Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մեղավորը պիտի պատժվի, ով ուզում է լինի»

«Մեղավորը պիտի պատժվի, ով ուզում է լինի»
07.06.2013 | 00:34

Գորիսյան վերջին իրադարձություններից հետո հերթական անգամ հասարակությունն ակնկալում է, որ իշխանությունը համարժեք արձագանք կտա կատարվածին: «Իրատես de facto»-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ կարծիք հայտնեց, որ մինչ գնահատականներ հնչեցնելը պետք է սպասել նախաքննության ավարտին:

-Մարդն իր բնությամբ կատարյալ չէ,- նշեց պարոն Զոհրաբյանը:- Միշտ էլ տարբեր հասարակություններում նման դեպքեր լինում են` սպանություն, կռիվ և այլն: Այդպես է նաև մեզանում, մենք չենք կարող բացառություն լինել: Սա վերաբերում է և՛ պաշտոնատար անձանց, և՛ շարքային քաղաքացիներին: Կան օրենք, սահմանադրություն, դատախազություն, որոնց առաջ հավասար են բոլորը: Պետք է այդ դեպքը քննվի, և մեղավորները պատժվեն: Ով ուզում է լինի, ում բարեկամն ուզում է լինի, ինչ ծառայություն մատուցած էլ լինի: Հիմա նախաքննություն է ընթանում, և իրավապահ մարմիները պետք է իրենց խոսքն ասեն: Բնականաբար, հասարակությունը նման երևույթներին միշտ էլ բացասաբար է անդրադառնում, ինչպիսի երկրում էլ դա լինի: Այսքանը կարող եմ ասել:
Իսկ հրաժարական տալը բարոյական քայլ է:
-Այսպիսի ողբերգական ելքերով միջադեպերից հետո, երբ դրան մասնակցություն ունեն չինովնիկներ, իշխող կուսակցության անդամներ, մշտապես հարց է առաջանում` ինչո՞ւ է ՀՀԿ-ն իր շուրջը հավաքել նման մարդկանց, ինչո՞ւ նրանցից «չի ազատվում»: Ի վերջո, ձեր կուսակցության վարկանիշը նաև այդ տեսակ մարդկանցով է անկում ապրում: ՀՀԿ-ն ինքնամաքրման խնդիր չունի՞:
-Ձեր հարցադրումը, թե ՀՀԿ-ն իր շուրջն է հավաքել «ինչ-որ արարքներ» գործած անձանց, խիստ սուբյեկտիվ է: Ե՛վ ՀՀԿ-ն, և՛ մյուս ուժերն իրենց մեջ ընդգրկում են բոլոր շերտերի մարդկանց: Արդեն քսաներկու տարվա անկախ պետություն ենք, դրա մեկ երրորդն անցկացրել ենք պատերազմի մեջ: Այդ պատերազմին, հաղթանակի ձեռքբերմանը մասնակցել են մարդիկ, ովքեր հետագայում նաև պաշտոն են ստացել: Այսինքն` այնպես չէ, որ այսօր հարաբերական խաղաղություն է, ու միայն քաղաքացիական անձինք պետք է ղեկավար պաշտոններ զբաղեցնեն: Այսօր և՛ կառավարության կազմում, և՛ տարբեր գերատեսչություններում կան պատերազմի մասնակից մարդիկ: Դեռևս ժամանակը չէ, որ նրանցից ոմանց թերությունների պատճառով բոլոր կառույցներից հեռացնենք ու թողնենք միայն նրանց, ովքեր պատերազմի մասնակից չեն: Ես հիշում եմ, որ ՀՀԿ-ն 90-ականներին ջոկատներ էր կազմավորում ռազմաճակատ ուղարկելու համար, այդտեղ կային կերպարներ, որոնք թաղային հեղինակություններ էին, դատվածներ, բայց կամային տղաներ: Գիտեինք, որ եթե ձեռքը զենք տայիր, կգնար ու կկռվեր: ՈՒ գնացել են: Չնայած կա մեդալի մյուս երեսը. թերություններ, որ այդ մարդիկ ունեին: Բայց ասել` ինչո՞ւ եք նրանց ուղարկել պատերազմ, ես էլ կասեմ` բա էլ ո՞ւմ ուղարկեինք, մարդիկ կային, որ դիվանի հետևում թաքնված էին: Բա ո՞ւմ ուղարկեինք: Չէին գնում, ասում էին` գնամ, զոհվե՞մ: Հիշում եմ. այդ երիտասարդների ծնողներն էին գալիս ու ասում` իմ դիակի վրայով, որդուս չտանեք: Բոլորը չէ, որ համաձայն էին իրենց որդուն պատերազմ ուղարկելու: Բայց կային տղաներ, որ չնայած հանցագործ ճանապարհ էին անցել, թաղային հեղինակություն կամ, այսպես ասած, քուչի տղերք էին, պատրաստակամ գնում էին: Հայրենիք են պաշտպանել: Բայց սա չի նշանակում, որ նրանց արտոնություններ պիտի տրվեն:
-Այսօր, կարծես, աբսուրդ իրականությունում ենք ապրում. մի կողմում` անգործ, սոցիալապես անապահով ազատամարտիկներն են, ովքեր հրապարակում իրենց «հացի» խնդիրն են բարձրաձայնում, մյուս կողմում` պատերազմին մասնակից չինովնիկն է, որը շարունակաբար հանցագործություններ է իրեն թույլ տալիս` ընդհուպ կրակելով «կռված» հրամանատարի վրա: Իշխանությունը, ի վերջո, ե՞րբ է թացը չորից տարբերելու:
-Համաձայն եմ, որ մեր տնտեսությունն այն վիճակում չէ, որ կարողանանք սոցիալական բոլոր խավերին ապահովել: Արվում է այնքան, որքան արվում է: Կողմ չեմ, որ ազատամարտիկը հացադուլ, գործադուլ կամ էլ չգիտեմ ինչ հայտարարի: Բա էլ ո՜ւր մնաց զինվորի բարոյականությունը: Դու պարտավոր ես կռվել քո հայրենիքի համար: Հո դու նայոմնիկ չե՞ս եղել: Ես կարող եմ իմ օրինակը բերել. ես էլ եմ պայքարել Հայաստանի անկախության համար ավելի դժվար պայմաններում, երբ աքսորում էին ու մի մասը հետ չէր գալիս: Բայց ես այսօր պահանջ չեմ դնում, որ պայքարել եմ անկախության համար, ինձ տվեք գործարաններ, օբյեկտներ, բարձր աշխատավարձ: Պետության հնարավորության սահմաններում դա արվում է: Այո, ես կողմ եմ, որ ազատամարտիկներին արտոնություններ տրվեն, դա կլինի նպաստների, թոշակների, աշխատավարձերի տեսքով: Բայց երևույթն ընդհանրության մեջ պետք է դիտարկել։ Եթե ես այսօր պահանջում եմ միայն իմ աշխատավարձը բարձրացնել ու կռվել եմ նաև այս հայ մարդու համար, արդյոք բարոյակա՞ն է միայն իմ մասին մտածելը: Ստացվում է, ազատամարտիկ եմ, կռվել եմ, եկեք իմ «հախը» տվեք: Այո, կարող են որոշ գործարարների մատնացույց անել, թե ինչպես են իրենք հարստացել: Դեմ չեմ, մարդ կա` ձեռներեց է, գիշեր-ցերեկ աշխատում է ու ավելի շատ եկամուտ ունի, քան նա, ով սպասում է, թե պետությունը երբ է իրեն բարձր աշխատավարձ տալու: Այդպես չի լինում: Չնայած, անուններ չնշեմ, գործարարների մեջ կան մարդիկ, ովքեր չեն վճարում հարկեր: Դրա համար էլ կա հարկային տեսչություն, որ ստուգի, քննի, թե ինչ խախտումներ կան: Այս վերջին տարիներին մի վատ սովորություն էլ է առաջացել` թող նախագահը տա: Համակարգ կա, դա միայն նախագահից չի կախված: Հասարակության գիտակցությունը պետք է բարձրանա ու ճնշում գործադրի, որ այդ հարկ չվճարողները, հանցագործներն ընկրկեն, գան օրենքի դաշտ:
-Նշեցիք, որ մշտապես նախագահին են դիմում: Իսկապես, եթե այսօր ինչ-որ օղակ չի աշխատում, որոշ ոլորտներում խնդիրներ են առաջանում, տվյալ բնագավառի մասնագետները դիմում են նախագահին, քանի որ մյուս գերատեսչություններից ոչ մի սպասելիք չունեն: Գուցե սա հաշվի առնելով է, որ ընդդիմադիրները մշտապես պնդում են, թե ամեն ինչ ղեկավարվում է մեկ կենտրոնից:
-Երկրում, բացի նախագահից, ըստ Սահմանադրության, մյուս պաշտոնյաներն էլ ունեն իրավունքներ և պարտավորություններ: Դրա համար ասում եմ, որ համակարգը պետք է գործի: Այսինքն, համակարգի որոշ անձեր թերություններ ունեն: Իսկ ընդդիմադիրները պահանջում են, թե եկեք համակարգը մի կողմ դնենք, նորը ստեղծենք: Այդպես չի լինում, եթե համակարգը քանդեցիր, պետությունն էլ հետն է քանդվում: Բնականոն ընտրությունների, օրենքների գերակայության պայմաններում մենք առաջ ենք գնում, պարզապես շտկումներ, ուղղումներ պիտի մտցվեն: Նախագահը լինի սուրբ, սրբություն սրբոց, հասարակությունը լինի սատանա, ոչ մի բան չի փոխվի: Քաղաքացու գիտակցության մեջ պետք է փոփոխություն լինի: Երբ վարչապետը ԱԺ-ում հայտարարեց, թե մեր մտքերում պիտի հեղափոխություն անենք, սա կարծես լավ չընկալեցին: Շարքային քաղաքացին պիտի ապրի ազնիվ, չմտածի զարտուղի ճանապարհով հարստանալու մասին: Եթե հասարակությունն այսպես մտածի, «թալանչի» կոչվածը մեկ օր էլ չի գոյատևի:
-Հասարակության անդամը տեսնում է, որ ինքն ազնիվ ճանապարհով չի կարող անգամ հացի փող վաստակել, փոխարենն ականատես է, որ անազնիվ ճանապարհով ոմանք միլիարդներ են դիզում: Էլ ինչպե՞ս հավատա այդ «հեղափոխությանը»:
-Շատերիս հետ է պատահել, չէ՞, երբ ինչ-որ հարց լուծելու համար, ասել ենք` ախպեր, լավությամբ չենք կարո՞ղ լուծել: Սա արդեն օրենքի խախտում է: Մտքում պետք է հեղափոխություն լինի: Այսօր դա չկա: Հասարակության մտքում, պահվածքում պիտի կատարվի այդ հեղափոխությունը: Այդ պարագայում հավատացնում եմ, ոչ մի չինովնիկի, գործարարի մոտ խախտումներ չեն լինի:
-Ներքևից, ասել է` հասարակությունը պետք է «հեղափոխվի», թե՞ վերևից իշխանությունները պիտի առաջին հերթին օրինակ ծառայեն:
-Ո՛չ ներքևից, ո՛չ վերևից, բոլորն էլ հասարակություն են: Երբ ազնիվ լինի, չխախտի օրենքները նույնիսկ իր երեխայի պարագայում, վերևներում էլ այդպես կմտածեն: Եթե ներքևում սատանաներ են, նույնն է և վերևում, եթե ներքևում սրբեր են, վերևում էլ են սրբեր: Ոնց ապրես, նույն ձևով էլ ղեկավար կընտրես:

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ