ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

1905. Բաքու

1905. Բաքու
21.10.2016 | 10:34

(սկիզբը` այստեղ)

Մտաբերելով ծննդավայրը` մռայլվեց: Երկհարկանի մեծ ու շեն տան դռները փակ էին, ոչ ոք չէր մնացել, ծնողները մահացել էին, զավակները գաղթել Բաքու: Իրենից բացի, նույնիսկ ամառները, Ադամյանները չէին գալիս. ի՜նչ արած, կյանքի կերպը փոխվել էր: Այդպիսի տներ Շուշիում շատ կային: Իրենց տունը վաղուց նվիրաբերած կլիներ Շուշիին որպես դպրոց կամ մանկապարտեզ, բայց Ժամհարյաններն ու Ղուկասյանները դա արդեն արել էին: Միևնույն է, տան խնդրին պետք էր ինչ-որ լուծում գտնել…
«Վինչեսթրները» խնամքով փաթաթեց, դրեց արկղի մեջ ու ձեռքերը սրբեց: Ժիլետի գրպանից հանեց ոսկե շղթայով շվեյցարական ժամացույցը ու նայեց` տնեցիներն արդեն արթնացած կլինեին:


Բնակարանի դուռը բացելով` լսեց երեխաների ձայնը: Մարիամը մոտեցավ, ժպտաց և ասաց.
-Ալեքս, Արամայիսը զանգահարեց, խնդրեց պատարագից հետո Դավթին ու Մայիսիկին իրենց տուն ուղարկել:
-Լավ:
Քիչ անց եկավ աղախինը` Մատրյոշան: Կոստրոմացի էր, որի ամուսինն աշխատում էր իր գործարանում: Մաքրասեր, հոգատար ու նվիրված կին էր: Կիրակի էր, և շաբաթվա միակ օրը, երբ Մատրյոշան նախաճաշի պատրաստություն չէր տեսնում, նա գիտեր` այդ օրը Ալեքսանդր Իվանիչն ու ընտանիքի անդամները պատարագից առաջ ոչինչ չէին ուտում, որովհետև հաղորդություն պիտի ընդունեին:
Մարիամն ու Մատրյոշան երեխաների հագուստներն ուղղեցին, վերարկուները հագցրին, գլխարկները դրեցին:
-Բարով գնաք, ձերդ բարեծնություն,- ասաց Մատրյոշան ու հետևներից խաչակնքեց:
Դուրս եկան փողոց: Սալահատակը մաքուր էր, բայց մայթերին տեղ-տեղ կային կեղևակալած կեղտոտ ձյան կույտեր:


Հեռվից լսվեցին ռուսական Միքայել հրեշտակապետ եկեղեցու զանգերի ղողանջները: Հենց այդ եկեղեցու առկայությամբ էր նեղլիկ փողոցն անվանակոչվել Ցերկովնայա:
Հարևան` տիկին Լազարևայի շենքի մոտ կառք էր կանգնած: Շքամուտքից դուրս եկան Բաքվի քաղաքային կառավարչության անդամ Գրիգոր Սաղաթելի Ասլանյանը, նրա հմայիչ կինը և գեղեցկուհի դուստրը` իգական գիմնազիայի սանուհին:
Ալեքսանդրը ֆետրե լայնեզր գլխարկը թեթևակի բարձրացրեց` ողջունելով նրանց: Ասլանյանները պատասխանեցին ու կառք նստեցին, հավանաբար նրանք էլ էին եկեղեցի շտապում:
Ադամյանները ոտքով էին եկեղեցի գնում` Ցերկովնայայից մինչև Պարապետ: Դա յուրատեսակ ծես էր: Մարիամը թևանցուկ արեց ամուսնուն, հետևից Դավոն ու Մայիսիկը` Նիկոյի հսկողությամբ:
…Պատարագից ու հաղորդություն ստանալուց հետո, հայոց բազմամբոխը բռնեց Սբ. Գրիգոր Լուսավորչի առջևի հրապարակը: Սկսվեցին ավանդական հանդիպումներն ու զրույցները:
-Ալե՜քս…


Ադամյանը շրջվեց ու տեսավ թևերը լայն տարածած, գիրուկ ու ժպտերես Բալաբեկ Լալայանին: Նրա հետ էր մի ամբողջ «պատվիրակություն»` կինը` Աննան, երեք որդիները, որոնցից ավագը 13 տարեկան Ստեփանն էր, ինչպես նաև եղբայր Գրիգորը և անծանոթ մի կին ու պատանի: Այդ շամախեցու հորեղբայր Կարապետը` Մարդասիրականի հիմնադիրներից ևս մեկը, Բաքվի բազմաթիվ թանկարժեք տների սեփականատերն էր, բայց Բալաբեկին էր պատկանում Պասաժը` եկեղեցու հարևանությամբ գտնվող ամենանշանավոր և աշխույժ առևտրային կենտրոնը: Այստեղ վարձակալությամբ հանձնված խանութներում կարելի էր հայթայթել ամեն բան` մանուֆակտուրա, գաստրոնոմիա, գալանտերեա, ոգելից խմիչքներ, կահույք, սպասք, հեծանիվ, կարի մեքենաներ, կոշկեղեն, հագուստ, ծխախոտ, ոսկեղեն, թանկագին քարեր և այլն, և այլն: Մի խոսքով` լեզուդ ինչ պտտի:
-Ալեքս, եղբորս ճանաչում ես, թույլ տուր ծանոթացնեմ քենուս ու նրա որդուն` Մարգարտին և Արշակին, Շամախից են եկել:- Ապա թեքվեց և Ադամյանի ականջին փսփսաց,- երեք օրից ծննդյանս տարեդարձն է, քեզ ընտանյոք սիրով հրավիրում եմ:
Ապա ուղղվեց և ժպտալով շարունակեց.
-Մերժում չեմ ընդունում, սպասելու եմ, անպայման կգաք: Հա, ի դեպ, կանչել եմ նաև զուռնաչի Սահակին, արդեն քաղաքում է: Մի լավ քեֆ կանենք:
Սահակը Շամախի գավառի ամենամեծ հայաբնակ գյուղից էր` Մադրասայից, բայց գյուղում նրան գտնելը գրեթե անհնար էր: Բանն այն է, որ նա ամբողջ Անդրկովկասում հանրահայտ, բարձր վարձատրվող երաժիշտ էր և բոլոր ունևոր մարդկանց տոնախմբությունների պարտադիր մասնակիցը:
-Դե, եթե Սահակը եկել է, ուրեմն ես էլ կգամ,- կատակեց Ալեքսանդրը:
Շարունակեցին դեսից-դենից զրուցել, և հանկարծ լսվեցին… կրակոցներ: Փորձառու Ադամյանն անմիջապես կռահեց, որ դրանք ատրճանակի կրակոցներ էին: Ոչ ոք չհասկացավ, թե ինչ է տեղի ունենում: Մարդկային ամբոխը ծովալիք տվեց, անհանգստացավ, հուզվեց: Որոշ ժամանակ անց խոսակցություններ տարածվեցին, թե մի թուրք մոտեցել ու կրակ է բացել մարդկանց վրա, հայ երիտասարդներն էլ պատասխան կրակով նրան են սպանել:
Ադամյանը մռայլվեց` կանխազգացումը հերթական անգամ չէր դավաճանել: Զուր չէ, որ մեկ շաբաթ շարունակ անբացատրելի անորոշությունը մտատանջում էր:


Մարդիկ սկսեցին ցրվել:
Ադամյանը հապշտապ հրաժեշտ տվեց Բալաբեկին և ընտանիքը դուրս բերեց հրապարակից:
Ամեն կիրակի, պատարագից հետո, նա ընտանիքի չնախաճաշած, քաղցած անդամներին տանում էր առափնյակում` Միքայել Արամյանցի շենքում գտնվող ամենաառաջնակարգ ու թանկարժեք «Նորդ» ռեստորան, բայց այս անգամ որոշեց դա չանել:
Մտաբերելով եղբոր խնդրանքը` մի կառք կանգնեցրեց, Դավոյին ու Մայիսիկին նստեցրեց և հասցեն ասելով` կառապանին պատվիրեց երեխաներին տանել Արամայիսի տուն:
Մեկ ուրիշ կառքով էլ կնոջ ու որդու հետ վերադարձավ Ցերկովնայա:
Վատ կանխազգացում ուներ:


Երեկոյից սկսվեցին ահագնացող, մեկը մյուսից բոթաբեր հեռախոսազանգեր: Զանգեցին Հակոբ և Հովակիմ եղբայրները, որոնք նավթահանքերը վաճառել էին անգլիական Baku Russian Petroleum Company ընկերությանը և վայելում էին իրենց միլիոնները: Զանգահարեց Դավիթ եղբոր ավագ որդի Հովհաննեսը` «Ապշերոնյան էլեկտրական ընկերության» վարչության նախագահը և «Կովկասյան թղթի ֆաբրիկա» բաժնետիրական ընկերության վարչության անդամը: Անթաքույց վախվորածությամբ սարսափելի բաներ էին պատմում` իբր, թուրքերն իսկական կոտորած էին սկսել, գազանաբար սպանում էին պատահած ամեն հայի` լիներ կին, երեխա, թե տարեց մարդ, հարձակվում էին հայապատկան տների, խանութների վրա, թալանում և այրում: Ալեքսանդրին համառորեն հորդորում էին դռները փակել ու տնից դուրս չգալ:


Ադամյանը զանգեց Արամայիսին ու պատվիրեց առավոտյան Դավոյին ու Մայիսիկին դպրոց չուղարկել: Թերևս նախազգուշացնելու կարիք չկար. եղբայրն արդեն տեղյակ էր:
-Ալեքս, այդ ամենը լո՞ւրջ է, վտանգավո՞ր է,- հարցրեց Մարիամը` գրկելով Նիկոյին:
-Չգիտեմ, բայց պետք է պատրաստ լինել, ամեն բան հնարավոր է:
Գիշերվա մոտ խուլ աղմուկ լսվեց: Ալեքսանդրը դուրս եկավ: Տան բնակիչները սանդղահարթակներին և աստիճաններին կանգնած մտքեր էին փոխանակում քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, նրանց էլ էին զանգահարել և ինչ-ինչ լուրեր փոխանցել: Ներկա էին նաև վրացի Միքելաձեն ու դեղատան սեփականատեր հրեա Վայնշտեյնը:


Ադամյանը խոսեց.
-Լսեք, արդեն գիտեք, թե քաղաքում ինչ է տեղի ունենում և թե որքան ժամանակ դա կտևի` հայտնի չէ: Բացառված չէ, որ հարձակում լինի նաև մեր տան վրա: Այդ դեպքում ես զենքը ձեռքիս կպաշտպանվեմ: Դա իմ հաստատ որոշումն է: ՈՒստի առաջարկում եմ հետևյալը` նրանք, ովքեր ցանկանում են, կարող են առավոտ կանուխ հեռանալ, և սա վերաբերում է հատկապես այլազգիներին, որովհետև թուրքերը կոտորում են միայն հայերին: Նկատի ունեցեք` առավոտյան 8-ից տան դարպասը կփակեմ և այլևս թույլ չեմ տա բացել: Որոշելիքը ձերն է:
Բնակիչները միմյանց երես նայեցին, ինչ-որ բաներ փսփսացին և անցան իրենց բնակարանները:
Կնոջ ու որդու հետ մտազբաղ նստած էր, երբ լսվեց Մատրյոշայի ձայնը.
-Ալեքսանդր Իվանիչ, ես գնամ, արդեն ուշ է: Վաղն առավոտ կգամ:
-Գնա, Մատրյոշա, առավոտյան կարող ես չգալ:
ՈՒշ գիշեր էր, երբ առանց շորերը հանելու պառկեց հյուրասենյակի բազմոցին, բայց աչք փակել չկարողացավ:

ԱԴԱՄՅԱՆ. ՕՐ 1-ԻՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
«Այդ սոսկալի կոտորածից դեռ մեկ ամիս առաջ մահմեդական ազգաբնակչության մեջ համառ լուրեր էին շրջում, թե հայերը պատրաստվում են կոտորել թուրքերին և այդ նպատակով, իբր, զենքեր ու փամփուշտներ են գնում:
Ծանոթ թուրքերն ինձ առաջարկեցին փոխել եվրոպական գլխարկը և դնել թուրքական գդակ, որովհետև, ասացին նրանք, ձեզ կարող են հայ համարել ու սպանել: Մինչև առավոտ (փետրվարի 7-ի- Խ.Դ.) քաղաքում տեղի էին ունենում հատուկենտ կրակոցներ: Երկրորդ քաղաքամասում, ուր ապրում եմ ես, մահմեդականներն ամբողջ գիշեր պատրաստվում էին կռվի:
Վաղ առավոտից (ժ. 7-ից) արդեն սկսվեց սաստիկ հրաձգություն և հայերի տների ու խանութների ավերում: Փողոցներում ամենուրեք երևում էին համշարիներ (պարսկահպատակ), որոնք բեռնավորված էին հայերից թալանած մանուֆակտուրային ապրանքներով: Հրաձգությունը ժամ առ ժամ սաստկանում էր, սպանվածներն արնահոս վիճակում ընկնում էին, և ոչ ոք նրանց չէր վերցնում-տանում:

Թուրք ջարդարարի վկայությունից,
«Бакинские известия», 1905 թ.

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

(շարունակելի)

Դիտվել է՝ 3443

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ