Աստծո կանչը
Հունվարի 28
Մի՛ վախենա:
Մի՛ վախենա զբաղված լինելուց. դու ամենքի պես:
«Նա, ով կամենում է մեծ լինել ձեր մեջ, ամենքի ծառան թող լինի»: Ծառայությունը Իմ աշակերտների բառն է:
Ես իսկապես ծառայեցի խոնարհներին ու նվաստներին. Ես նրանց հրամանի տակ էի. Իմ բացարձակ կարողությունները Ես ի գործ դրեցի` նրանց ծառայելու համար:
Գործածվիր:
Գործածվիր բոլորից, ամենափոքրերի, անգամ ամենանվաստի կողմից: Քո կարողության չափով ծառայություն մատուցիր:
Թող այդ լինի օրվա մեջ քո փնտրածը, և ոչ թե` ուրիշներից ծառայություն ընդունելը:
Ճիշտ է, որ մարդկանց մտածումները Աստծո Մտածումները չեն, ոչ էլ մարդկանց ճանապարհներն են` Աստծո ճանապարհները: Երբ կամենում ես ամեն ինչում Ինձ հետևել, ապա շատ հաճախ ամբողջովին փոփոխության են ենթարկվում աշխարհային քո ճանապարհները, որոնցով գնում էիր մինչ այդ: Այս մի փոփոխությունն է, որ տանում է անսահման երջանկության ու խաղաղության:
Շուրջդ նայիր, կարդա, թե ինչ են գրում: Ինչպե՞ս է քեզ երևում: Մեծ նպատակներն ու փառքը, որոնց ձգտում է մարդը, կամ աշխարհի խոստացած պարգևները բերու՞մ են արդյոք մարդու սրտին խաղաղություն ու երջանկություն:
Ո՛չ, երբեք, որովհետև մարդը մարդու հետ տևական հակառակության ու կռվի մեջ է: Նրանց, ում աշխարհը ամենից շատ վարձատրեց անունով, փառքով, հարստությամբ, ուրիշներից շատ ավելի հոգնած ու հուսախաբ են: Սակայն ունկնդրող ականջի համար` անախորժ ձայների խառնակ կանչերից վեր, հնչում է արձագանքը 2000 տարիների հեռվից եկող Իմ պատգամի.
«Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու ծանրաբեռնվածներդ, և ես ձեզ հանգիստ կպարգևեմ»:
Եվ բոլոր հոգնածներն ու ծանրաբեռնվածները, ովքեր կլսեն ու կդառնան Ինձ, իսկապես հանգիստ պիտի գտնեն:
Ես հոգնածի ուրախությունն եմ. նրա սրտի երգն եմ Ես:
Առողջությունը` հիվանդի, հարստությունը` աղքատի, կերակուրը` սովածի:
Ես տունն եմ թափառականի, ուրախությունը` հուսաբեկի և սերը` միայնակի:
Չկա հոգու մի որևէ կարիք, որ պահանջելու դեպքում չկարողանամ բավարարել:
Իսկ ձեզ ցանկանում եմ ամեն ինչ տալ: