ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երբ ՈՒինստոն Չերչիլն ընդդիմություն էր

Երբ ՈՒինստոն Չերչիլն ընդդիմություն էր
15.05.2016 | 11:49

Բրիտանիայի վարչապետի ելույթը շատ ավելի բարդ էր, քան կարծում են նրանք, ովքեր օգտագործում են նրա արտահայտությունը, ինչպես Մանուել Վալսը:
«Ժողովրդավարությունը կառավարման վատագույն ձևն է, եթե չհաշվենք բոլոր մյուսները»: ՈՒինստոն Չերչիլի այս աֆորիզմը մինչև հիմա շրջանառվում է քաղաքականության մեջ: Մայիսի 11-ին Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Twitter-«Խաղաքարտե տնակը» սերիալի ակաունտի հետ նամակագրության մեջ Չերչիլին մեջբերեց.


@manuelvalls Ժողովրդավարությունը գերագնահատված է:
@HouseOfCards Հարգարժան Ֆրենկ, «Ժողովրդավարությունը կառավարման վատագույն ձևն է, եթե չհաշվենք բոլոր մյուսները»՝ մի մոռացեք:


Արտահայտությունը հրաշալի հայտնի է բոլորին, բայց ոչ բոլորը գիտեն ենթատեքստը: Հակառակ տարածված կարծիքին՝ Չերչիլն այդ արտահատությունն արտաբերել է ոչ իբրև Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած բրիտանական ժողովրդավարության ղեկավար, այլ՝ տանուլ տված առաջնորդ: Այդ բառերը հնչել են 1947-ի նոյեմբերի 11-ին Համայնքների պալատում, երբ Չերչիլը «ընդամենը» ընդդիմության ղեկավարն էր լեյբորիստ Կլեմենտ Էտլիից կրած անսպասելի, բայց ջախջախիչ պարտությունից հետո 1945-ի հուլիսյան ընտրություններում: Այդ պահին նա քննադատում էր վարկանիշը սրընթաց կորցնող կառավարությանը, որ ձգտում էր սահմանափակել խորհրդարանի իրավասությունները և մասնավորապես Լորդերի պալատի վետոյի իրավունքը.


«Ինչպե՞ս է բարեկիրթ ջենթլմենն ընկալում ժողովրդավարությունը: Թույլ տվեք ինձ, պարոն նախագահ, նրան դա բացատրել, թեկուզ ժողովրդավարության հիմնական պահերը: Ժողովրդավարությունն այն չէ, երբ մանդատ են ստանում որոշ խոստումների հիման վրա, իսկ հետո անում են` ինչ ցանկանում են: Մենք կարծում ենք, որ ղեկավարության և ժողովրդի միջև պետք է լինեն հաստատուն հարաբերություններ: «Կառավարությունը ժողովրդից, ժողովրդի ստեղծած ու ժողովրդի համար»՝ սա է ժողովրդավարության ինքնիշխան բնորոշումը: (…) Հազիվ թե ես պետք է նախարարին բացատրեմ, որ ժողովրդավարությունը չի նշանակում. «Մենք մեծամասնություն ենք ստացել, կարևոր չէ՝ ինչպես, և հինգ տարի ժամանակով: Ի՞նչ անենք մեր մեծամասնության հետ»: Դա ժողովրդավարություն չէ, այլ կուսակցական դատարկախոսություն, որը չի առնչվում մեր երկրի բնակչության հիմնական մասին:


Պիտի կառավարի ոչ թե խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը խորհրդարանի միջոցով:
Կառավարման շատ ձևեր են փորձարկվել և դեռ փորձարկվելու են մեղքերով ու տառապանքներով լի այս աշխարհում: Ոչ ոք չի պնդում, որ ժողովրդավարությունը կատարյալ է կամ համատարած առաջ է մղում: Իրականում կարելի է ասել, որ ժողովրդավարությունը կառավարման վատագույն ձևն է, եթե չհաշվենք բոլոր մյուսները, որ փորձարկվել են ժամանակի ընթացքով: Սակայն կարծիք կա, որ ժողովրդավարությունը լայնորեն տարածված է մեր երկրում, որ ժողովուրդը պետք է ինքնիշխան լինի, ընդ որում՝ ժառանգորդաբար, և որ սահմանադրական բոլոր միջոցներով արտահայտվող հասարակական կարծիքը պետք է ձևավորի, ուղղորդի ու վերահսկի նախարարների գործողությունները, որ ծառայողներ են, այլ ոչ թե տերեր:


Ապարատը վերահսկող մարդկանց խումբը և խորհրդարանական մեծամասնությունը, անկասկած, ունեն իրավասություններ առաջարկելու ինչ մտքներով անցնում է՝ առանց տեսնելու, թե ինչպես է ժողովուրդը դրան վերաբերվում կամ իր նախընտական ծրագրում հիշատակելու:
Պե՞տք է թույլ տալ հակառակ կողմին ընդունել օրենքներ, որոնք ազդում են երկրի էության վրա այս խորհրդարանի վերջին տարիներին՝ առանց դիմելու ժողովրդի ձայնի իրավունքին: Ոչ, պարոն, ժողովրդավարությունը ազդարարում է. «Ոչ, հազար անգամ ոչ: Դուք իրավունք չունեք ձեր մանդատի վերջին փուլում անցկացնել օրենքներ, որ ընդունելի ու ցանկալի չեն թվում ժողովրդական մեծամասնությանը»:


Հասկանալի է, որ Չերչիլի ելույթը, որով նա փորձում էր միաժամանակ պաշտպանել Լորդերի պալատի և բրիտանական ժողովրդի իրավունքները (նրա համար Չերչիլը պահանջում էր արտահերթ ընտրություններ), օպորտունիզմից զուրկ չէ: Իհարկե, դա չի նշանակում, որ նա մտածում էր Սահմանադրության 49-րդ հոդվածի կամ աշխատանքային օրենսդրության բարեփոխման մասին, որ հիմա փոթորիկ է հարուցել Ֆրանսիայում: Բոլոր դեպքերում, այս ամենը հիշեցնում է, որ «մեծ ասույթների» ենթատեքստը պատմության մեջ հաճախ շատ ավելի բարդ է, քան կարելի էր կարծել, քան կարելի է մտածել՝ լսելով գեղեցիկ ու հնչեղ արտահայտությունը:
Ժան ՄԱՐԻ ՊՈՏԻԵ, Slate.fr, Франция


Հ.Գ. Դատելով միայն այս կարճ մեջբերումից՝ եթե Չերչիլը լիներ ԱԺ պատգամավոր, նրա առաջարկած որևէ օրինագիծ երբեք չէր ընդունվի: Պարզապես Հայաստանի խորհրդարանին «հակացուցված» տեսակետներ են՝
***Ժողովրդավարությունն այն չէ, երբ մանդատ են ստանում որոշ խոստումների հիման վրա, իսկ հետո անում են ինչ ցանկանում են:
***Մենք կարծում ենք, որ ղեկավարության և ժողովրդի միջև պետք է լինեն հաստատուն հարաբերություններ:
***«Կառավարությունը ժողովրդից, ժողովրդի ստեղծած ու ժողովրդի համար»՝ սա է ժողովրդավարության ինքնիշխան բնորոշումը:
***Ժողովրդավարությունը չի նշանակում. «Մենք մեծամասնություն ենք ստացել, կարևոր չէ՝ ինչպես, և հինգ տարի ժամանակով»՝ դա ժողովրդավարություն չէ, այլ կուսակցական դատարկախոսություն, որը չի առնչվում մեր երկրի բնակչության հիմնական մասին:
***Պիտի կառավարի ոչ թե խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը խորհրդարանի միջոցով:
***Կառավարման շատ ձևեր են փորձարկվել և դեռ փորձարկվելու են մեղքերով ու տառապանքներով լի այս աշխարհում:
***Ոչ ոք չի պնդում, որ ժողովրդավարությունը կատարյալ է կամ համատարած առաջ է մղում: Իրականում կարելի է ասել, որ ժողովրդավարությունը կառավարման վատագույն ձևն է, եթե չհաշվենք բոլոր մյուսները, որ փորձարկվել են ժամանակի ընթացքով:
***Ժողովուրդը պետք է ինքնիշխան լինի, ընդ որում՝ ժառանգորդաբար, և որ սահմանադրական բոլոր միջոցներով արտահայտվող հասարակական կարծիքը պետք է ձևավորի, ուղղորդի ու վերահսկի նախարարների գործողությունները, որ ծառայողներ են, այլ ոչ թե տերեր:
***Ապարատը վերահսկող մարդկանց խումբը և խորհրդարանական մեծամասնությունը, անկասկած, ունեն իրավասություններ առաջարկելու ինչ մտքներով անցնում է՝ առանց տեսնելու, թե ինչպես է ժողովուրդը դրան վերաբերվում կամ իր նախընտական ծրագրում հիշատակելու:
***Պե՞տք է թույլ տալ հակառակ կողմին ընդունել օրենքներ, որոնք ազդում են երկրի էության վրա այս խորհրդարանի վերջին տարիներին՝ առանց դիմելու ժողովրդի ձայնի իրավունքին:
***Դուք իրավունք չունեք ձեր մանդատի վերջին փուլում անցկացնել օրենքներ, որ ընդունելի ու ցանկալի չեն թվում ժողովրդական մեծամասնությանը»:
Ասեք, որ ՈՒինստոն Չերչիլի ամբողջ ելույթը մի մեծ ու տարողունակ աֆորիզմ չէ: Կարո՞ղ եք: Իհարկե, եթե դուք արդեն իշխանություն եք և ձեզ ոչ թե ընտրում, այլ նշանակում են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ