Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կանցկացվի համահայկական օլիմպիադա

Կանցկացվի համահայկական օլիմպիադա
21.03.2014 | 12:23

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2014 թվականի հուլիսի 14-19-ը կազմակերպում է դպրոցականների համահայկական օլիմպիադա` ֆիզիկա, մաթեմատիկա և Հայաստանի աշխարհագրություն առարկաներից:
Օլիմպիադայի նպատակն է ազգային հենքի վրա համախմբել սփյուռքի հնարավորինս մեծ թվով հայ երիտասարդների ազգային կառույցների շուրջ, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդներին սփյուռքի համար իրականացվող ծրագրերում՝ աջակցելով Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, խրախուսելով բնագիտական առարկաների հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը, օժանդակելով առողջ մրցակցության պայմաններում երիտասարդների գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսևորմանը, նպաստելով առավել շնորհալի երիտասարդների հայտնաբերմանը սփյուռքում և Հայաստանում:
Օլիմպիադային կարող են մասնակցել 14-18 տարեկան պատանիներ և երիտասարդներ: Մրցույթներն անցկացվելու են երկու տարիքային խմբերի համար` 14-15 և 16-18 տարեկան: Մասնակիցները կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ պատանիներ:
Օլիմպիադան ընդգրկում է հարցեր ֆիզիկայից, մաթեմատիկայից և Հայաստանի աշխարհագրությունից: Մասնակիցները կարող են հայտագրվել և դրսևորել իրենց գիտելիքները կա՜մ վերը նշված որևէ առարկայի, կա՜մ բոլոր առարկաների շրջանակում:
Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն է: Անհրաժեշտության դեպքում առաջադրանքներն օլիմպիադայի կազմակերպիչների կողմից կարող են ներկայացվել ռուսերեն և անգլերեն։ Այլ լեզուների պարագայում առաջադրանքների թարգմանությունն իրականացվում է կրթօջախների/համայնքների կողմից:
Օլիմպիադան անցկացվելու է 2 փուլով՝ գրավոր և բանավոր։ Հաղթող են ճանաչվելու երկու փուլերում առավելագույն միավորները վաստակած մասնակիցները: Բնագիտական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի համապատասխանաբար` 3, 6 և 9 դիպլոմներ և մրցանակներ: Տրվելու են նաև շնորհակալագրեր և պատվոգրեր։
Հայաստանում գտնվելու ընթացքում պատվիրակների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:
Օլիմպիադային համահայկական բնույթ հաղորդելու համար հայցում և ակնկալում ենք հայկական համայնքների, ազգային-հասարակական հաստատությունների և կազմակերպությունների, Թեմական և կրթական խորհուրդների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը: Ուրախ կլինենք բոլոր հայկական կրթօջախների ակտիվ մասնակցության համար:
Հնարավորության դեպքում, ցանկալի է օլիմպիադայի մասնակիցների միացյալ պատվիրակություն /խումբ/ ձևավորել ըստ երկրի կամ բնակավայրի` առավել բանիմաց թեկնածուների ընտրության և ներկայացուցիչներ ուղարկելու խնդիրը համակարգելու համար: Պատվիրակությունը /խումբը/ պետք է ունենա ղեկավար և մասնակիցների թվակազմի համեմատ ուղեկցող/ներ/` մինչև 10 պատանու համար 1 ուղեկցող համամասնությամբ: Պատվիրակության /խմբի/ ղեկավարն իր նախընտրությամբ Երևանում կարող է համալրել համապատասխան մրցութային հանձնաժողովի կազմը:
Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների և ուղեկցողների կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Մասնակցության հայտերը պետք է լրացնեն պատվիրակությունների /խմբերի/ ղեկավարները և ՀՀ կրթության և գիտության նախարարություն փոխանցեն մինչև 2014 թվականի հունիսի 14-ը ներառյալ: Իսկ մինչև հուլիսի 4-ը հարկավոր է ուղարկել վերջնական հաստատում պատվիրակության կազմի և թվաքանակի վերաբերյալ` աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով:
Ղեկավար(ներ)ը իրականացնում է(են) սաների նախապատրաստումը օլիմպիադային և պատասխանատու է(են) այլ ընթացիկ մասնագիտական խնդիրների համար: Ղեկավարը պետք է տիրապետի հայերենին:

Դիտվել է՝ 1899

Մեկնաբանություններ