Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Միասնական քննությունները հատեցին եզրագիծը

Միասնական քննությունները հատեցին եզրագիծը
08.07.2014 | 14:49

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն, որտեղ տեղի են ունեցել միասնական քննությունների լրացուցիչ փուլի «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունները: Նախարարը շրջել է քննասենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին, զրուցել քննական թեստերի և քննությունների կազմակերպման ընթացքի մասին: Դիմորդները նշել են, որ քննություններն անցել են բնականոն, և քննասենյակում որևէ խնդիր չի եղել: Ա. Աշոտյանը զրուցել է նաև քննական կենտրոնի մոտ հավաքված դիմորդների ծնողների հետ, լսել նրանց առաջարկությունները՝ թեստերի, դպրոցական դասագրքերի և այլ խնդիրների վերաբերյալ:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել է, որ այսօր տեղի կունենա պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որտեղ կներկայացվեն ընդունելություն քննությունների նախնական արդյունքները, կքննարկվեն մի շարք հարցեր, մասնավորապես, ինչպես տնօրինել լրացուցիչ և պետպատվերի պահուստային տեղերը: «Այս հարցում մեր մոտեցումները հստակ են` աջակցել դրական ստացած բոլոր դիմորդներին` ընդունվել բուհեր, երկրորդ` շարունակել պետական աջակցություն ցուցաբերել այն բուհերին, որտեղ շուկայական հետաքրքրությունը փոքր է, բայց պետության համար այն գերակա ուղղություն է: Սա հիմնականում վերաբերում է արվեստի բուհերին: Եվ վերջապես, տեղերը բաշխել այնպես, որ բուհերն իրար չխանգարեն` ուսանողների հոսքի տեղաբաշխման և այլ հարցերով»,- նշել է Ա. Աշոտյանը: Անդրադառնալով բարձր մրցույթ արձանագրած մասնագիտություններին` նախարարը նշել է, որ նախնական տվյալներով` այս տարի ևս բարձր մրցութային շեմ է արձանագրվել ԵՊՀ իրավաբանական և միջազգային հարաբերություններ ֆակուլտետներում, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանում: «ՄԵնք արդեն ստացել ենք ԵՊԲՀ-ի ռեկտորի գրությունը` բուհին հատկացնել 300 հավելյալ տեղ: Այսօրվա նիստում, իհարկե, համապատասխան որոշում կընդունվի, գուցե ոչ այդ քանակով, բայց, կարծում եմ, որոշակի տեղեր կավելացվեն վերոնշյալ բուհին: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս արձանագրվել է դիմորդների մեծ հոսք. այս տարի ևս մենք ավելացրել ենք պետպատվերի տեղերը, բայց պահանջարկը գնալով մեծանում է: Սա այն ոլորտն է, որտեղ բեկումնային և հսկայական շարժ է նկատվել` պետականի և մասնավորի համագործակցության տեսակետից: Սա այն լավ օրինակն է, որ պետք է տարածել այլ ոլորտների վրա, որովհետև, ցավոք, ոչ բոլոր ոլորտներում է, որ իրականացվում է մարդկային կապիտալի արժևորում»,-նշել է Ա. Աշոտյանը: Նախարարը, ամփոփելով քննությունների արդյունքները, իր գոհունակությունն է հայտնել, որ այս տարի ևս քննություններն անցել են հանգիստ մթնոլորտում. հասարակությունն այլևս չի ապրում ընդունելության քննություններով, գործընթացն էլ ավելի է հեշտացել, առաջադրանքները դարձել են ավելի կանխատեսելի և որակյալ: Ըստ Ա. Աշոտյանի` ներբուհական քննությունները ևս անցել են հանգիստ մթնոլորտում: Նրա խոսքով` մի փոքր խնդիր է առաջացել Ճարտարապետաշինարարական համալսարանի մի խումբ դիմորդների հետ կապված. վերջիններս նախարարին էին ուղղել իրենց բողոքը` «Գծագրություն» առարկայի քննության հետ կապված: Նախարարության աշխատակիցները հանդիպել են դիմորդներին, լսել նրանց դժգոհությունները և խոստացել լուծումներ գտնել, որի արդյունքում դիմորդների կողմից նախօրեին գրություն է ստացվել` հետևյալ բովանդակությամբ. «Բոլոր դիմորդների անունից ցանկանում ենք հետ վերցնել սույն թվականի հունիսի 30-ին մուտքագրված դիմում-բողոքը, քանի որ համալսարանում տեղի է ունեցել հանդիպում մեր՝ դիմորդներիս և ընդունող հանձնաժողովի անդամների և մասնագետների միջև, որի ընթացքում ստացել ենք մեզ հուզող հարցերի սպառիչ պատասխանները»:

Դիտվել է՝ 1787

Մեկնաբանություններ