժամանակաշրջանում, երբ մի քանի րոպեում կարող ենք իմանալ` ինչ է կատարվում աշխարհի ցանկացած կետում: Աշխարհը մի մեծ փողոց է դարձել, ժամանակն է, որ հասարակությունն էլ փոխվի, իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ: Պրոբլեմներն առաջանում են մարդկանց դոգմատիկ մտածողության պատճառով:
-Ի՞նչ եք կարծում` Ղարաբաղի հարցում մինչև ընտրությունները քայլեր կլինե՞ն, թե՞ իրավիճակը կպահպանվի:
-Փորձը ցույց է տվել, որ նախընտրական տարին արդյունավետ չի լինում բանակցային գործընթացի համար: Նախընտրական տարում գերիշխում են նախընտրական տրամադրությունները, դա հասկանում են նաև միջնորդները` մինչև կայունություն չլինի, ընտրական գործընթացները չավարտվեն, իշխանություն չձևավորվի, դժվար է վճռական հարցեր լուծել: 2012 թ. ես բեկումնային առաջընթացի նախադրյալներ չեմ տեսնում, հիշեք, որ Ադրբեջանը ևս պատրաստվում է ընտրությունների, ընտրությունների են գնում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները: Ես ակնկալում եմ, որ համանախագահ երկրների նախագահները կամ միջնորդները պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա: Ի վերջո` կա Դովիլի հայտարարությունը, որտեղ նշված է, որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերն իրենց հասարակություններին պետք է նախապատրաստեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Հայաստանը պատրաստ լինելով պատերազմի` իր հասարակությանը նախապատրաստում է խաղաղության, Ադրբեջանի պետական քարոզչության հիմքը եղել և մնում է հակահայկականությունը: Նույնիսկ ազգությամբ հայ ռուսաստանցի պաշտոնյային երկիր չեն թողնում: Քանի դեռ խուճապի ու ռազմատենչ հայատյացության մթնոլորտն է Ադրբեջանում իշխում, շատ դժվար է ատելությամբ շնչող հասարակությանը խաղաղության տրամադրել: Ակնհայտ է, որ ալիևյան կլանն իշխանությունը պահում է հակահայկական հիստերիայի վրա: Պատերազմը մնում է պատերազմ, բայց համաշխարհային փորձը վկայում է, որ հետպատերազմյան կեցության հարցերը որոշում են դիվանագետները. այդպես է եղել Առաջին համաշխարհային պատերազմից հետո, այդպես է եղել Երկրորդ աշխարհամարտից հետո, այդպես է եղել և անցյալում` Անգլիան ու Ֆրանսիան 100-ամյա պատերազմից հետո էլ բանակցությունների սեղանի շուրջը նստեցին, հարյուրավոր օրինակներ կան դարերի պատմության մեջ: Եվ վերջապես, մինչև Արցախը չդառնա բանակցությունների լիարժեք կողմ, հարցը հնարավոր չէ լուծել: Արցախի հարցը ողջ հայության խնդիրն է, բայց առաջին հերթին Արցախում ապրող քաղաքացին պիտի որոշի` ինչ պայմաններում է ինքն ուզում ապրել, և նրա կարծիքը չես կարող շրջանցել, երբ որոշվում է իր ճակատագիրը: Ժողովրդավարության առանցքային սկզբունքներից մեկը ազգի ինքնորոշման իրավունքն է, մարդու ազատ ընտրության իրավունքը, եթե խոսում ենք խոսքի, խղճի, դավանանքի, սեփականության ազատությունից, մարդը նախ պետք է ապրելու ազատություն ունենա: Քանի դեռ Ադրբեջանը չի համակերպվել, որ պիտի Արցախի հետ բանակցի, խնդրի լուծմանը չենք մոտենա: 1994 թ. զինադադարի պայմանագիրը ստորագրել են երեք կողմեր` Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի պաշտպանության նախարարները, և բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանը ոչ թե կոնֆլիկտի կողմ է, այլ Արցախի անվտանգության երաշխավորը:
-Հանրապետական Հռոմում սենատոր Կատոն Ավագը յուրաքանչյուր ելույթ ավարտում էր` «Կարթագենը պետք է կործանվի» բառերով: Միշտ պետք է գտնվի մի Կարթագեն, որ որպես արտաքին թշնամի ներքին համախմբման ծառայի: Դա՞ է գործում Ադրբեջանում, թե՞ պարզապես հակահայ քաղաքականությունից դուրս չգիտեն ինչ անել:
-Քաղաքագիտական բացարձակ ճշմարտություն է, որ հաջողության չեն հասնում այն պետությունները, որտեղ հասարակությունը ոչ թե հանուն գաղափարի է համախմբված, այլ ընդդեմ: Հիշում եք` ինչ եղավ Հիտլերյան Գերմանիայի, ֆաշիստական Իտալիայի հետ: Համամիտ եմ, որ Ադրբեջանը չգիտի ինչ անել, չունենալով «հանուն»-ի գաղափարը, նրանք ստեղծում են թշնամու կերպար: Արցախի հարցն ուշ թե շուտ լուծվելու է, ի՞նչ են անելու Ադրբեջանում հետո:
-2012 թ. ի՞նչ սպասելիքներ ունեք քաղաքական ու մարդկային առումով: Մոռանանք, որ ացտեկների օրացույցը 2012-ով է ավարտվում:
-Ացտեկները պարզապես անիմաստ են համարել հավերժական օրացույց կազմել` իրենց ժամանակներում 21-րդ դարը հեռավոր ապագա էր: Աստված ստեղծել է մարդկանց ապրելու համար և ասել է` ինչպես ապրել, դժվար է, բայց պետք է Աստծո պատվիրաններին հետևել: Քաղաքական առումով սպասելիքներս 2012-ից մեծ են` մտնում ենք նախընտրական փուլ, պիտի կարողանանք այնպես անել, որ հասարակությունից իսպառ վերանա թշնամությունը: Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության մեջ կան շատ մարդիկ, որոնք, իրոք, ուզում են իրենց սերունդներն ապրեն զարգացած, ժողովրդավարական երկրում, ուստի իրար հայհոյելը վատագույն տարբերակն է: Բոլորիս նպատակը մեկն է, նպատակին հասնելու ճանապարհներն են տարբեր: Ընդդիմությունը պիտի քննադատի, դա աքսիոմ է, բայց պիտի ավելի հարգալից լինենք միմյանց նկատմամբ: Բոլորս նույն նավի վրա ենք. և՛ իմ զավակներն են այս երկրում ապրելու, և՛ ընդդիմադիր գործիչների: Պետք է երկրին օգուտ տալ, որևէ ցնցում, անօրինական ու բարոյական նորմերից դուրս քայլ օգուտ հաստատ չի բերելու: Իշխանությունը պետք է պատրաստ լինի քննադատությունը լսելու, այսօր նախագահի գլխավորությամբ մենք ունենք մի իշխանություն, որը պատրաստ է լսելու քննադատությունը և հետևություններ անելու: Մեկ ձեռքը ծափ չի տալիս, երկու ձեռք է պետք` իշխանությունը և ընդդիմությունը: Պետք է կարողանանք հասարակությանը ճիշտ ճանապարհով տանել: Մարդկային առումով ցանկանում եմ, որ սեր լինի, համերաշխություն, երջանկություն, և լինի ոչ վերացական: Ֆինանսական բարվոք վիճակ լինի, սոցիալական անարդարությունը վերանա, մարդիկ ավելի բարի լինեն: Բոլորն ուշադրության կարիք ունեն, դրական խոսքի ու հույզերի, մարդկային ջերմության ու բարության:
-Բարությունը հասարակության մեջ սկսել է ընկալվել իբրև թուլություն:
-Ոչ, իբրև քրիստոնեական արժեքներ կրող մարդ, ես համոզված եմ, որ Քրիստոսը բարի էր, որովհետև հզոր էր, որովհետև ուժեղ էր, չարություն անելու համար ոչ կամք է պետք, ոչ խելք, ոչ սիրտ: Մենք հավաքական մի օրգանիզմ ենք, որ կոչվում է Հայաստան աշխարհ, Հայաստանի Հանրապետություն, ունենք տարբեր տեսակետներ, բայց դա չի նշանակում, որ միմյանց թշնամի ենք. սոցիալիստը մտածում է, որ պետության միջամտությունը պետք է մեծ լինի, լիբերալը ազատականության կողմնակից է, պահպանողականը տնտեսության մեջ ավելի ազատական է, բայց անվտանգության խնդիրներն է կարևորում, ի՞նչն է խանգարում այս տեսակետները ոչ թե հակադրել, այլ համադրել ու միմյանց հասկանալ: Ես չեմ սիրում «հանդուրժողականություն» բառը, մենք ոչ թե պիտի հանդուրժող լինենք, այլ համերաշխ, ես համերաշխության կողմնակից եմ:
-Ի՞նչ է նշանակում համերաշխություն:
-Համերաշխություն չի նշանակում առավոտից երեկո մեկը մյուսին ծափահարել: Կարելի է լինել միասնական` պահպանելով տարբեր կարծիքների ազատությունը: Ամենակարևորը պետք է գործը լինի: Եթե յուրաքանչյուրս մեր տեղում մեր գործն անենք, կարող ենք հաջողության հասնել: Քենեդու պես հռչակավոր քաղաքական գործիչը իր նախագահական ճառում ասում էր, որ ԱՄՆ-ը կդառնա հզոր երկիր, եթե յուրաքանչյուր քաղաքացի մտածի` ի՞նչ պետք է ինքը անի իր երկրի համար, այլ ոչ թե ի՞նչ պետք է երկիրն անի իր համար:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ