Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի ֆիլմը

Ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի ֆիլմը
13.11.2013 | 16:06

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը` անօրինակ ու մեզ քաջ ծանոթ դեգերումների անվերջանալի շղթայի մի պատմություն, որ այդպես էլ չի կարողանում հասնել հանգուցալուծման ու փակել շղթայի վերջին օղակը: Ֆիլմի հերոսը տարագիր հայն է` Հայկը, որը փորձում է ինքն իրեն գտնել օտար ամայի ճամփեքի խութաշատ ոլորաններում: Թեև ֆիլմի պրեմիերան կայացել էր ամռանը` «Ոսկե ծիրանի» օրերին, բայց դա չէր խանգարել, որ ամիսներ անց դահլիճում հավաքվեր հանդիսատեսների հոծ բազմություն:

Ցուցադրությունից առաջ ֆիլմի ռեժիսորը շնորհակալություն հայտնեց ֆիլմի ստեղծմանը մասնակցած բոլոր անձանց և կազմակերպություններին, կարևորեց, որ ֆիլմը ցուցադրում է հատկապես իր ընկերների, մտերիմների համար, որոնց կարծիքն իր համար շատ ավելի կարևոր է, քան աշխարհի այլևայլ անկյուններում այն դիտած ցանկացած հանդիսատեսինը: «Այս ֆիլմը տարբեր է իմ մյուս ֆիլմերից,- ասաց Հարություն Խաչատրյանը,- որովհետև ես սիրում եմ «լուռ» ֆիլմեր, կինոյի լեզվով պատմվող պատմություններ, իսկ այստեղ խոսքը շատ է, ֆիլմը շատախոս է»:
Այս ֆիլմը ֆիլմաշարի մեկ մասն է, կլինեն նաև այլ ֆիլմեր, որոնք ընդհանուր խորագրով ռեժիսորը կոչել է «Ազգային նախագիծ»: Այդ շարքը պատմելու է Հայաստանից փախչող հայերի մասին, իրենց պրոբլեմների մասին բարձրաձայնող կամ լռող այն հայերի, որոնք ինչ-ինչ պատճառներով կտրվել են իրենց արմատներից ու հայտնվել տարաշխարհիկ իրողություների դաշտում: Հարություն Խաչատրյանը պատրաստում է այս ֆիլմաշարը` նպատակ ունենալով այն վերածելու հեռուստանախագծի, որպեսզի առավել լայն լսարան հավաքի այդ ֆիլմերում արծարծվող` իրեն ու մեզ բոլորիս հուզող անհանգստությունների շուրջ: Հետագայում կնկարահանվի ևս վեց ֆիլմ, և շարքը կամբողջանա:
Նշենք, որ Հարություն Խաչատրյանի այս ֆիլմի մասին առավել մանրամասն մենք գրել ենք «Իրատես de facto»-ի նախորդ համարներում: Իսկ առավել լավ ինքն իր մասին խոսում է ֆիլմը, որը դիտել խորհուրդ ենք տալիս մեր ազգային ցավերի հանդեպ ոչ անտարբեր բոլոր հայերին ու ոչ հայերին:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ