Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արհմիությունները կրթական համակարգում

Արհմիությունները կրթական համակարգում
16.05.2017 | 07:58

ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ


ՈՒսուցչի աշխատանքը մշտապես համարվել է դժվար և պատասխանատու, քանի որ նրա առջև դրվել է սերունդ կրթելու և դաստիարակելու, պետության մշակած ծրագիրն աշակերտին փոխանցելու դժվարին պարտականությունը, որը ենթադրում է ինքնակրթության և վերապատրաստումների մշտական գործընթաց: Այսօր ժամանակներն այլ են, փոխվել են դասագրքերը, ծրագրերը, աշակերտի և ծնողի պահանջներն ու մոտեցումները դպրոցի, դասավանդման գործընթացի և ուսուցչի նկատմամբ: ՈՒսուցիչների հետ մասնավոր զրույցներում հաճախ կարելի է լսել նրանցից պահանջվող ինքնավերահսկողության և համբերատարության պարտադիր ցուցաբերման, երբեմն էլ ծնողների և դպրոցի տնօրենության կողմից գործադրվող ճնշումների, աշակերտների ոչ պատշաճ վարքի հանդեպ հանդուրժողականության հարկադիր դրսևորման, աշխատանքային իրավունքի խախտման, ցածր աշխատավարձի ու բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ բողոքներ: Դպրոցում կամ մեկ այլ աշխատավայրում աշխատողի աշխատանքային իրավունքի ոտնահարումը հանգեցնում է աշխատանքի արտադրողականության անկման, հարաբերությունների վատթարացման, ընդհուպ աշխատանքից ազատվելու հարկադիր որոշման: Թեև աշխատողների աշխատանքային իրավունքները, նրանց և գործատուների հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, Աշխատանքային օրենսդրությամբ և ՀՀ այլ օրենքներով, սակայն իրականության մեջ և շատ հաճախ աշխատողի իրավունքն ավարտվում է այն կետում, որտեղից սկսվում է աշխատանքը կորցնելու մտավախությունը: «Եթե քեզ պայմանները չեն բավարարում, կարող ես հեռանալ, խնդրողներ շատ կան» բառակույտով թրծված դամոկլյան սուրը շատ աշխատողների (այս դեպքում ուսուցիչների) ստիպում է համակերպվել իրենց պարտադրված կանոններին ու աշխատանքային պայմաններին:

ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ՈՒՍՈՒՑՉԻ ԵՎ ԳԻՏԱՇԽԱՏՈՂԻ ԿՈՂՔԻՆ


«Իրատեսի» հետ զրույցում ուսուցիչների աշխատանքային և դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը, դրանց ներկայացումն ու պաշտպանությունն իրականացնող Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության (ՃՀՄ) նախագահ ԳՐԻԳՈՐ ՂԱՐԻԲՅԱՆԸ նշեց, որ ուսուցիչների և գիտության բնագավառի աշխատողների իրավունքների և սոցիալական շահերի պաշտպանության հարցերով կառավարությանը արհմիությունների ներկայացրած մի շարք հարցեր լուծում են ստացել:
-Կառավարությունը որոշման նախագիծ էր մշակել, ըստ որի նախադպրոցական հիմնարկների դաստիարակները չէին օգտվում ամենամյա երկարացված արձակուրդից: ՃՀՄ-ն դիմեց կառավարությանը, նշելով, որ նախադպրոցական հիմնարկների դաստիարակները նույնպես համարվում են մանկավարժական աշխատողներ և պետք է օգտվեն երկարացված արձակուրդից: Խնդիրը դրական լուծում ստացավ: Պակաս կարևոր չէր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին մեր ՃՀՄ-ի ներկայացրած երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող ուսուցիչների՝ սոցապբաժիններին դիմելու և գրանցվելու սահմանափակումների պատճառով հարյուրավոր ուսուցիչների ցուցակներից դուրս մնալու հարցը, որը նույնպես դրական լուծում ստացավ: 2016 թ. օգոստոսին ՃՀՄ-ն նամակով դիմեց ՀՀ վարչապետին, որով հայտնեց 2017-2019 թ. թ. սոցիալական փաթեթի գործարկումը կասեցնելու ՀՀ կառավարության մտադրության վերաբերյալ կրթության և գիտության բնագավառում աշխատող արհմիության անդամների շրջանում ստեղծված անհանգստության մասին: Նրանց զրկել սոցիալական փաթեթով տրվող գումարներից նշանակում է զրկել ոչ միայն հանգստի, այլև ընտանիքի անդամի ուսման վարձի և հիպոթեքային վարկի տոկոսագումարների վճարումները դրա հաշվին կատարելու հնարավորությունից։ Կառավարությունը մեր բարձրացրած հարցին նույնպես դրական լուծում տվեց,- ասաց Գ. Ղարիբյանը:


Զրույցի ընթացքում պարոն Ղարիբյանը նշեց, որ Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի կազմում ընդգրկված են 44 տարածքային, 4 քաղաքային միություններ, 1520 արհեստակցական կազմակերպություն՝ 67560 արհմիության անդամներով, որից պետական դպրոցներում աշխատողների թիվը 57588 է, իսկ նախադպրոցական հիմնարկների աշխատողների թիվը՝ 4670: ՃՀՄ-ի կազմում են նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 27 ինստիտուտների շուրջ 4242 և քոլեջների 1060 աշխատողներ: Տարածքային և քաղաքային արհմիութենական կազմակերպությունները մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ կնքել են կոլեկտիվ պայմանագրեր:


Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի ներկայությունն ապահովված է նաև համաշխարհային արհմիութենական ընտանիքում: ՃՀՄ-ն անդամակցում է 30 միլիոն անդամ ունեցող ՈՒսուցիչների համաշխարհային արհմիութենական կազմակերպությանը, համագործակցում է կրթության և գիտության աշխատողների արհմիության միջազգային կազմակերպության հետ: Վերջերս ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և արհմիությունները կրթական ոլորտում» թեմայով սեմինար, որն անցկացնում էր ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդ, մարդու իրավունքների ակտիվիստ, Նիդերլանդների խորհրդարանի նախկին անդամ, քաղաքագիտության դոկտոր Հարի վան Բոմելը:

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՔԻԼԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐԸ


Երբ տարեց մի ուսուցչի հետ զրուցում էի դպրոցի և ուսուցչի խնդիրներից, ասաց. «Այսօր կյանքը դժվարացել է, կրթությունն ու դաստիարակությունը դպրոցում արժեզրկվել են, երեկվա իմ միջակ սովորող աշակերտն այսօր դարձել է պատգամավոր, նրա աշխատավարձը 470 հազար դրամ է, իմը՝ 90-100 հազար, բարձրանալու միտում էլ չկա, պատճառաբանում են, թե աշակերտների թիվը նվազում է, իսկ պետության հնարավորությունն այդքան է: Սակայն չեն պատասխանում այն հարցին, թե իրականում աշակերտների թիվն ինչու է նվազում»: Այս ուսուցչի հետ թերևս շատերը կհամաձայնեն, քանի որ աշակերտների թվի խտությունը, ծրագրերի և դասագրքերի անկատարությունը, մանկավարժական նոր մեթոդների կիրառումը, տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը դպրոց, 21-րդ դարի աշակերտ-ուսուցիչ, ծնող-ուսուցիչ, տնօրեն-ուսուցիչ հարաբերությունների ձևավորումը, ուսուցչից պահանջվող աշխատանքի և պատասխանատվության ավելացումը նոր մարտահրավերներ են ուսուցչի համար: Նրա կատարած աշխատանքի և վարձատրության անհամատեղելիությունը մշտապես դժգոհության առիթ է դառնում: Դպրոցների խնդիրները սկսեցին է՛լ ավելի խորանալ, երբ դրանց ֆինանսավորումը որոշվեց աշակերտների թվով:
2016 թ. հուլիսի 1-ի տվյալներով` կրթության բնագավառի աշխատողների միջին աշխատավարձը 122418 դրամ է, իսկ հանրապետության միջին աշխատավարձը՝ 183582 դրամ: Արհմիությունը դիմել է ՀՀ կառավարությանն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կրթական ոլորտի աշխատողների աշխատավարձը հանրապետությունում սահմանված միջին աշխատավարձի մակարդակին բարձրացնելու խնդրանքով, սակայն այդ հարցում դեռևս դրական տեղաշարժ չկա:


Հանրապետությունում միջնակարգ կրթության ծրագրով դասավանդող ուսուցչի աշխատավարձի չափը պայմանավորված է դպրոցի աշակերտների թվով, միջին խտությամբ, հարաբերակցությամբ: Կա ֆինանսավորման հաստատված բանաձև` ըստ աշակերտների թվի: Մանկավարժական աշխատողի՝ դասարանի միջին խտությամբ աշակերտ-ուսուցիչ դրույքաչափ հարաբերակցությամբ հաշվարկած դրույքաչափը ՀՀ-ում կազմում է միջինը շուրջ 95000 դրամ, ինչն այսօրվա պայմաններում վերք չի բուժում: ՈՒստի զարմանալի չէ, որ «ոչ միայն հացիվ»-ը ոչ մի կերպ չի տեղավորվում գնաճից, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից դժգոհ, իշխանությունների կողմից լուսավոր ապագայի տեսլականով սնվող հասարակության տրամաբանության շրջանակներում, հատկապես հեռավոր գյուղերում, որտեղ առանց այն էլ մանկավարժների պակաս կա, որտեղ որպես կանոն մեկ ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա, մինչդեռ քաղաքային համայնքներում պատկերը ճիշտ հակառակն է՝ մեկ դրույքը բաժանվում է մի քանի ուսուցիչների միջև: Արդյունքում ուսուցիչը վարձատրվում է ցածր և չի ունենում սոցիալական խթան` ավելի արդյունավետ աշխատելու:


Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Շենգավիթ տարածքային միության նախագահ ՍԻՐԱՆՈՒՇ ԽԼՂԱԹՅԱՆԻ համոզմամբ` կրթության բնագավառի կարևորագույն խնդիրներից մեկը աշխատավարձն է: Ըստ նրա` կան ուսուցիչներ, որոնք աշխատում են 8, 10, 12 ժամ, մինչդեռ դրույքը պետք է կազմի 22 ժամ, որպեսզի ստանա 120 հազար դրամ, սակայն դրա մեջ ներառված են գրավոր աշխատանքների ստուգումը, դասղեկությունը, մեթոդմիավորման վարձատրությունը: Քիչ ուսուցիչներ կան, ովքեր ապահովված են 22 ժամով, կան ուսուցիչներ, ովքեր դասավանդում են 6 ժամ, նրանց ստացած չնչին գումարը բավարարում է միայն հացի համար: Նման դեպքում արհմիութենական կազմակերպությունն իր սեղմ միջոցներից իր աջակցությանը դիմող ուսուցիչներին ցուցաբերում է ֆինանսական մեկանգամյա օժանդակություն:
-Մեր ուսուցիչներն ի պատիվ իրենց շատ լավ են աշխատում, դեռ 1990-ականներին նրանք ապացուցեցին, որ կարող են աշխատել անգամ ամենածանր պայմաններում: Սակայն այսօր ուսուցչի հեղինակության խնդիր կա. եթե դպրոցը ֆինանսավորվում է աշակերտների թվով, ապա ամեն ինչ արվում է, որ աշակերտը չհեռանա դպրոցից, մեխանիկորեն նրան տրվում է արտոնյալ վիճակ: Այս դեպքում ուսուցչի լծակները աշակերտի վարքագծի կառավարման հարցում թուլանում են: Եթե ուսուցիչն ունենար արժանապատիվ վարձատրություն, թերևս նա հանդուրժեր կրթական նոր համակարգի պահանջները, թեև դարձյալ հանդուրժում են, ես երբևէ չեմ լսել, որ ուսուցիչն աշխատանքից ազատվի ցածր աշխատավարձի պատճառով,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Խլղաթյանը:


Աշխատավարձի բարձրացման պահանջով 2014-ին հանրապետության նախագահին, վարչապետին և Ազգային ժողովի նախագահին ուղղված նամակներում ՀՀ ԳԱԱ Միացյալ արհմիության կոմիտեն իր բողոքն է արտահայտել կառավարության ընդունած՝ պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման որոշման դեմ, քանի որ անտեսվել էր գիտության բնագավառը: Այդ փաստը արհմիությունը որակեց գիտության նկատմամբ իշխանությունների արհամարհական վերաբերմունքի արտահայտություն, երկրի համար գիտության ռազմավարական նշանակության անտեսում, դեպի գիտություն երիտասարդ մասնագետների հոսքի կասեցում, արտագաղթի և ուղեղների արտահոսքի ուժեղացում: Նամակները, ցավոք, արժանացան իշխանությունների համակ լռությանը:

«ՓՈՐՁԱՆՔԸ» ՄԻԱՅՆԱԿ ՉԻ ԳԱԼԻՍ


Հանրապետությունում հետզհետե աճող արտագաղթը (որի արդյունքում նվազում է նաև աշակերտների քանակը) և կրթական «բարեփոխումները» հանգեցրին ուսուցիչների անխուսափելի կրճատումների: Գրիգոր Ղարիբյանի փոխանցմամբ` վերջին հինգ տարում կրճատվել է 2816 ուսուցիչ: «Թեև կառավարության նորմատիվային ակտերով աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությամբ պայմանավորված` ուսուցչին մեկ դրույքով ապահովելու դեպքում պետք է ունենանք 26000 ուսուցիչ, բայց իրականում նրանց թիվն այսօր 37174 է: Կարծում եմ` կադրերի պահանջարկի պլանավորման դեպքում նման իրավիճակ չէր լինի»,- ասում է Գ. Ղարիբյանը:
Որոշ ուսուցիչների համոզմամբ օպտիմալացումն իրականացվել է առանց հստակ չափանիշների: Տնօրեններից շատերն առիթն օգտագործելով ազատվել են անցանկալի ուսուցիչներից, չմտածելով բարեփոխումների երկրորդ փուլի՝ կրթության որակի բարձրացման մասին:


Պարոն Ղարիբյանի և տիկին Խլղաթյանի փոխանցմամբ` եղել են անօրինական կրճատման կամ տնօրեն-ուսուցիչ լարված հարաբերությունների արդյունքում ազատված ուսուցիչների՝ դատարանով վերականգնման դեպքեր:
Գ. Ղարիբյանի փոխանցմամբ` արհմիությունը որոշ չափով կարողանում է պատշաճ կազմակերպել կրթության և գիտության բնագավառի աշխատողների հանգիստը: Ծաղկաձորում մանկավարժների համար գործում է հանգստյան տուն՝ «ՈՒսուցչի տունը»: 24-տեղանոց հանգստյան տանը յուրաքանչյուր տարի 200-ից ավելի ուսուցիչներ հանգստանում են 10-օրյա ուղեգրերով: Ֆինանսական սուղ միջոցները թույլ չեն տալիս արհմիություններին սոցիալական մեծ բեռ վերցնել, ուստի խորհրդային տարիներին ուսուցիչների հանգստի, առողջության համար կազմակերպված լայն հնարավորությունների համեմատ սա այն նվազագույնն է, որ արհմիությունն այսօր անում է ուսուցչի համար:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5321

Մեկնաբանություններ