ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արարատ լեռան քուրմը կամ վիպասք Հովհաննես Շիրազի մասին

Արարատ լեռան քուրմը կամ վիպասք Հովհաննես Շիրազի մասին
09.10.2015 | 08:59

Բանաստեղծ-արձակագիր ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ «Շիրազ Նամե» չափածո վեպը, որ նվիրված է Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին և Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին (2014 թ.), ներկայացվել է ՀՀ Պետական մրցանակի (գրականություն) մրցույթին: Ընթերցողի դատին ենք հանձնում հայտնի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Շավիղ Գրիգորյանի հոդվածը, գրված «Շիրազ Նամե» պոեմի առթիվ, որն այդպես էլ մնացել է անտիպ 2009-ից ի վեր:

...Վազգեն Առաքելյան բանաստեղծը իմ հայրենակիցն է, իմ ծննդավայր գյուղի հարևան-դրկիցը: Ես Կոտայքի մարզի Ալափարս, ինքը` Ջրաբեր շենից է: Մեր գյուղերն իրարից բաժանվում են մի քանի սարերով ու ձորերով, արտ ու արոտներով, հանդամասերով: Արևելքում Հատիսն ու Գութանասարն են կանգնած, դիմացը` հորիզոնում` փառահեղ Արարատները, հարավ-արևմուտքում` Արան ու Արագածը: Նույն հողն ու ջուրը, նույն բնությունը, որի արդյունքն է այս գեղջուկ տարածքի ինքնուս-բնատուր բանաստեղծը, որին ժամանակին գնահատել են ակադեմիկոսներ Հրանտ Թամրազյանն ու Մորուս Հասրաթյանը, ինքը` անզուգական-քնարերգու Հովհաննես Շիրազը, Խաչիկ Դաշտենցը, Համո Սահյանն ու Սիլվա Կապուտիկյանը, Սուրեն Աղաբաբյանն ու Սերո Խանզադյանը, Մարո Մարգարյանն ու Ռաֆայել Արամյանը, Հովհաննես Մելքոնյանն ու Մուշեղ Գալշոյանը, Լյուդվիգ Դուրյանն ու... նորերից` Հովհաննես Գրիգորյանն ու Արմեն Մարտիրոսյանը և այլք: Եթե բոլորի անունները թվենք, էջեր կլցվեն: Բոլորն էլ գրավոր խոստովանել են Վազգենի ինքնատիպությունն ու տաղանդավորությունը, բանաստեղծական պատկերավոր մտածողությունը:
Ես նրա մասին գրել եմ տարիներ առաջ (առանց նրան ճանաչելու), զարմացած ու հիացած նրա պատկերավոր ու թարմ բանաստեղծություններով, ժողովրդական բառուբանով շաղախված: Առաքելյանը բնությունը լավ գիտի, մեծացել է նրա ծոցում, որպես որդեգիր, և իր ստեղծագործություններում երևում են այդ ամենի նրբակերտ արտահայտությունները, վրձնավոր պատկերումները, որոնք, ասես, շնչավորված են:
Անցել են երկար տարիներ: Բանաստեղծն ավելի է խորացել ու առնականացել իր ստեղծագործական աշխարհում: Արդեն ճանաչված բանաստեղծ է նա, հայ պոեզիայում իր համեստ տեղն ունեցող պոետ: Չեմ ուզում ծանրանալ նրա հրատարակած գրքերի վրա: Նույն անկեղծությունն ու ազնվությունը, «թումանյանական պարզությունը», շքեղ պատկերավորությունը (որն էլ քչերը ունեն), որով էլ նա առանձնանում է բոլորից: Նրա գրվածքները կյանքից են գալիս, իր ապրածից ու տեսածից և ամենակարևորը՝ վերացական չեն, կեղծ ու հնարովի: ՈՒնի նուրբ քնարականություն, պատկերավոր լեզու, բանաստեղծում է այնպես, ինչպես հովն է խոսում, ջուրը՝ քչքչում, ծառը՝ սոսափում, անտառը՝ հառաչում, հավքը՝ թռչում: Մի խոսքով, նա ինքնատիպ-բնական բանաստեղծ է, որի գրվածքներից ծաղկի՛, թիթեռի՛ ու մեղվի՛, աստղի՛ ու ցողի՛, կաթի՛... ու մոր փեշերի հոտ է գալիս, ինչպես կասեր Համո Սահյանը: Վազգենի բանաստեղծություններից մի փունջ մտել է դպրոցական դասագիրք, դարձել երեխաների սիրելին, իրենց հուզառատ անմիջականության շնորհիվ: Թարգմանվել է տարբեր լեզուներով և բազում երգ-տեքստերի հեղինակ է:
Ես կարող եմ երկար խոսել բանաստեղծ Վազգեն Առաքելյանի ստեղծագործական աշխարհի մասին, քանզի նրա հրատարակած չափածո և արձակ գրքերն այդ հնարավորությունն ընձեռում են ինձ: Նա ինքնատիպ պոետ է, հրաշալի լիրո-էպիկ, իսկ արձակը (գրական էսսեներ, նովելներ, պատմվածքներ, վիպակներ, վեպեր) տարողունակ է, հիշենք «Արարատ լեռան քուրմը» և «Գործող հրաբուխ» ստվարածավալ վեպերը, որոնց անսովոր-պայթուցիկ հայտնության մասին մամուլը բազմիցս խոսել է: Դրանք արվեստի եզակի «դասագրքեր» են, որ ամեն ոք կարող է անհագորեն ընթերցել, վայելել ու հիանալ, մոռանալով իր առօրյա հոգսերը, հոգեկան վշտերը, դառնալով բուժիչ-պատասխան, «արվեստի հաբ» շատերի համար:
Իսկ հիմա ուզում եմ խոսել Վազգեն Առաքելյանի «Շիրազ Նամե» չափածո վեպի մասին (վերջերս է լույս տեսել), որի խմբագիրն է Լևոն Անանյանը, մի հրաշալի հայ մարդ, որն էլ օգնել է, որ լույս աշխարհ գա այս հոյակապ-պատկերավոր պոեմը, որ չես ուզում (ինչպես մանկան անարատ բարուր) ձեռքիցդ վար դնել, որն էլ Շիրազի ողջ կյանքի պատումն է` օրորոցից մինչև անմահություն: Չափազանցություն չլինի, եթե ասեմ, որ այս մակարդակի ու թափի գրական գործ ես չեմ կարդացել վերջին ժամանակներում: Սա ուղղակի գրական ժայթքում է, երկար կուտակումների արդյունք կամ մի սափոր, որ լցված է հուրհրացող նեկտարով ու ամբրոսով, հայ արվեստի ուրարտական հնամյա կարասների գինեվետ ցնծումներով: Ընթերցողները կհաստատեն իմ այս կարծիքը, որն էլ բխում է ճշմարիտ իրականությունից, գրքի ենթատեքստից:
Ես, որ Հովհաննես Շիրազի և Պարույր Սևակի երկար տարիների ջերմ մտերմություններն եմ վայելել, ընկերություն եմ արել նրանց հետ, հոդվածներ, գրքեր եմ գրել նրանց մասին, հաճախ եմ Շիրազի հետ կիսվել` մեր կողքին ապրող ավագ ու նորեկ-երիտասարդ ստեղծագործող անհատների մասին, իր կարծիքը իմանալու... Նա կատակով, թե լուրջ, տալիս էր շատ ինքնատիպ պատասխաններ` իմ հարցումներին. «ինձնեն հետև», «կուգան իմ հետևեն», «էնքան աղեկ է, ինչըխ օր ես գրած էղնիմ» և այլ որակումներ: Գուցե ուրիշները այս պատասխանները վերագրեին «ինքնասիրահարվածության կամ մեծամտության», բայց ես, որ նրա անկեղծ ու ճշմարիտ բնավորությունը լավ գիտեի, նրա բնորոշումներին մոտենում էի ըմբռնումով: Լավին լավ էր ասում, վատին` վատ, և իրեն երբեք չէր կեղծում: Նա անարատ անձնավորություն էր:
Մի անգամ էլ (տարիներ առաջ էր), հիշում եմ, մի զրույցի ժամանակ այդ օրերի մի քանի երիտասարդ պոետների անուններ տվեցի, որոնց մեջ և Վազգեն Առաքելյանի անունը: Ինքը կարճ ու կտրուկ պատասխանեց` Վազգեն Առաքյալին (ինքն էր կնքել) անունը հան էդոնց միջեն, մյուսների անունները քից չոփլուկը... Ես ծիծաղեցի:
-Ծո՛, ինչո՞ւ կխնդաս,- ասաց նա,- էդ ձեր գեղի հոտաղ-բանաստեղծի մի պատկերավոր տողը չեմ փոխե էս գրամոլ-մոդեռնիստների հետ, որոնց չորուգոս բառակուտակում - գրածներից չամուռի հոտ կուգա: Դրսեկ են, չեն կրնա մարսել օտար գրական ազդեցությունները, թվում է` ձևը նոր է, բայց ասելիքը` փուչ-փոշի է, չկա հարմոնիա, երաժշտություն, լեզուներ գիտեն, կկարդան-կազդվին, բայց էդոնց փնտրտունքն էլ իր դրական կողմերը ունի, եթե տաղանդավոր է` իրեն կգտնի, իսկ եթե ո՞չ,- ո՛չ իստեղ ձագ կհանի, ո՛չ էլ էնտեղ... բանաստեղծությունը պըդի մայրական կաթի ուժն ունենա:


Ես լռեցի, չկարողացա առարկել կամ հավանություն տալ նրա խոսքին: Ինքը այդ ժամանակների (Պարույրի հետ, նրանից էլ առաջ) հայ պոեզիայի մարշալն էր (Անդրանիկ Զորավարը)` դա անհերքելի փաստ էր, ճանաչված` դրսում ու ներսում, մեծ ժողովրդականություն վայելող, վիթխարի անհատականություն, թարգմանված աշխարհի բազմաթիվ լեզուներով: Եվ նրա խոսքը արժեք ուներ, որովհետև երբեք չէր ստում, քծնում, երեսիդ ասում էր այն ամենը, ինչ մտածում էր քո և մյուսների մասին: Դրա համար էլ նա շատ «բարեկամ-թշնամիներ» ուներ, որոնք բոլորն էլ անխտիր սիրում էին իրեն, իսկ գրական ճաշակը` դասական, զտված ու կոփված էր, հայ ու համաշխարհային մեծերի ոգեսալերին: Նա օդից էլ անգամ զգում էր գրական գործի նորն ու թարմը, կատարյալն ու միջակը և իր անառարկելի կարծիքը ասում, որն էլ կայծակնային էր, իր մտքերին ու ճաշակին բնորոշ,- ոչ ոք նրա պես չէր զգում գրականությունը, արվեստն իր բազմակողմանիությամբ: Հաճախ էր ասում. «Վրայես Մասսա հոտը կուգա, Նոյ Նահապետի հազարամյա գաղտնիքի հոտը, իմ երգերը դարերի կյանքն ունին»։
Հիմա դառնանք «Շիրազ Նամե» պոեմին,- սա վիպերգությո՞ւն է, վիպա՞սք է, թե՞ էպոս, դժվարանում եմ մեկնաբանել, բոլոր գրական սեռերի տարրերը ունի իր «փոթորկումի» մեջ, բայց որ այն թարմ ու նոր գրական տեսակ է` դա փաստ է, որի ընթերցումը ինձ պարգևեց մի անասելի երջանկություն: Մեր գրականության մեջ այս տեսակ պոեմի չեմ հանդիպել, սա իր նախորդը չունի (բոլորն են այս մասին գրավոր խոստովանում)` ո՛չ նախամայրը և ո՛չ էլ նախահայրը: Դրսի աշխարհների գրականություններում կա՞ն գուցե: Միտքս ակամա թռավ դեպի «Շահ Նամեն», «Ֆաուստը», «Դոն Ժուանը», «Եվգենի Օնեգինը», «Մծիրին» և այլն, որոնց «բույրն ու բուրմունքը» նորովի առա` այս արվեստավոր գրքից:
«Շիրազ Նամե» պոեմում ես տեսա Շիրազին` օրորոցից մինչև անմահություն, Շիրազի ապրած ողջ կյանքը, հանճարեղի բանաստեղծական զգացողությունները, գրական թռիչքները, հախուռն-խելագար բնավորության մեկնումները, Սասնա ծուռ-պոռթկումները,- տեսա ազնվության և ճշմարտության մեծագույն ջատագովին, հայրենասիրության և հայոց լեզվի պահպանման ռահվիրային,- ընդհանրապես Շիրազ-մարդուն: Այդքան մոտ լինելով նրա հետ, շատ բաներ (գիրքը կարդալուց հետո հասկացա)` իր ստեղծագործական ողջ աշխարհը, իր բնավորության «լուսումութ» կողմերը, իր մտածողության և անսպասելի-անակնկալ ինտուիցիայի ճառագայթումները, նոր-նոր ըմբռնեցի: Իսկ եղեռնը` իր սահմռկելի ահավորությամբ, նարեկյան ժայթքումով «Հայոց Դանթեական» հանճարեղ պոեմը, «Անին», «Տիգրան Մեծի վիշտը», «Աստծո գլուխգործոցը», համաշխարհային երևույթ «Բիբլիականը», Հայ «Ռոմեո և Ջուլիետ- Սիամանթո և Խջեզարե» սիրավեպը և մյուսները` նրանց շուրջը մտորելը. ուղղակի ցնցեցին ինձ: Մեր կողքին ապրել է մի հանճարեղ անձ, որին մենք տեսնելով, ասես թե «չենք տեսել» հիմնովին: Ինչպես ժողովուրդն է ասում` լեռան բարձրությունը հեռվից է երևում: Նրան (հեռվից, թե մոտիկից) լավ է տեսել Վազգեն Առաքելյանը, իր սան-աշակերտը, իր հոգեորդին, որի օրորոցը ասես օրորել են Մանթաշի հովերն ու Ախուրյան գետի մրմունջները:
Վազգեն Առաքելյանը հիրավի լավ է ճանաչել Մեծ բանաստեղծին` իր ՈՒսուցչին, խորացել նրա ներաշխարհը` թե՛ անձնական, թե՛ հասարակական «հոգևոր» գործունեությունը «հոտոտել», հանգելով յուրօրինակ ընդհանրացումների, կերտելով հանճարեղի հրեղեն կերպարը: Պոեմն ընդգրկել է հայ ժողովրդի պատմական բոլոր փուլերը, անցքերն ու դիպվածները (հեթանոսություն, քրիստոնեություն, թագավորներ, զորավարներ, հայ վրիժառուներ, ֆիդայական-ազատագրական շարժումներ, մինչև արցախյան հաղթանակները և այլն) ու «Շիրազի շուրթերով» պատմել այդ ամենի մասին: Շիրազը շողշողում է պոեմի ամեն մի դրվագում: Ինչպիսի չքնաղ-շշմեցուցիչ բանաստեղծական գյուտեր ու հայտնագործություններ կան պատումում (բուռ-բուռ սփռված), որ կարդալուց հիանում ես, ապա Նարեկ-Շեքսպիրյան գրական ակնառու զարմանալի դասերը, Շիրազի անխամրելի-անմրցելի ֆենոմենալ հիշողությունը, պոեմների բերանացի արտասանությունները,- ո՞ր մեկը հիշես: Եթե հիմա Շիրազը կենդանի լիներ, էլի կասեր, որ Վազգեն Առաքելյանը կուգա ժողովրդական լիրիկայի ջինջ ու անարատ ակունքներից, «որ իրենից հետո» կարողացել է գրել այս անզուգական-ստվարածավալ պոեմը (և ի՜նչ փայլուն է գրել), որ գալիք սերունդներն այս պոեմից քաղեն իր հանճարեղ կերպարը, որ ներկայացված է «ինչըխ բնագիրը»: Երեսուն տարի իր ՈՒսուցչի բերանից օրագրել է նրա մտքերն ու խոհերը, երազներն ու իղձերը: Շիրազը կենդանի շնչում է այս գրքում,- վկայում են բոլոր գրախոսողները,- որոնք բարձր են գնահատում այս պոեմը, որակելով որպես թարմ երևույթ, մեր ժամանակների «գրական սխրանք», որով էլ պոեմի տիրաժը վաղուց է անցել տասը-քսան հազարից ու դեռ ավելին` պահանջարկը օր օրի ավելանում է:
Զարմանալին այն է, որ Առաքելյանը չի հետևել անհանգ-անռիթմ «ժամանակակից» բանաստեղծական չափուձևերին, որ օգտագործում են շատ պոետներ, որն էլ «հեշտագրության» սնամեջ-անհույզ ու դատարկ տարածքներ է փռում նրանց առաջ,- ասելիք չկա, զգացմունք չկա, կա լոկ բառերի ամայի-պարապ շարադրանք, միամիտների համար` իբրև հայտնություն ու նորարարություն, մայր գրականության ակունքներից կտրված, սարքովի ու կեղծ, մտածված ու անապրում...
Առաքելյանի «Շիրազ Նամեն» հյուսված է ավանդական չափուկշռույթով, որն էլ շատ պոետների համար դժվարագույն խնդիր է առաջադրում, այստեղ «սպիտակագիրները մերկանում» են: Ինչևէ, ուրախալի երևույթ է «Շիրազ Նամեի» ծագումը և գուցե որոշ չմահավան-«չհասկացողներ» այս պոեմը համարեն ինչ-որ տեղ «ուշացվածություն», բայց մենք նույն Շիրազի հանճարեղ երկտող «Բեյթով» կարող ենք նրանց պատասխանել՝ «Դեռ ինչ աշխարհ էլ, այս աշխարհը գա, Պառնասի համար հին ու նոր չկա»: Ավելացնենք ևս մեկ բան, ինչպես Գուրգեն Մահարին է խոսել Հովհ. Շիրազի մասին իր հայտնի հոդվածում, խոսքը ուղղելով անհայտ ընդդիմադիրին և վերջում ավելացրել, թե` Դու կարո՞ղ ես գրել. այս-այս, քնարական շքեղ բանաստեղծությունները, ա՛յս-ա՛յս հուժկու պոեմները (թվելով շիրազյան բոլոր պոռթկում-բռնկումները), ապա ինքն էլ վերջում պատասխանել է` ուրեմն դու իրավունք չունես խոսելու մի բանաստեղծի թերությունների մասին, որն էլ հեղինակն է այդ գործերի: Հասկացողը կհասկանա, թե առակս զինչ կը ցուցանե: «Շիրազ Նամե» պոեմի գեղարվեստական պատկերավորությունը սքանչելի է, վարպետ գրչի արդյունք, մեր լեզվի ինքնատիպ օգտագործում, բառապաշարի-բառաստեղծման անվերջ-անսպառ հարստություն, գեղագետ-կատարելության ձգտում, որն էլ հիրավի անժխտելի է: ՈՒստի և (խոսքս ավարտելուց առաջ) կուզեի, որ բոլորը կարդան այս պոեմը, որն էլ իր տեսակի մեջ (քնարա-էպիկական) իր գրական «սեռով» նորույթ է մեզանում, չմոռանալով նրա գրական պատկերավոր հագեցվածությունը, երգ-գլուխների լեցունությունը, սյուժեի կառուցիկությունը ու ավարտվածությունը, որով էլ Վազգեն Առաքելյան բանաստեղծը ստեղծել է մի մնայուն գրական ծավալուն գործ, որն էլ պատիվ կբերի թե՛ իրեն, թե՛ մեր գրականությանը: Հայ ժողովրդի մեկդարյա պատմություն, իր բոլոր անցուդարձերով, անցկացված Մեծ բանաստեղծի կենսապատումի միջով, վիպերգված բարձր արվեստով, որն էլ այժմ ձեռքից ձեռք է անցնում, ընթերցվելու համար` այս անգրքասեր ժամանակներում:

Շավիղ ԳՐԻԳՈՐՅԱՆ
2009 թ. ք. Երևան

Դիտվել է՝ 6126

Մեկնաբանություններ