ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Արման Թաթոյան. Եթե միջազգային ակտի որևէ դրույթ հանգեցնելու է ՀՀ-ի բնակիչների իրավունքները խախտող որոշումների, չի կարող ունենալ որևէ իրավական ուժ

Արման Թաթոյան. Եթե միջազգային ակտի որևէ դրույթ հանգեցնելու է ՀՀ-ի բնակիչների իրավունքները խախտող որոշումների, չի կարող ունենալ որևէ իրավական ուժ
16.01.2021 | 12:30

Տնտեսական ու տրանսպորտային կապերի հայտարարված ապաշրջափակման՝ մեր երկրին վերաբերող ցանկացած միջոցառում պետք է իրականացվի Հայաստանի քաղաքացիների ու առաջին հերթին սահմանային բնակավայրերի բնակիչների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների բարձր երաշխավորմամբ՝ ֆեյսբուքում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«ՀՀ պետական կառավարման բարձրագույն մարմինների գործողությունների կամ որոշումների հիմքում պետք է լինի այն, թե որքանով է այդ գործողությամբ կամ որոշմամբ մեր երկրում ապահովվում իրավունքի գերակայությունը: Սա իր հերթին նշանակում է Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու կյանքի, սեփականության ու մյուս բոլոր իրավունքների ամուր երաշխիքներ, բոլոր ռիսկերի ապահովագրմամբ դրանց լիարժեք պաշտպանություն իրական կյանքում:
Սկզբունքային կարևորության հարց է այն, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի ու դրան հաջորդած՝ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության դրույթների ցանկացած իրականացում պետք է պարտադիր հաշվի առնի, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները Արցախում հայերի նկատմամբ իրականացրել են էթնիկ զտումների քաղաքականություն, ոչ միայն շարունակում են, այլ նաև օրեցօր խորացնում են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը, հայ ժողովրդի մասին խոսում են ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով:
Բացարձակ դատապարտելի է ՀՀ քաղաքացիների ուղղված բռնության սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից խոսելու կամ պահանջներ ներկայացնելու որևէ փորձ. դա ուղիղ ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքը և կոպտորեն խախտում նրանց միջազգայնորեն ճանաչված ու ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները:


Այսքանով հանդերձ, եթե միջազգային ակտի որևէ դրույթ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է Հայաստանի բնակիչների իրավունքները խախտող գործողությունների կամ որոշումների, ապա դրանք չեն կարող ունենալ որևէ իրավական ուժ, կխախտեն իրավունքի գերակայությունը ու հետևաբար նաև՝ ՀՀ Սահմանադրությունը:


Սրանք մեր պետության պարտավորություններն են Հայաստանում ապրող յուրաքանչուր մարդու նկատմամբ, պարտավորություններ են, որոնք մեր պետությունը ստանձնել է մարդու իրավունքներ պաշտպանելու համար և որոնք ուղիղ հետևում են իր իսկ ստորագրած ու վավերացրած միջազգային պայմանագրերից»,- գրել է Թաթոյանը:

Դիտվել է՝ 5457

Մեկնաբանություններ