ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ցեղասպանությունը շարունակվում է

Ցեղասպանությունը շարունակվում է
25.04.2014 | 11:35

Ահա այսպիսին է այն խորագիրը, որը ապրիլի 12-ին Թեհրանի Զեյթուն քաղաքամասի Հայ մարզամշակութային «Նաիրի» միության հարկի տակ համախմբեց բազմահոծ թեհրանահայերի, ովքեր եկան փաստելու, որ իրանահայերը միշտ պատրաստ են նեցուկ կանգնելու և զորակցելու քեսաբահայերին, և նշենք, որ այս միջոցառումները, որոնք ի պաշտպանություն քեսաբահայության են իրականացվում, իրենց շարունակականության մեջ գալիս են ապացուցելու քեսաբահայությանը թիկունք կանգնելու հատուկ գաղափարը:
Միջոցառման բանախոս, «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը մինչ կանցներ դասախոսության հիմնական նյութին, ներկաներին փոխանցեց վերջին իրադարձությունները, որոնք տարածվել են լրատվամիջոցներում, ապա, անդրադառնալով Քեսաբում ծավալվող իրադարձություններին, դրանց զարգացումներին ու նպատակ հետապնդող թուրքական նկրտումներին, նշեց, որ. «Անցնող 20 օրերի ընթացքում հայաշխարհի պահանջատիրական պայքարի երկարատև ու ընդարձակ ճակատում նոր խրամատ հայտնվեց՝ Քեսաբ և քեսաբահայություն: Սրանից 7 տարի առաջ հայոց պահանջատիրական պայքարի առանցքային կռվան-խրամատներից էր ցասումի ու բողոքի հուժկու մի ձայն՝ «Բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսով, որին ահա միացել է «Բոլորս քեսաբահայության կողքին ենք» նշանաբանը, որը ևս արդարատենչ ու խլացնող կոչ է՝ ուղղված, այսպես ասած, քաղաքակիրթ աշխարհին»:
Նման զուգահեռականով բանախոսը մատնանշեց, որ. «Նույն այս աշխարհի թեև խուլ ականջները բացելու գործը այնպես էլ սահուն չի ընթացել միշտ, բայց փաստը մնում է փաստ, որ այդ նույն աշխարհը հաշվի է նստում արդարատենչությամբ ու հետևողականությամբ զինված պայքարողների ու պահանջատերերի հետ: Այդ առումով, բարեբախտաբար, հայությունը բազմիցս վաստակել է պատմությամբ վավերագրված հաղթանակներ, ինչպես և նորագույն ժամանակներով ապացուցված հաղթական մի կենսափորձ, միևնույն աշխարհին «Արցախյան արծվաբույն» խրամատ-կռվանը ի ցույց դնելով»:
Ապա անդրադառնալով Թուրքիայի այսօրվա քաղաքականությանը՝ նշեց, որ. «Այո, Թուրքիայի պետությունը այսօր իսկ իր թե ներքին և թե արտաքին ընդհանուր քաղաքականության շրջագծում մշտապես օրակարգի վրա պահել ու պահում է հայոց պահանջատիրությանը հարվածելն ու նսեմացնելը՝ հայաշխարհի որ անկյունից էլ որ այդ պահանջատիրական ձայնը հնչեցված լինի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի, Ջավախքի, սփյուռքի և թե նույնիսկ բուն Պոլիս-Ստամբուլից»:
Բանախոսը իր ելույթը եզրափակեց` շեշտադրելով կոչանման ուղերձ.
«Սիրելի թեհրանահայեր,
Հայոց ցեղասպանության ու հայոց պահանջատիրության 100-րդ տարելիցի կարևոր հանգրվանի շեմին ենք կանգնած: Հայոց թշնամիները և առաջին հերթին բուն ցեղասպան Թուրքիան բազմիցս ցավ են պատճառել մեզ ազգովի: Շատ մեծ գին ենք վճարել մեր արդարահատույց ու երկարատև պայքարի ընթացքում: Բայց եկեք խոստովանենք, որ այդ վճարված գինը և ցավը նաև ու մանավանդ կոփել ու ամրացրել են մեր երթը՝ հօգուտ ավելի միասնականանալու, հօգուտ մեր դարավոր պայքարի հաղթական ավարտի հավատո հանգանակի:
Վերջին ցավն ու գինը, ահավասիկ, հանդիսացել է Քեսաբն ու քեսաբահայության աննախանձելի իրավիճակը:
Նույն միասնական ոգին, նույն համազգային ու համահայկական կեցվածքն ու հարատև պահանջատիրությունը լինելու են հայ ժողովրդի զորեղ կռվաններն ու զենքերը՝ նախ Թուրքիայի ցեղասպան իշխանավորներին, ապա և՝ շահամոլ ու անտարբեր աշխարհին պարտադրելու, որ հաշվի նստեն հայության անբեկանելի իրավունքների ու չլուծված դատի հետ»:
ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը իր խոսքում մեջ բերեց Հաագայում (Լահէ) Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթից հատվածներ, որտեղ ՀՀ նախագահը Քեսաբում ծավալվող դեպքերը ազգային փոքրամասնություններին պաշտպանելու 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավերը համարելով՝ նշում է, որ դա սթափության ազդակ պետք է լինի բոլորի համար:
Վերջում իր հայրական խոսքն ուղղեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը՝ մատնանշելով, որ «գաղափարապաշտ մարդու և ժողովրդի համար տկարության պահերը կարճ հանգրվաններ են, և իր առաքելությանն ու կոչումին կառչած ժողովուրդը կկարողանա վերստին տիրանալ իր իրավունքին»:
Ծրագրին ներկա էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, ՀՀ դեսպանատան հյուպատոսական և դիվանագիտական աշխատակազմը, ՀՅԴ bյուրոյի անդամ, ճարտարագետ Վիգեն Բաղումյանը, Թեհրանի հայոց թեմի պատգամավորական և թեմական խորհրդի ներկայացուցիչներ, «Ալիք» հաստատության և օրաթերթի, ինչպես նաև ազգային մարմինների և միությունների ներկայացուցիչներ:


Արմինե ԷԼԻԱԶՅԱՆ
Իրանի «ԱԼԻՔ» օրաթերթի լրագրող
Թեհրան

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ