Փետրվարի 14
Դուք չեք գիտակցում, որ մտահոգությունների բեռան տակ կճզմվեիք ուղղակի, եթե չլիներ Ինձ հետ առանձնանալու այս ժամերը, երբ կարողանում եք վերանորոգվել լիովին: Սակայն այդպես էլ դուք չեք կարողանում ըմբռնել Իմ ներկայության զորացնող ու բժշկող հատկությունը: Այսօրինակ իմացությունը վեր է մարդկային ձեր կարողությունից:
Իմ ներկայությամբ ապրելը կբուժեր այս խեղճ ու հիվանդ աշխարհը, եթե ամեն օր մի հոգի կամ մի խումբ սպասեր Իմ ներկայությանը: Այնպես արեք, որ երբեք զանց չառնեք այն ժամանակը, որ հատկացված է ինձ հետ առանձնանալու համար:
Դուք աստիճանաբար Իմ ներկայությունը կստանաք` ֆիզիկական, իմացական և հոգևոր առումով: Այն մարդիկ, որ կտեսնեն ձեզ կամ առնչություն կունենան ձեզ հետ, ձեզ հետ ունեցած այդ հարաբերությամբ Ինձ կմոտենան և ձեր բարերար ազդեցությունը կամաց-կամաց կտարածվի:
Դուք երկրի մի կետը սուրբ տեղի կվերածեք: Աշխատեք շարունակ գործածել ձեզ ուրիշների օգուտի ու ձեր առաջադիմության համար, որովհետև այդ է այս ժամանակի մեջ ձեզ տրված պարտականությունը, սակայն լավագույնը, որ ձեր երկուսից մեկը կարող է անել Ինձ համար ու անում է` Ինձ հատկացված առանձնացումի այս ժամերն են:
Կարո՞ղ եք հասկանալ, այս բանի կարևորությունը:
Գիտե՞ք, որ ձեր յուրաքանչյուր մտածումը, գործունեությունը, աղոթքը, ցանկությունները հավաքվում ու Ինձ են մատուցվում հիմա, առանձնության այս նվիրական ժամին:
ՈՒրախ եղեք, որ Ես ձեզ հետ եմ:
Ես աշխարհ եկա այս բանի համար, որ մարդկանց առաջնորդեմ Աստծո մոտ` Նրա հետ հոգով խոսելու և առնչվելու համար: