Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ «ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ «ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ»
29.11.2011 | 00:00

Ջավախահայության խնդիրների վերհանումը, դրանց ծագման հարցում մե՛կ Հայաստանի, մե՛կ Վրաստանի իշխանություններին մեղադրելը հաճախ են հայտնվում հայկական քաղաքական օրակարգում, հատկապես ծնունդով ջավախքցի պատգամավորների շրջանում: 2012-ի պետբյուջեի քննարկումները հերթական առիթն էին: Ստորև ներկայացնում ենք հայոց խորհրդարանում ջավախքցի երկու պատգամավորների դիրքորոշումները:

«ՈՉ ԹԵ ՓՉԱՑԱԾ «ՊԼԱՍՏԻՆԿԱՅԻ» ՆՄԱՆ»
ՀԱՅԿ ՍԱՆՈՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-ԱԺ ամբիոնից հնչած Ձեր ելույթում Դուք խիստ քննադատեցիք Վրաստանի իշխանություններին, սակայն ոչ վաղ անցյալում մշտապես դրական էիք արտահայտվում, համագործակցում էիք նրանց հետ: Ինչո՞ւ փոխվեց Ձեր վերաբերմունքը:
-Քաղաքականության մեջ չի կարող ինչ-որ բան մշտապես շահեկան լինել: Երբ լավ բան է արվում, մենք դա ասում ենք, խոսում ենք նաև թերացումներից: Կարծում եմ՝ ցանկացած իշխանություն կուզենա առողջ քննադատության ենթարկվել, որից կզգոնանա ու իր վարած քաղաքականությունը կհամապատասխանեցնի տվյալ պահի պահանջներին:
-Երբ ժամանակին մեղադրում էին վրաց իշխանություններին, Դուք դա համարում էիք անջատողականության դրսևորում: Կարելի՞ է ասել, որ այսօր էլ Դուք եք անջատողականություն մտցնում երկու ժողովուրդների միջև:
-Ոչ, անջատողականություն այստեղ չկա, պարզապես առողջ քննադատություն է, որն այդ պետությանն անհրաժեշտ է: Եթե բացերից չխոսենք` լճացում կլինի: Կա նաև ասելու ձև՝ մեկ կամ ամենաշատը երկու անգամ, ոչ թե փչացած «պլաստինկայի» նման ամեն իրիկուն դնես լսես:
-Դուք դժգոհ եք պետբյուջեով Ջավախքին տրվող հատկացումներից: Ի՞նչ եք կարծում` Հայաստանի պետբյուջեն այնպիսի վիճակում է, որ կարող է լիարժեքորեն ապահովե՞լ այլ երկրի վարչական տարածքը, չնայած այնտեղ բնակվողները մեր հայրենակիցներն են: Թիրախը վրացական իշխանությունները չե՞ն:
-Նախ նկատենք, որ Վրաստանը միակ երկիրն է, որտեղ 150-ից ավելի հայկական դպրոց ֆինանսավորվում է պետբյուջեից: Իհարկե, ընդհանուր առմամբ գործեր արվում են, բայց Հայաստանի հատկացումները նաև հոգեբանական գործառույթ ունեն, ոգին բարձրացնելուն են միտված: Աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայը մայր հայրենիքի շունչն իր թիկունքում պիտի զգա: Թե չէ գումարի չափն այդքան էլ էական չէ:
-Այսինքն, մեղադրո՞ւմ եք Հայաստանի իշխանություններին, որ ջավախքցին «հայրենիքի շունչը» չի զգում:
-Պակասություն է զգացվում, քիչ է, պետք է է՛լ ավելի ակտիվ լինել:
-Ձեր վերջին հայտարարությունը նախընտրական տրամադրությունների շրջանակում չէ՞:
-Ոչ, օբյեկտիվ հայտարարություն էր, կապ չունի ժամանակի հետ:
-Ժամանակին Ջավախքում բանտի կառուցման ակտիվ ջատագովներից էիք, ինչին դեմ էր ջավախահայությունը: Ձեր ելույթից հետո տեսակետ հնչեց, որ եթե այդքան շատ եք մտածում Ջավախքի մասին, ինչո՞ւ եք ողջունում բանտի կառուցումը:
-Դրա համար էլ չի կառուցվում:
-Բայց Դուք մնո՞ւմ եք այն կարծիքին, որ պիտի կառուցվի:
-Ոչ։
-Եթե դեմ էիք, ինչո՞ւ նախաձեռնեցիք:
-Մենք չէ, վրացական իշխանություններն էին նախաձեռնել, որոնք հետ կանգնեցին այդ գաղափարից: Ես ո՞նց կարող եմ բանտի կառուցում նախաձեռնել:
-Հայաստանի նախագահի Վրաստան կատարելիք այցից ի՞նչ եք ակնկալում:
-Լավատեսորեն եմ տրամադրված: Վերջերս վարչապետների մակարդակով միջկառավարական հանձնաժողովի հանդիպումը բավականին դրական արդյունք ունեցավ: Կարծում եմ, այդ հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի:
-Չե՞ք կարծում, որ այս այցից հետո էլ Վրաստանի նախագահը, սովորության համաձայն, չի խուսափի Հայաստանի որևէ ղեկավար օղակի մասին անվայելուչ արտահայտվելուց:
-Նրա հայտարարությունների մասին լսել եմ ԶԼՄ-ներով ու չգիտեմ` որքան են դրանք հավաստի: Չեմ կարծում, թե դրանք համապատասխանում են իրականությանը:
-Չե՞ք հավատում, որ Սաակաշվիլին ընդունակ է նման «հերոսությունների»:
-Քանի որ այդ հայտարարություններին հետևել են հերքումներ, կարծում եմ` որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրել են խոսքը՝ հայ-վրացական հարաբերությունները սրելու համար:

«ԵԹԵ ԳԻՏԵՐ, ՊԻՏԻ ԱՍԵՐ, ԱՅԼԱՊԵՍ ԴԱ ԲԱՆՍԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է»
ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ)

-Ջավախքին տրվող պետբյուջեի հատկացումների հարցում միակարծիք չեն ջավախքցի պատգամավորները: Վերջերս Հայկ Սանոսյանը խիստ ելույթ ունեցավ այս առնչությամբ: Համակարծի՞ք եք նրա գնահատականներին:
-Այն, որ Ջավախքին տրվող բյուջեի հատկացումները տարեցտարի պակասում են, իսկապես քննադատելի է: Բայց նաև պիտի հաշվի առնել, թե ինչի արդյունքում են դրանք պակասում: Հեշտ է քննադատելը: Կա նաև հարցի մյուս կողմը. վրացական իշխանությունները խոչընդոտում են այդ գումարների ներդրմանն այնտեղ: Մինչդեռ քննադատողները, որոնք երբեք չեն խոսում ու հանկարծ նման հայտարարություններ են անում, անտեսում են սա:
-Ջավախքը Վրաստանի վարչական տարածքն է, ու բնակչությունը նախ և առաջ այդ երկրի իշխանությունից սպասելիքներ պիտի ունենա: Գուցե քննադատությունների թիրախը ճի՞շտ պիտի ընտրել:
-Այո, առաջին հերթին հենց վրացական իշխանություններին պիտի ուղղել քննադատությունը, որովհետև Ջավախքի հիմնախնդիրների լուծումը նախ և առաջ վրացական իշխանությունների գործն է: Այո, Ջավախքը Վրաստանի վարչական տարածքն է, և տեղի բնակչությունն այդ երկրի քաղաքացիներն են: Ո՞վ է պարտավոր լուծել իր քաղաքացիների սոցիալ-տնտեսական ու այլ բնույթի խնդիրները, եթե ոչ Վրաստանի իշխանությունները:
-Օրերս անդրադառնալով Ձեր անձին` Հայկ Սանոսյանը կարծիք հայտնեց, թե Դուք ինչ-որ կենտրոններից եք ֆինանսավորվում: Կբացե՞ք գաղտնիքը` ո՞ր կենտրոնից:
- Դա իրենից պիտի հարցնել:
-Խորհուրդ տվեց Ձեզնից ճշտել:
-Եթե գիտեր` պիտի ասեր, այլապես դա բանսարկություն է: Դուք լրագրող եք, հետևում եք իմ գործունեությանը, տեղյակ եք, որ բարձրաձայնում եմ Ջավախքին ու ջավախահայությանը հուզող հիմնախնդիրներ, այն է՝ հայոց լեզվի, Հայ առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու, ջավախահայ գործիչներին չհալածելու և այլն: Այդ հարցերի դիտարկումը եթե համարում եք ինչ-որ կենտրոնից թելադրված քայլ, խիստ անհարիր է: Կարծում եմ, դրանց դեմ խոսելն է որևէ կենտրոնից ուղղորդված քայլ:
-Ի դեպ, Ձեր ելույթները համեմատեցին նաև «փչացած պլաստինկայի» հետ:
-Նախ` հիմնախնդիրները չեն լուծվում, այդ իսկ պատճառով դրանք մշտապես բարձրաձայնման անհրաժեշտություն են զգում: Շատ կուզենայի այդպիսի գործունեությամբ չզբաղվել, ու ջավախահայությունն ընդհանրապես նման խնդիրներ չունենար: Փաստն այն է, որ այդ հիմնախնդիրները կան ու օրեցօր խորանում են, լուծման կարոտ են: Եթե անընդհատ այդ մասին խոսում եմ, ուրեմն դրանք շատ ցավագին են: Ցավում եմ, որ այդ բարձրաձայնումները ոմանց դուր չեն գալիս: Դրանց դեմ խոսել հորդորող կենտրոններին հաճելի չէ դա:
-Այսպիսի կտրուկ շրջադարձը, այսինքն` խիստ քննադատական ելույթը, պայմանավորված չէ՞ այն հանգամանքով, որ, խոսակցությունների համաձայն, իշխանությունները ծանրութեթև են անում, թե ջավախքցի ներկայիս պատգամավորներից ում նորից բերեն խորհրդարան:
-Ընդհանրապես աշխատում եմ չհիմնավորված տեղեկությունները չմեկնաբանել:
-Հաճախ ենք ականատես լինում, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացված ջավախքցի պատգամավորների «ջուրը նույն առվով չի հոսում»: Ինչո՞ւ, չէ՞ որ երկուսիդ խնդիրն էլ Ջավախքն օր առաջ բարվոք տեսնելն է:
-Յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի հայրենիքի հիմնախնդիրների մասին, իսկ գնահատականը տալիս է ջավախքցին:
-Դուք և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի իշխանություններից պահանջում եք պատշաճ վերաբերմունք Ջավախքի նկատմամբ, սակայն միևնույն տարածքում ծնված անձինք առկա հիմնախնդիրների առնչությամբ հակադիր տեսակետներ ունեն։ Տարօրինակ չէ՞:
-Բազմակարծության պարագայում ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում: «Ջավախք» հայրենակցական միությունն ու իր կառույցները, հանդես գալով ջավախահայության իրավունքների պաշտպանության դիրքերից, առաջ են մղում և՛ Հայաստանի, և՛ Ջավախքի շահերը: Թե մյուսներն ինչ շահով են առաջնորդվում, իրենց խնդիրն է:
-Համամի՞տ եք տեսակետին, թե Համահայկական հիմնադրամի հանգանակությունից պետք է նաև Ջավախքին բաժին հանել:
-Մենք ստեղծել ենք «Ջավախք» հիմնադրամ, որի շրջանակներում փորձում ենք Ջավախքին նպաստ բերել: Վերանորոգել ենք մի շարք դպրոցներ, բարեգործական այլ ակցիաներ ենք իրականացրել: Կարծում եմ, բացի այս կարգի հիմնադրամներից, շատ նորմալ կլինի, որ մյուսները ևս իրենց նպաստը բերեն: Սակայն ներդրումներ իրականացնելու համար վերջիններս ևս պիտի շահեն վրացական իշխանությունների բարեհաճությունը, որովհետև վստահ չեմ, որ նրանք հեշտ ու հանգիստ դա թույլ կտան:
-Նախագահի այցից ի՞նչ եք ակնկալում:
-Ջավախքի խնդիրները կարող են լուծվել միայն միջպետական բարձր մակարդակով: Նախագահի այցի ժամանակ, կարծում եմ, կքննարկվեն ջավախահայությանը հուզող հարցեր:
-Վրաստանի նախագահի ոչ կոռեկտ հայտարարություններին, կարծում եք, վերջ կդրվի՞:
-Կարծում եմ՝ Սաակաշվիլու բոլոր հայտարարություններին համարժեք պատասխան պիտի տրվի: Հայաստանն ունի համապատասխան կառույցներ, որ նման պարագայում կարող են հանդես գալ մեր երկրի շահերի պաշտպանի դերում:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ