ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դավիթ Հարությունյան. ԱԺ ընտրությունների ողջ գործընթացը պետք է կազմակերպվի ապրիլի 1-11-ը

Դավիթ Հարությունյան. ԱԺ ընտրությունների ողջ գործընթացը պետք է կազմակերպվի ապրիլի 1-11-ը
29.01.2017 | 14:28

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է ընտրությունների օրվա հետ կապված ՀՀ ուղղված ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի բաց նամակին. «ՀՀ նախագահը, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածը, 2016 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով ՀՀ ԱԺ հերթական ընտրությունը նշանակել է 2017 թ. ապրիլի 2-ին: ՀՀ Սահմանադրության (2015-ի փոփոխություններով) 5-րդ հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը (այդ թվում՝ ՀՀ նախագահի հրամանագրերը) պետք է համապատասխանեն ՀՀ օրենքներին և սահմանադրական օրենքներին:

ՀՀ Սահմանադրության (2015-ի փոփոխություններով) 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ ԱԺ հերթական ընտրությունն անցկացվում է ԱԺ լիազորությունների ավարտից (այսինքն՝ 2017-ի մայիսի 31-ից) ոչ շուտ, քան 60 օր, և ոչ ուշ, քան 50 օր առաջ (ապրիլի 1-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում): Այս իրավանորմերի համադրությունից հետևում է, որ ՀՀ նախագահի հրամանագիրն ընդունվել և հրապարակվել է սահմանադրական օրենքին՝ ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան:


Անդրադառնամ նաև մյուս հարցին՝ արդյո՞ք ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը: Կա մոտեցում, ըստ որի 2017-ի ՀՀ ԱԺ ընտրությունները պետք է անցկացվեն ոչ թե 2017-ի ապրիլի 2-ին, այլ ապրիլի վերջին տասնօրյակում, քանի որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթների համաձայն՝ պետք է առաջնորդվել, ոչ թե նոր Սահմանադրության 91-րդ հոդվածով, այլ 2005-ի ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգավորումներով: Այս մոտեցումը փորձ է արվում հիմնավորել այն հանգամանքով, որ ՀՀ ԱԺ հերթական ընտրության անցկացման ժամանակահատվածը կանխորոշող՝ ՀՀ Սահմանադրության (2015-ի փոփոխություններով) 91-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրության 209-րդ հոդվածի 3-րդ մասում առկա կարգավորման համաձայն դեռ ուժի մեջ չի մտել, հետևաբար, չի կարող կիրառվել: Թվացյալ խնդիրն իրականում առաջացել է ներսահմանադրական անհամապատասխանության պատճառով. հենց ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 209-րդ հոդվածի 3-րդ մասում 91-րդ հոդվածի ներառումն է պատճառ դարձել այդ ներսահմանադրական անհամապատասխանության:


Այդ կապակցությամբ, կարծում եմ, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շարք կարևոր հանգամանքների վրա.
Ի տարբերություն 1995 և 2005 թվականների խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունների, 2015-ի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունը 89-րդ հոդվածով սահմանել է ՀՀ ԱԺ ընտրական համակարգը, որն էականորեն տարբերվում է նախկինում կիրառված համակարգերից: ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի հիման վրա ՀՀ ԱԺ նոր ընտրակարգն առաջին հերթին պետք է ապահովի՝
ա. միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների լիարժեք կազմակերպումը,
բ. ընտրության և քվեարկությունների գործընթացի լիարժեք վերահսկելիությունը, ինչը ենթադրում է նաև տեղամասային քվեարկության արդյունքների չեղյալ համարելու և վերաքվեարկություն կազմակերպելու հնարավորություն, որից հետո միայն կարող են ամփոփվել ընտրությունների արդյունքները,
գ. ընտրության արդյունքներում խորհրդարանական կայուն մեծամասնության չձևավորման պարագայում քաղաքական կոալիցիայի ձևավորման հնարավորություն,
դ. կայուն խորհրդարանական մեծամասնության և կոալիցիայի չձևավորման պարագայում ՀՀ ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի կազմակերպում:
Այս բոլորը ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հաջորդայնությամբ կարող են իրականացվել, և ընտրական գործընթացի բնականոն ընթացքը կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ ընտրություններն անցկացվեն ՀՀ ԱԺ լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60 օր և ոչ ուշ, քան 50 օր առաջ:


Այսպիսով, հաշվի առնելով նոր ընտրական համակարգին բնորոշ մի շարք հնարավոր գործընթացներ (օրինակ՝ կոալիցիաների ձևավորման ժամկետները, ընտրությունների երկրորդ փուլի իրականացման հնարավորությունը, ընտրությունների արդյունքների բողոքարկման արդյունքում վերաքվեարկությունը և այլն) ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածով նախատեսվել է հենց 60 օր և 50 օր ժամանակացույցը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի ապահովել օրենսդիր իշխանության հաջորդայնությունը և չառաջացնել իշխանության վակուում:


Իրավական բովանդակության տեսանկյունից պարզ է դառնում, որ ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը լիարժեք համապատասխանում է հենց այս պայմաններին և դրանով նախատեսված կառուցակարգերը (այդ թվում՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված ժամանակացույցը) ուղղակի բխում են ՀՀ Սահմանադրության համակարգային մեկնաբանությունից:


Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության բովանդակային անհամապատասխանությանը, մեր կարծիքով, այն հաղթահարվում է ՀՀ Սահմանադրության ինքնաբավության և սահմանադրական տեքստի ներքին միասնության երաշխավորման սկզբունքի կիրառմամբ, երբ անհամապատասխանության դեպքում գերապատվությունը տրվում է ոչ թե զուտ ընթացակարգային- կազմակերպական սահմանադրական կարգավորումներին, այլ ժողովրդավարական պետության հիմք հանդիսացող կարևորագույն նշանակություն ունեցող սահմանադրական նորմերին և սկզբունքներին:
Փաստորեն, տվյալ պարագայում միայն դոգմատիկ պոզիտիվիստական մոտեցումից խուսափելով՝ հնարավոր կլինի արդյունավետ իրացնել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված առանցքային նյութական դրույթները. դրանք են՝ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով նախատեսված ՀՀ քաղաքացիների ակտիվ և պասիվ ընտրական իրավունքը, 75-րդ հոդվածով նախատեսված իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր օրենսդրությամբ սահմանելու պարտավորությունը և 89-րդ հոդվածով նախատեսված նոր ընտրական համակարգի արդյունավետ իրացման պարտավորությունը:


Հետևաբար, ՀՀ Ազգային ժողովը, գործնականում 3/4-ից ավելի ձայների մեծամասնությամբ ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրքը, դրանում իրացնելով ընտրական նոր համակարգի սահմանադրական պահանջները, հնարավորություն է տվել ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ ՀՀ ԱԺ ընտրական համակարգի իրականացումը, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի իրավական բովանդակությունից բխող դրույթների պատշաճ իրականացումը և խուսափել ընդհուպ հնարավոր սահմանադրական ճգնաժամից»:

Դիտվել է՝ 2125

Մեկնաբանություններ