ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Լեգենդի և իրողության զուգահեռներում

Լեգենդի և իրողության  զուգահեռներում
11.05.2012 | 00:00

Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներում, ապրիլի վերջին Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղի վարչական տարածքում` Զիկատար լեռան լանջին գտնվող ՀՀ բնապահպանության նախարարության «Զիկատար» անտառային գիտափորձարարական կենտրոնում, լրատվամիջոցների և այլ կառույցների ներկայացուցիչների համար անցկացվեց եռօրյա գիտաժողով, որի շրջանակներում մասնակիցները ծանոթացան նաև տեղի պատմամշակութային հուշարձաններին ու սրբավայրերին: Մեր ընթերցողին պիտի որ հետաքրքրի, թե սահմանամերձ այդ գոտում ինչպիսի բացառիկ արժեքներ ունենք, և թե ինչպես են գոյատևում դրանք` ի հեճուկս ժամանակի, մարդկային անտարբերության, ավելին` բարբարոս վարքի:

Գյուղից դեպի հարավ` 3 կմ հեռավորության վրա` Կողբագետի աջ ափին ընկած անառիկ բարձունքին տարածվող փարթամ անտառի գրկում է գտնվում Մշկավանք (Մշակավանք) խոսուն անունը կրող եկեղեցին: Պահպանված է եկեղեցու արևմտյան ճակատին կից գավիթը` արևելյան անկյունային մասերի խցերով: Թե կոնկրետ որ թվին է այն կառուցվել, ստույգ հայտնի չէ, սակայն Վարդան Արևելցին 1219 թվականի երկրաշարժի մասին հիշատակելիս նշում է նաև Մշկավանքի անունը: Ինչպես հավաստիացնում է նոյեմբերյանցի գրող, ազատամարտիկ Սամվել Բեգլարյանը, Մշկավանքը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական մշակութային արժեքների ցուցակում (մեզ չհաջողվեց ճշտել այս տվյալը):

Հակառակ գրավոր հիշատակարանների ժլատ տեղեկությունների` տեղացիները իրական և ինքնահնար պատմությունների մի ողջ շտեմարան են հրամցնում հետաքրքրվողներին, անհամաձայնությունների դեպքում բուռն քննարկումներ ծավալում, և յուրաքանչյուրն ամեն գնով փորձում է դիմացինին ու իրեն համոզել, որ ամենահավաստի տվյալը հենց իր իմացածն է:

Ինչևէ, փորձենք ի մի բերել այն ամենը, ինչ մեզ հաջողվեց լսել Մշկավանքի մասին: Եկեղեցին կառուցել են մշակները: Այստեղից էլ ծագել է անունը: Բացառիկ երևույթ է մեր պատմության, եկեղեցաշինության մեջ, որ եկեղեցին ոչ թե կառուցվել է ի հիշատակ Աստծո, այս կամ այն սրբի, այս կամ այն բարերարի կամ նրա ընտանիքի անդամի, այլ ի հիշատակ մշակների: Սա մշակների ուժով կառուցված «ամենաժողովրդական եկեղեցին» է, ինչպես բնորոշում է Սամվել Բեգլարյանը:

Ըստ որոշ տվյալների` եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, 12-րդ դարում ավերվել է երկրաշարժից, ապա վերականգնվել: Կողբի ազգագրության և պատմության թանգարանում Մշկավանքը թվագրված է 11-րդ դարով:

Կողբի տարածքը հարուստ է միջնադարյան հուշարձաններով: Դրանցից մեկն է 4-5-րդ դարերում կառուցված Տվարաեղցի կամ Տվարագեղցի անունը կրող կիսավեր բազիլիկ եկեղեցին, որ գտնվում է Կողբագետի ձախ ափին: Եկեղեցու շուրջը նախկինում եղել է գերեզմանատեղի, որի հետքերն այսօր էլ առկա են գյուղի ճանապարհի եզրին: Դրանք քարարկղային գերեզմաններ են, որոնք տեղացիները վերագրում են նախաքրիստոնեական ժամանակներին: «Տվարաեղցի» անունը հետաքրքիր ստուգաբանություն ունի, այն նշանակում է տավարածի եկեղեցի: Այսինքն, այս սրբավայրի անունը ևս կապվում է մշակի, գյուղի աշխատավորի հետ:

Առավել ամբողջական տեսքով պահպանված է Տվարաեղցու արևելյան պատը, իսկ մնացած հատվածները լիովին կամ հիմնականում ավերված են:

Սարիգյուղի վարչական տարածքում է գտնվում տեղացիների կողմից սրբավայրի վերածված դարավոր սոսին: Այս սոսին եզակի չէ Նոյեմբերյանից դեպի Արցախ ձգվող ճանապարհին: Յուրաքանչյուր 40 կմ-ից հետո հանդիպում են նույն տարիքի սոսիներ. մեկը գտնվում է Բերդավան և Զորական գյուղերի միջև, մյուսը` Սարիգյուղի մոտ, այդպիսիք կան նաև Արցախի տարածքում: Քարավանները կանգ են առել հենց 40 կմ-ից հետո. հնում այդպես են տեղակայված եղել աղբյուրները: Սա էլ հիմք է տալիս ենթադրելու, որ այստեղով է անցել «Մետաքսի ճանապարհը» կամ առևտրային նշանակություն ունեցող մեկ այլ ճանապարհ: Սա վարկած է, լեգենդ, որը ժխտել կամ հաստատել առայժմ հնարավոր չէ: Սակայն վարկածը մեզ ներկայացնող Մխիթար Հովսեփյանը` Նոյեմբերյանի անտառտնտեսության տնկարանի վարիչը, գրեթե համոզված է դրա հավաստիության մեջ:

Մարդիկ Սարիգյուղի սոսու պատմությունը կապում են մեր ազգի երկու նշանավոր զորավարների` Վարդան Մամիկոնյանի և Աշոտ Երկաթի հետ: Մեր տեղացի զրուցակիցն առավել հակված էր այն տեսակետին, որ սոսին տնկել է Աշոտ Երկաթը, քանի որ Վարդան Մամիկոնյանին վերագրվող ծառը` կաղնին, գտնվում է այդ տարածքից քիչ ավելի հեռու:

Ըստ ժողովրդական խոսակցությունների` 100 տարին մեկ ծառն ինքնիրեն բոցավառվում է: Այն ունի սրբազան ուժ, և մարդիկ այստեղ գալիս են` որպես ուխտատեղի:

Անհավանական է, բայց փաստ, որ այրված, ածխացած հսկայական փչակի վերածված ծառաբնից վեր են խոյանում կանաչ շիվեր. հրաշքը շարունակում է իր կյանքն այդ շիվերի մեջ:

Այս լուսավոր պատմություններին անդրադարձը, ցավոք, զերծ չէ մութ կողմերից: Ես սրտի ցավով, բայց լրագրողի անաչառությամբ լուսանկարել եմ բացառիկ այս արժեքների վրա մրոտված ու խզմզված ոչինչ չասող անունները: Դժվարանում եմ բառեր գտնել` որակելու համար այն դատարկամիտ գոհարիկներին, գառնիկներին, անուշիկներին, լիանաներին, մելոներին, ռիտաներին, մխիթարներին, որոնց բանականության անմխիթար վիճակը պարզապես կարեկցանք է հարուցում:

Մի՞թե հազարամյակից ավելի կենսագրություն ունեցող այս կոթողներին վիճակված է մատնվել կասկածելի բանականության տեր «ուխտավորների» քմահաճույքին։ Մի՞թե պատմամշակութային արժեքների պատասխանատուները կամ անհատ բարերարները չեն վճռի օգնության ձեռք մեկնել այս լքված ու քայքայվող սրբավայրերին: Չէ՞ որ մենք հենց այդպիսի արժեքներով ենք գոյատևել ու հասել մինչև 21-րդ դար: Չթողնենք մեզ ապրեցրած գանձերը լքված ու անտերունչ:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի

Դիտվել է՝ 5794

Մեկնաբանություններ