Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանը «ստանալու» Թուրքիայի ամենաիրատեսական տարբերակը մնում է «փափուկ ուժը»

Հայաստանը «ստանալու»  Թուրքիայի ամենաիրատեսական տարբերակը մնում է «փափուկ ուժը»
18.05.2025 | 12:16

Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։

Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին։ Բալկանյան տարածաշրջանում Թուրքիայի գլոբալ ռազմավարության իրագործման բանալին Կոսովոն էր, Հարավային Կովկասում` Լեռնային Ղարաբաղը, Մերձավոր Արևելքում` Սիրիան, Միջերկրածովյան-Էգեյան գոտում` Կիպրոսը։ Եվ ուրեմն` Սիրիայի, Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի հարցերը լուծելուց հետո մնում է Կիպրոսի հարցը, որից հետո Թուրքիան այլևս դուրս կգա դեպի Բալկաններ և Կենտրոնական Ասիա։

Բալկաններում նախկին հակաթուրքականությունը գրեթե հաղթահարված է, անգամ Բուլղարիան, որը ավանդաբար հակաթուրքական պետություն էր, արդեն տեղի թուրքական համայնքը նույնիսկ քաղաքական ասպարեզ է ներխուժել, երկրի առաջատար կուսակցություններից մեկը հենց թուրքական կուսակցություն է։ Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից հետո Հայաստանի տարածաշրջանային դերը դարձել է սահմանափակ, քաղաքական և ռազմական հնարավորությունների նվազումը, երկրի իշխանությունների պարտվողական քաղաքականությունը կատարյալ պայմաններ են ստեղծում թուրքական ազդեցության հաստատման և Հայաստանը դեպի թյուրքական ճամբար կլանելու համար։

Գործող իշխանությունները` պարտությունից հետո պարտվողականության բարդույթով հակված են ամեն գնով ստանալու խաղաղության փաստաթուղթ, ինչը հնարավորություն է թուրքական ռազմավարական պլանավորման համար` «չար ու բարի» ոստիկանների դերով Հայաստանին տանելու դեպի իրենց ռազմավարական ուղեծիր, «փափուկ ուժով» ձեռք գցելու Հայաստանի ռազմավարական կապուղիներն ու տնտեսական արտերիաները կապելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ` ստանալ երկարաժամկետ իշխանություն Հայաստանի տնտեսական և քաղաքական համակարգի վրա։

Սակայն Թուրքիայի այս հաշվարկը հիանալի կաշխատեր երկու-երեք տարի առաջվա միջազգային հարաբերությունների պայմաններում, իսկ այսօր տարածաշրջանում Թուրքիան այլևս միայնակ չէ, մրցակցությունը այլևս Թուրքիա-Ռուսաստան տիրույթում չէ։ Տարածաշրջանում այսօր հետաքրքրություն են հաստատել Չինաստանը, Հնդկաստանը, ակտիվացել է Իրանը, մյուս կողմից` Ֆրանսիան և ԵՄ-ը, ԱՄՆ քաղաքականությունն էլ այս պահին հստակ չէ։ Հետևաբար, Թուրքիային սպասվում է երկար ու դժվար մրցակցություն տարածաշրջանում, որտեղ Հայաստանը «ստանալու» Թուրքիայի ամենաիրատեսական տարբերակը մնում է «փափուկ ուժի», իշխանություններին շանտաժի միջոցով կամ այլ ոչ ռազմական ուղիներով ներքաշել իր ազդեցության տիրույթ։ Ի դեպ` առայժմ բավականին հաջող։

Թուրքիայի այս ծրագիրը, ի վերջո, երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության կորստին։

Հնարավո՞ր է խուսափել սրանից։ Բնականաբար, հնարավոր է, բայց այդ դեպքում Հայաստանը պետք է ունենա որոշակի որակներ ունեցող, լայնախոհ իշխող էլիտաներ, որոնք լավագույնս կօգտագործեն արտաքին հանգամանքները Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդելու և արդյունավետ բազմակողմ հարաբերություններ ստեղծելու համար։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 11564

Մեկնաբանություններ