«Հայաստանն ընդունել է խաղաղության պայմանագրի վերջին 2 հոդվածը, տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են»:
Սա Ադրբեջանը վերցրեց, ծալեց ու դրեց գրպանը, և դրանով դուք ավելի շուտ կտեսնեք ոմնի ծոծորակը, քան՝ խաղաղության պայմանագիր կոչվող ֆարսը:
Ադրբեջանը գրպանը դրեց հետևյալը.
- Արցախում ցեղասպանություն տեղի չի ունեցել:
- 120.000 հայ չի գաղթել, այլ լքել է պատմական ադրբեջանական հողերը, որտեղ ազգային փոքրամասնություն էր:
- 5000 հայ մարդ ոչ թե զոհվել է իր հայրենի հողի համար մղվող պայքարում, այլ եղել է զավթիչ, օկուպանտ և անջատողական:
Հաջորդը.
-ԵՄ գնացող երկիրը հանում է ԵՄ դիտորդներին իր երկրից, որոնց ներկայությունը հիմնավորում էր որպես խաղաղության միակ երաշխիք տարածաշրջանում:
Հաջորդը.
-Հայաստանը հրաժարվում է միջազգային իրավական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված իրավական գործընթացներից: Այլ կերպ ասած՝ պետական մակարդակով ուրանում է հայ մարդկանց արյունը, հրաժարվում ադրբեջանական վայրագությունների, ցեղասպանության, բնաջնջման փաստացի իրավական պատասխանատվության ենթարկելու իրավահաջորդությունից:
Այսքանով ոչինչ չի ավարտվում:
Այս ամենը զիջելուց և հպատակվելուց հետո փաստացի Ադրբեջանը պատասխանում է հետևյալ կերպ. «Բաքվի ակնկալիքներն այն են, որ Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»:
Այս ամենը զիջողը շատ լավ գիտի, որ «նվերը» չի անցել, իր ուրացումը չի բավարարել, և արդեն որոշ ժամանակ է զբաղված է հերթական պահանջի փաթեթավորմամբ, որի անունն է Իրական Հայաստան: Դա էլ չեն առնելու, դա էլ հաշիվ չի լինելու:
P.S. Իրական Հայաստան կոչվածը Ավարտված Հայաստանի հոմանիշն է՝ անկախ փաթեթավորումից:
Վլադիմիր Մարտիրոսյան