(սկիզբը` այստեղ)
Իմաստութեուն Հոր` Հիսուս, տուր ինձ զիմաստութեուն զբարիս խորհիլ, և խոսիլ, և գործիլ...
Քարավանը դանդաղ առաջ էր գնում, բայց չգիտեի ուր էր գնում` դժոխքի շարունակությու՞ն, թե՞ երկրակորույս մոր գիրկ։
Անորոշ էր այս ճանապարհի ավարտը։
Միայն գիտեի, որ կրակի բոցերի կսկիծ էինք տանում մեզ հետ, մոխրացած մարմինների մասունքներ էինք տանում մեզ հետ։
Երբ շարասյունը կանգ էր առնում խցանումից, մեքենաներից դուրս էինք գալիս և մեկն անպայման ականջիս փսփսում էր` այսինչի տղան էլ չկա, մանկապարտեզում աշխատող այսինչ կնոջ ամբողջ ընտանիքն է մոխրացել։
Սառը քրտինք էր տալիս վրաս ու արագ վերադառնում էի մեքենա։
Աստվա՜ծ իմ, խնայիր միտքս, խնդրում եմ։ Նստում էի մեքենայի մեջ ու կռիվս տալիս Արայիկի հետ։
Օգոստոս ամիսն էր։ Տղաները որոշել էին մի մեծ շարասյունով , խաղաղապահի ուղեկցությամբ շարժվել դեպի Հակարի անցակետ` թուրքի հետ «բանակցելու» և աշխարհի ուշադրությունը այս մոռացված, թուրքի երախը նետած ժողովրդի վրա հրավիրելու։
Կազմակերպչական խնդիրները լուծելու համար, ես ու Օսիպյան Արթուրը գնացինք Արայիկի մոտ։ Նա դեմ չեղավ տղաների մտահղացմանը , խոստացավ ավտոբուսները տալ, բենզինը տալ, ռուսների հետ պայմանավորվել։
Զարմացած հարցրի` բա բենզին կա՞։
Ասաց` դե շատ-շատ մի տոննա պետք լինի, բանակի պահուստից կտանք։
Ասացի, բա էդ նույն բանակի պահուստից հնարավոր չէ՞ սահմանափակ քանակի մեքենաներ տրամադրել գյուղերից մթերք բերելու և վաճառելու, կաթնամթերքի գործարանը աշխատեցնելու գոնե հիվանդանոցների ու մանկապարտեզների համար։
Բան չխոսեց, իսկ Հակարի գնալը խնդրեց երկու օրով հետաձգել, պատճառաբանելով` ՄԱԿ-ի դիտորդներ են գալիս, ուզում են քաղաքում գրասենյակ բացել։ Հնարավոր է, որ ճանապարհը բացեն։
Խաբեց, հերթական անգամ խաբեց։
Իսկ բենզինը կարելի էր մի քանի լցակայանի տալ և մարդիկ հանգիստ կվերցնեին։
Այդ ամենաթողության համար պիտի պատասխան տան բոլոր մեղավորները։
Այդ սարսափելի օրը հաճախ է երազիս գալիս։
Մարդիկ խելապատառ , ոտքով վազում էին 5 կմ հեռավորության վրա գտնվող Հայկազով։ Մեքենա չճարողներն իրենց այրված հարազատներին գրկած վազում էին հիվանդանոց։
Գրելու բան չի, բայց պետք է գրել և անհրաժեշտ հետևություն անել։
Քարավանը շարժվում էր, բայց միտքս անշարժ էր, ինչպես թմրած ոտքերս, որոնք խցանված էին տանից վերցված նշխարք բեռների մեջ։
Գրքեր էի վերցրել` հին հրատարակությունների, հին սրբապատկերներս, ձեռագրերս և ընտանիքիս բոլոր հին և նոր նկարների ալբոմները։ Չկարողացա ոչ վառել, ոչ թողնել։ Մի ամբողջ գերդաստանի 70 տարվա կյանքն էին նրանք։
Մոտենում էինք անցակետին և անհանգստությունս նկատելի էր։ Կանցնե՞մ, թե կմնամ։
(շարունակելի)
26. 02.25 թիվ։
Աննա ԱՅՎԱԶՅԱՆ