ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Թամար բաբոն

Թամար բաբոն
26.08.2024 | 06:59

Հայրական տատիս մայրը` Թամար բաբոն, գաղթել էր Մուշից։

Թուրքերը հորը դաժանաբար սպանել էին։ Գաղթի ճամփին կորցրել էր մորը։

Մանկահասակ քույր ու եղբայր ` թաթնաբռնուկ արած, ապաստանել էին Ալեքսանդրապոլում (Լենինական)։ Չէր խոսում գաղթից։ Մանկության կիսաքաղց տարիների հիշողությունները տխուր պատառիկներ էին, որբի կարոտ, ցավ ու կսկիծ։ Չապրած, կորսված մանկության կարոտ։

Լուռ փակում էր արցունքներից չորացած աչքերը, խաչակնքում ու աղոթք մրմնջում. «Փառքդ շատ, տե՜ր Աստված»։ Դրանք ավելի շատ աղերսի մրմունջներ էին:

Անսահման բարի՜-բարի՜ կին էր։ Փոքրամարմին, քչախոս, լռակյաց։ Ճերմակ-ճերմակ մաշկով, խաժ աչքերով, միշտ սև գլխաշորով։ Անընդհատ շարժման մեջ էր. մի ոտքը ծառաստան այգում, մյուսը` հավ ու ճիվի, կով ու ոչխարի շվաքին։ Հանգստանալ չուներ։

Երկու որդի ու երկու դուստր ուներ։ Որդիներին շուտ էր «կորցրել»։

Ավագը` Ստեփանը, որ երկու մանկահասակ երեխա ուներ, զոհվել էր Հայրենական պատերազմում։

Կրտսեր որդուն, մաթեմատիկական բացառիկ, ընդգծված ունակություններով ու երաժշտական բնատուր շնորհով օժտված թառահար Սուրենին, որն ուսանել էր Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում (այն թվերին` երևույթ), 22 տարեկանում` 1937-ին, թունավորել էին (տատս պատմում էր, որ խանդի հողի վրա...)։

Չնայած կյանքի դաժան հարվածներին` երբեք չչարացավ։ Փոքրամարմին, անուշաբույր ու քաղցրախոս այդ կնոջ մեջ անբացատրելի այնքան ամբարված սեր ու բարություն կար։

...Չնայած տարիքին` խնամեց որդու` Ստեփանի որբերին, անտրտունջ պահեց նաև որդու երեխաների երեխաներին (ծոռներին)։

Սիրում էր մեզ` բոլոր թոռներին, ծոռներին։ Ասես իրարից չէր էլ տարբերում, բոլորին հավասարապես էր սիրում։

Ամեն անգամ, երբ թոռներով հյուր էինք գնում, անսահման ուրախանում էր, քնքշորեն գրկում, ամուր սեղմում կրծքին։

Հետո կապում էր գոգնոցը (ունգլուկ), անխոս, քըթքըթալով, փայտե սանդուղքով «թեթևասահ» բարձրանում կտուր։ Անշշուկ, ժպտալով իջնում էր, ունգլուկի մեջ` բազմազան, անուշաբույր, իր ձեռքով պատարաստած չիրը` թթի, թզի,տանձի, խնձորի, սալորի, ընկույզ, պնդուկ։

Ամեն անգամ այնպիսի սիրով էր կտուր բարձրանում ու չիրը իջեցնում, հյուրասիրում (ճամփելիս էլ` յուրաքանչուրիս համար «չրի բոխչա» էր սարքում), որ թվում էր, թե այդ չիրը հենց այդ թոռան փայն է (բաժինը)։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3978

Մեկնաբանություններ