ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 6 (տեսագրություն)

Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 6 (տեսագրություն)
08.07.2025 | 10:01

Սկիզբը՝ այստեղ

Իշխանությունը զավթածներին ծառայող գործիքները բարբաջում են իշխանությունը զավթելու մասին

Ըստ Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) ս. թ. հունիսի 25- ի հաղորդագրության , «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավար Վ. Գ- ի (Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի) գլխավորությամբ «Հանցավոր խմբի անդամները պլանավորել են «զուգահեռաբար միջոցներ ձեռնարկել առաջացած վիճակը (բնակչության շրջանում առաջացած անկառավարելի վիճակը.- Ա. Հ.) վերացնելու հնարավորությունից պատասխանատու պետական մարմիններին զրկելու ուղղությամբ, այդ թվում՝ խոչընդոտել կամ ընդհուպ բացառել ոստիկանության համապատասխան ուժերի շարժը՝ ոստիկանության ներքին զորքերի տեղակայման վայրերի ելքերը տարբեր եղանակներով արգելափակելու, ոստիկանության տրանսպորտային միջոցների շարժը խափանելու, ՀՀ Կառավարության և պետական այլ գերատեսչությունների կայքերը, էլեկտրոնային կառավարման համակարգերը հակերային հարձակումների միջոցով կաթվածահար անելու եղանակով՝ արդյունքում նպատակ հետապնդելով կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ իշխանությունն ստանձնած անձանց՝ հարկադրել հրաժարվել դրանից»:

Հերթական կարևոր ընդգծումը. Հայաստանի իշխանությունն ստանձնած անձինք ոչ թե Սահմանադրությամբ սահմանված կարգով են իշխանությունը ստանձնել, այլ Սահմանադրությամբ սահմանված կարգով Հայաստանի իշխանությունը ստանձնելու նմանակմամբ կամ դրա երևութականությունը ստեղծելով:

«Նախապատրաստելով նշված հանցավոր արարքների իրագործումը՝ հանցավոր խմբի անդամները, 2025թ. հունվար ամսից սկսած, շարժման մասնակիցների և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են 1000- ից ավելի անձանց, խոշոր փողոցներն առանձնացնելու և գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել և ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու և տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ՝ «աստղիկներ», և շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները՝ միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներով վերջիններիս վստահեցնելով, որ նախատեսվող գործողությունները հաջողության հասնելու միակ եղանակն են և վերջիններիս հրահանգելով իրենց հերթին միջոցներ ձեռնարկել խմբերի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը, տրված հանձնարարությունը ցանկացած գնով կատարելու կամքն ամրապնդելու ուղղությամբ»,- նշված է ՔԿ- ի հիշյալ հաղորդագրությունում:

Բնականաբար, հարց է առաջանում՝ ովքե՞ր են ՔԿ- ի հաղորդագրությունում նշված արդեն իսկ հավաքագրված 1000- իցավելիանձինք, եթե նրանք իսկապես գոյություն ունեն, ՔԿ- ն մինչ այս պահն ինչո՞ւ չի հրապարակել նրանց անուն- ազգանունները կամ նույնիսկ անուն- ազգանվան սկզբնատառերը, ինչո՞ւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, այս կամ այն խափանման միջոցը չի կիրառվում… Այն տպավորությունն է, որ ՔԿ- ի հաղորդագրությունը գրվել է Նիկոլի պատվերով, որպեսզի հետագայում նույն վարույթի շրջանակում աստիճանաբար քրեական հետապնդում հարուցեն 1000- ից ավելի ցանկացած անձի նկատմամբ, ով ընդգրկված է կամ կընդգրկվի հայադավի սև ցուցակում:

Երկրորդ. ո՞ւր են, որոշակի որտեղի՞ց կամ ո՞ւմ մոտից են հայտնաբերվել, ըստ ՔԿ- ի, «պատվիրված ու ձեռք բերված պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ»- ը, ինչո՞ւ հայտնաբերման պահին ու վայրում չի իրականացվել դրանց տեսանկարահանումը, և հազարավոր հրավտանգ միջոցների հայտնաբերման տեսագրությունը չի ներկայացվել հանրությանը, եթե նշված միջոցների հայտնաբերման վերաբերյալ ՔԿ- ի հաղորդագրությունում գրվածը հորինվածք չէ…

Ինչ վերաբերում է Երևանի քարտեզին, լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալներին, «աստղիկներ»- ին, ապա դրանց եղածն ի՞նչ է, որ «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի ծառայողները կամ (և) ՔԿ քննիչները, ոստիկանները, վերադասի՝ շինծու մեղադրանք առաջադրելու նպատակի առկայության դեպքում, չկարողանային իրենց հետ վերցնել ու մինչև խուզարկությունը սկսելը կամ նույնիսկ դրա ընթացքում չկարողանին գցել այժմ տվյալ վարույթով կալանքի տակ գտնվողներից մեկի բնակարանում կամ նույնիսկ մի քանիսի բնակարաններում…

Վերոնշյալ, ինչպես ասում են, մեկից մեկ հնարավոր է, տվյալ հանցավոր արարքի հետևանքները մարսելը՝ նույնպես, քանի որ խոսքը Նիկոլ հայադավի գրպանում գտնվող «իրավապահ» համակարգի, ինչպես նաև Նիկոլի կողմից ուզուրպացված դատական համակարգի մասին է: Չկա՛ վստահություն նրանց նկատմամբ: Միաժամանակ կասկածից դուրս է Հայաստանում քաղաքական ընդդիմությանը, ազգային- ազատագրական պայքար մղողներին կամ այդպիսի մտադրություն ունեցողներին, ինչպես նաև հայրենանվեր, ոչ անտարբեր և ընդդիմադիր կեցվածք դրսևորած հոգևորականներին կալանավորված տեսնելու, նրանց չեզոքացնելու Նիկոլ հայադավի նպատակը:

Նույն օրը՝ հունիսի 25- ին, ՔԿ- ն, ի լրումն իր տարածած հաղորդագրության, իր կայքում հրապարակեց ««Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները»։

Այս պահին բացառել, որ դրանք հենց շարժման ղեկավարների և մասնակիցների խոսակցությունների ձայնագրություններն են, հնարավոր չէ, ինչպես և հնարավոր չէ բացառել, որ տվյալ ձայնագրությունները ստեղծվել են արհեստական բանականության միջոցով: Անդրադառնալով տվյալ խնդրին, aysor.am- ը հենց նույն օրը ««ՔԿ պաշտոնյաներրը զազրելի կեղծիքների են դիմել, հրապարակել են մոնտաժված նյութեր, կոնտեքստից կտրված խոսքեր»․ Փաստաբանները՝ ընդդիմադիրներին վերագրվող «ձայնագրությունների» մասին» վերտառության ներքո գրել է.

«Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքարի» աջակիցների փաստաբանները վստահ են՝ ձայնագրությունները, որոնք այսօր հրապարակել է Քննչական կոմիտեն՝ հիմնավորելու համար, իբրև ընդդիմադիրները օրենքից դուրս գործողություններ են պլանավորել իրականացնել Հայաստանում և «արյամբ» «հեղաշրջում»‰ իրականացնել, մոնտաժված են։ Չի բացառվում նաև, որ ստեղծվել են արհեստական բանականության օգնությամբ։

«Ունեմ հիմնավոր կասկած՝ կապված և՛ ձայնագրություններում հնչող արտահայտությունների միջև առկա ընդհատումների հետ, և՛կոնտեքստից կտրված ձևակերպումներ տեղադրելու հետ, և՛ նրա հետ, որ արհեստական բանականություն է օգտագործվել»,- լրագրողների հետ զրույցում տարածված ձայնաագրությունների վերաբերյալ ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը»։

ՔԿ- ի կողմից «ձայնագրությունների» հրապարակման հաջորդ օրվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերերի էջերում հայտնվեց «ԱԱԾ» կոչվածի և ՔԿ- ի ղեկավարներին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հանձնարարականը ներկայացնող հետևյալ գաղտնի ձայնագրությունը կամ արհեստական բանականության միջոցով ստեղծված ու Նիկոլին վերագրվող կեղծ հանձնարարականը:

Եվս մեկ օր հետո՝ հունիսի 27- ին, ՔԿ- ն հանդես եկավ «Մի խումբ անձանց կողմից ապօրինի ստեղծվել և ԶԼՄ- ներում տարածվել է ՀՀ Վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն. նախաձեռնվել է քրեական վարույթ» վերտառությամբ հաղորդագրությամբ , ըստ որի, տվյալ ձայնագրությունը կեղծ է և ստեղծված է արհեստական բանականության միջոցով:

Ո՞ւմ հավատալ, ինչի՞ն հավատալ… Այս հարցի պատասխանը կարող են տալ միայն վերոնշյալ բոլոր ձայնագրությունների համապատասխան և անաչառ փորձաքննությունները, դրանց արդյունքում տրված փորձագիտական եզրակացությունները, սակայն, եթե տվյալ փորձաքննությունները կատարվելու են Նիկոլի գրպանում գտնվող ՔԿ- ի կամ այլ «իրավապահ» մարմնի պատվերով, առավել ևս՝ Հայաստանում, դրանց եզրակացություններն ի սկզբանե չեն կարող արժանահավատ լինել: Հետևաբար իրականության հարցում կարելի է համոզվել միայն, եթե ձայնագրությունների փորձաքննությունները կատարվեն ընդդիմության պատվերով կամ ՔԿ- ի և ընդդիմության համատեղ պատվերով արտերկրի հեղինակավոր փորձագիտական կենտրոններից մեկում կամ երկուսում միաժամանակ…

Արթուր Հովհաննիսյան

Ձայնագրությունը ներկայացնող տեսագրությունն այստեղ՝ https://www.facebook.com/100048402581451/videos/727699443181513/

Դիտվել է՝ 3198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ