Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ: Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նորություն չէ, որ Հայաստանում ընդհանրապես ճանապարհները չեն մաքրվում կամ դրանք այնպես են մաքրվում, որ չմաքրածի հաշիվ են: Ձնահեռացում` մեզանում նշանակում է ավազ կամ աղ շաղ տալ: Մեծ մասամբ: Եթե, իհարկե, բուք չի եղել ու ճանապարհները ձնապատել: Սա` ավտոճանապարհների կամ մայրուղիների դեպքում: Աստված գիտե, թե երբ են այդ ճամփաները ավազ կամ աղ «տեսել», եթե ԱԻՆ-ը արդեն մի քանի օր նույն հայտարարությունն է անում: Նշանակում է` մաքրման աշխատանքներ կամ չեն կատարվում, կամ էլ թերի են իրականացվում:
Նոր Նորքում ավազ փռվեց, երբ առաջին ձյունn արդեն երկու օր ծանրացել էր ասֆալտին ու սառցակալել: Դրանից հետո կրկին ձյուն տեղաց, իսկ սառցաշաղախ ավազն արդեն չի օգնում` կպել-մնացել է երկրորդ-երրրորդ շերտ ձյան տակ: Բացառված չէ, որ նման վիճակ է նաև քաղաքի այլ համայնքներում:
Ձմեռը մեզ համար նորություն չէ, այն բնության քմահաճույքին թողնելը` նույնպես: Հայաստանում ձմեռվա հետքերն իրենք իրենց են մաքրվում: Բնությունը սկսում է, բնությունն էլ ավարտում, իսկ պատկան մարմինները միայն հայտարարություններով են բավարարվում:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ