ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Գիտական ներուժը հաղթեց

Գիտական ներուժը հաղթեց
14.11.2014 | 11:19

Մի քանի օր հետո` նոյեմբերի 26-30-ին, Թուրքիայի Տրապիզոն քաղաքում «Ծովամերձ տարածքներում շրջակա միջավայրի խնդիրների ափամերձ մոնիթորինգ և դրանց լուծման ուղիները» ծրագրի շրջանակում տեղի կունենա երրորդ աշխատանքային հանդիպումը։ Նախատեսվածի համաձայն, աշխատանքային չորրորդ հանդիպումը կանցկացվի Հայաստանում։
Թեև Հայաստանը ծով չունի, սակայն ծրագրում ներգրավված երկրները և ծրագիրը ֆինանսավորող Եվրամիությունը կարևորել են Հայաստանի գիտական ներուժը և բարձր գնահատել այն։ Արդյունքում ճարտարապետության, շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) որպես կողմ է հանդես գալիս ծրագրում, և սրանով է պայմանավորված չորրորդ աշխատանքային հանդիպումը Հայաստանում անցկացնելու հերթականությունը։
Մեր ունեցած տվյալների համաձայն, Վրաստանի «Գիտություն և էներգետիկա» միության, Սալոնիկի քաղաքապետարանի և Թուրքիայի «Կարադեմիսի» տեխնիկական համալսարանի առաջարկն է եղել ՃՇՀԱՀ-ի մասնագետներին ներգրավել ծրագրի հետազոտական աշխատանքներում։ Փորձագետների հավաստմամբ` հիշյալ ծրագիրը Հայաստանում իրականացվող այն եզակիներից է, որի ուսումնասիրման ենթակա օբյեկտները թեև չեն առնչվում հանրապետությանը, սակայն ստացվելիք արդյունքները կիրառելի կլինեն հանրապետության ջրային ավազաններին առնչվող խնդիրներ լուծելիս։
Եվ այսպես, ո՞րն է ծրագրի նպատակը և ի՞նչ խնդիրներ է լուծելու։ «Գիտական այս ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել Սալոնիկի, Տրապիզոնի և նավահանգիստների հարակից ափամերձ տարածքների բնապահպանական խնդիրները և մշակել կառավարման եղանակներ, որպեսզի տվյալ տարածքները բնորոշող գործոնների մասին տեղեկություններն օգտագործվեն տեղական խնդիրները լուծելիս, ինչպես նաև ստացված տվյալները կիրառվեն տարածաշրջանում։ Գործնականում փակ ջրավազան լինելը և մեծաթիվ գետերի ջրերով մշտապես աղտոտվելը խիստ բացասաբար են ազդել Սև ծովի էկոլոգիական վիճակի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց ՃՇՀԱՀ-ի պրոռեկտոր, նշված ծրագրի հայկական կողմի ղեկավար, պրոֆեսոր ԱՐԵՍՏԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ։
Ի դեպ, նկատենք, որ ծրագրի հիմնական գործողությունները մի քանիսն են։ Առաջինը ենթադրում է ծովաչափական տվյալների հավաքագրում, բնական ջրհոսքերի ափամերձ տեղամասերում ընթացող երևույթները նկարագրող մաթեմատիկական մոդելների մշակում, այդ երևույթների կանխատեսումների արդյունքների և տեղեկատվության պարբերական գրանցում։ Հաջորդը` Սև ծովի հարավային տարածաշրջանում, այդ թվում` Վրաստանի սևծովյան սահմանագծում, դաշտային հետազոտությունների միջոցով ջրի որակի և աղտոտվածության հիմքերի ուսումնասիրում։ Աղտոտող նյութերի և ջրաբերուկների տարածվածությունը գնահատելու նպատակով մաթեմատիկական մոդելների մշակում։ Մեզ հետ զրույցում պրոֆեսորը նշեց, որ այդ մոդելները հաշվի են առնելու աշխարհաֆիզիկական, ալիքային, հիդրոլոգիական, հիդրոձևաչափական և ափամերձ տարածքներին բնորոշ այլ չափորոշիչներ ու գործոններ։ Նշենք նաև, որ տեղային և տարածաշրջանային տվյալների հիման վրա իրականացվում է ջրի որակի կառավարման միջոցների և գործիքների ստեղծում։
«Ծովամերձ տարածքներում շրջակա միջավայրի խնդիրների ափամերձ մոնիթորինգ և դրանց լուծման ուղիները» ծրագրի աշխատանքներն այսքանով չեն սահմանափակվում։ Մասնագետների հավաստմամբ, հիմնական աշխատանքներում ներառված են նաև նավահանգիստներին հարակից առավել ընդարձակ տարածքների, բնապահպանական խնդիրների դիտարկման համար բազմակողմ մասնագիտական ցանցի ստեղծում և դրա մատչելիության ապահովում։ «Մեր համալսարանը մասնակցում է ծրագրի վերը նշված գործողություններից շատերին, սակայն հայկական կողմի կարևոր պարտականություններն են ջրահոսքերում ընթացող հիդրոդինամիկական երևույթների մաթեմատիկական մոդելների մշակումը և դրանց հիման վրա հաշվային մեթոդների առաջարկներն ափամերձ տարածքներում հունաձևավորման հնարավոր զարգացումների կանխատեսումները»,- ընդգծեց Արեստակ Սարուխանյանը։


Հասմիկ ԹԵՐԶՅԱՆ

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ