Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Արդյոք նույնակա՞ն են նախիրն ու հոտը

Արդյոք նույնակա՞ն են նախիրն ու հոտը
20.06.2025 | 10:34

Երկար ժամանակ է՝ շատերն են տարակուսում, թե սա ինչ տրամաբանությամբ է ոտք մեկնում Եկեղեցու հետ և նույնիսկ՝ Եկեղեցու դեմ։

Թլփատված տերերի հրահանգ-պատվերը դեռ թողնենք, խնդիրն անօրինակ հանդգնության տրամաբանությունը հասկանալն է։ Այլ խոսքով, լինելով հանրահայտ ստորակարգ՝ ինչպե՞ս, ինչ տրամաբանությամբ է արշավում ժողովրդի ամենաբարձրակարգ, գերագույն արժեքի վրա, այն էլ՝ կազմաքանդելու, կործանելու դիտավորությամբ։

Կարծում եմ՝ խնդրի բանալին պետք է փնտրել «նորաձև կրթության» տրամաբանության մեջ։ Բազմիցս ցույց է տրվել, որ այս նորահայտ աղանդի հենքը անվանի հեղինակների առանձին մտքերի կամ ամբողջական ստեղծագործությունների չարամիտ մեկնաբանությունների միջոցով տկարամիտ հետևորդների գիտակցությունը վերջնականապես խեղելն է ու այդպիսով հետևորդների քանակը ստվարացնելը։ Չարամիտ մեկնաբանությունը կեղծ տրամաբանությունն է, ցինիզմը, շնականությունը՝ հասկացության և փիլիսոփայական, և սրանց կեցվածքի բնութագրման առումներով։

Ուրեմն՝ այսպես։

Սաղմոսագրքերն ու կրոնական այլ գրականությունը չարչարելիս հաճախ է տեսնում, որ քրիստոնյա համայնքը նաև կոչվում է «հոտ», այսինքն՝ հավատացյալ ժողովուրդը Եկեղեցու հոտն է։ Երբ այդ մասին իմանում է՝ նույն իր ցինիկ-շնական դատողությամբ եզրակացնում է․ եթե Եկեղեցին հոտ ունի, ես էլ նախիր ունեմ։

ՈՒրեմն ինչո՞վ եմ պակաս կաթողիկոսից։

Դեռ մի բան էլ ավելի եմ՝ Եկեղեցու հոտը ոչ միշտ է հուսալի, սիրում է մտածել, դատողություններ անել, վիճել ու վիճարկել, իսկ իմ նախիրը չի մտածում․ բավական է մի բան բլթացնեմ՝ իսկույն ընդունում է որպես վերին ճշմարտություն ու սկսում տիրաժավորել, բավական է քսի տամ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա՝ անասնական նվիրվածությամբ հարձակվում է, պղծում, ապականում, քարը քարին չի թողնում։

Իր նորաձև տրամաբանության ընթացքը ստուգելու համար՝ Սաղմոսագիրքը փակում է, բացում է բառարանն ու ինքնագոհությամբ համոզվում, որ իսկապես «նախիրն» ու «հոտը» հոմանիշներ են, նույնիմաստ են ու նույնարժեք։

Բառարանային հավաստիացումը գիտական հիմքով ամրապնդում է իր այս բացահայտումը ու իրեն համակում առաջիկա նոր հաղթանակների ցնծությամբ։ Ինչպես ավելի շուտ չէր գլխի ընկել, որ ինքն ու վեհափառը հավասար հարթությունների վրա են, ինչպես ավելի շուտ չէր բացել բառարանը։

Այս բացահայտումը նաև «նորաձև կրթության» արշավը հարստացնում է մի նոր, շատ գայթակղիչ թեմայով։

Այսպիսի կուռ դատողություններից հետո էլ փիլիսոփայական ոչ մի դպրոց ու ուսմունք չի կարողանալու ապացուցել, որ ինքն ընդամենը նախրապան է, ու իր նախիրը կապ չունի Եկեղեցու հոտի հետ։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 161

Մեկնաբանություններ