Փետրվարի 19
Մի՛ մոռացեք ձեր դժվարությունները դիմավորել սիրով և խնդությամբ: Վստահ եղեք, որ Ես ձեզ հետ եմ:
Հիշեք, որ մրցավազքի մեջ ամենակարևորը վերջին մետրերն են: Հուսախաբ մի՛ արեք Ինձ:
Ես երբե՛ք ձեզ հուսախաբ չեմ անի. Վստահե՛ք Իմ մեծ սիրուն:
Աշխարհից ելնող քանի՜-քանի աղոթքներ անպատասխան մնացին և այդ միայն այն պատճառով, որ թեպետ աղոթեցին, բայց չկարողացան տոկալ մինչև վերջ:
Կարծեցին, թե արդեն այնքան ուշ է, որ իրենք պետք է իրենց գլխի ճարը տեսնեն. հուսախաբվեցին` մտածելով, որ Ես այլևս չեմ կարող օգնել իրենց:
Մտաբերե՛ք Իմ խոսքերը.
«Ով որ մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի»:
Կարո՞ղ եք մինչև վերջ տոկալ: Եթե կարողանաք, ապա ձեր փրկությունը ապահովված կլինի:
Պետք է քա՛ջ լինեք համբերության մեջ, կարողանաք տոկալ սիրով ու խնդությամբ:
Ա՜խ, Իմ որդինե՛ր, Իմ դաստիրակության ձևը մի՞թե այդքան դժվար է ընդունվում ձեր կողմից:
Ընտիր ու գաղտնի գանձերի շտեմարանները պիտի բացեմ ձեզ համար. բաներ, որ անմատչելի են շատ շատերին: Ձեր ոչ մի կանչը անպատասխան չի մնա:
Ես ձեզ հետ եմ` ձեզ օգնելու համար:
Առաջ ընթացեք, ինչպես որ ասել ու պատվիրել եմ ձեզ:
Երբ դուք խոնարհությամբ համակերպվեք Իմ բոլոր ասածներին` հոգևոր, մտավոր ու ֆիզիկական հաջողությունը ձերը կլինի:
Սպասե՛ք, լռության ու դադարի պահեր ապրեք` համակված Իմ ներկայության գիտակցությամբ, որպեսզի ձեր հոգիները վայելեն հանգիստը, զորությունը, ուրախությունը և խաղաղությունը: