Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Կրթության բարելավում» վարկային ծրագիր. աշխատաժողովն ամփոփել է արդյունքները

14.03.2016 | 14:03

Ծաղկաձորում ամփոփվել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կազմակերպված երկօրյա աշխատաժողովը, որի ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայման կարիքի գնահատման նպատակով իրականացված հետազոտության նախնական արդյունքները: ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում հետազոտական աշխատանքն իրականացնելու համար ընտրվել է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը՝ «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ:
Հետազոտություն իրականացնող մասնագիտական խմբի կողմից կատարվել է կրթական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի ուսումնասիրություն, փորձ է արվել վերհանել խնդիրներն ու բացերը, դրանք համադրվել են մի քանի երկրների փորձի հետ, ինչպես նաև ներկայացվել են վերանայման առաջարկություններ:
Ուսումնասիրության մեջ ներկայացվել են աշխարհում առկա կրթակարգերի հիմնական մոդելները: Մասնագիտական խումբն արձանագրել է նաև, որ գործող կրթական չափորոշիչները շատ մանկավարժներ չեն օգտագործում, իսկ որոշ մանկավարժներ նույնիսկ տեղեկացված չեն դրանց բովանդակության մասին: Իսկ Կրթակարգը, որը իրավական տեսանկյունից համարվում է գործող փաստաթուղթ՝ ՀՀ կառավարության արձանագրային որոշում, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո փաստացի չի կիրառվում: Փորձագետները դիտարկել են նաև 19 առարկայական չափորոշիչներ և ծրագրեր՝ հանրակրթության տարբեր աստիճաններում: Հետազոտվել է ավագ դպրոցում ընդհանուր, հումանիտար և բնագիտական դասարաններում դասաժամերի բաշխումը, որը ցույց է տվել, որ միջազգային միջին ցուցանիշներով բավական մեծ է ծանրաբեռնվածությունը, ինչը, սակայն, կրթության որակի տեսանկյունից արդյունավետ չէ:
Վերլուծության է ենթարկվել գնահատման գործող համակարգը, որպես խնդիր նշվել է, որ 1-ից 10 միավորանոց սանդղակում նվազագույն և առավելագույն նիշերը չեն կիրառվում:
Ներկայացվել են նաև առաջարկություններ, մասնավորապես տարրական և միջին դպրոցների տևողությունների փոփոխման, ծրագրերի վերանայման և բեռնաթափման, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշիչը կրթակարգով փոխարինելու, նոր կրթակարգ մշակելու վերաբերյալ:
Աշխատաժողովի արդյունքում որոշվել է, որ առկա հետազոտությունը վերջնական տեսքի կբերվի՝ հաշվի առնելով աշխատաժողովում կրթության փորձագետների կողմից հնչեցված կարծիքներն ու դիտողությունները:
Հանրակրթական պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքի գնահատման նպատակով իրականացված հետազոտության վերջնական և ամբողջական տարբերակը կհրապարակվի առաջիկայում:

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ