37 տարի առաջ այս օրը առավոտյան գնում էի Ստեփանակերտի հրապարակ։
Երբ մոտեցա, դուդուկի տխուր երաժշտություն լսեցի։
Տեր Աստված, ի՞նչ է պատահել։ Քայլերս արագացրի, հետո անկախ ինձնից սկսեցի վազել։ Մտա հրապարակ, մարդիկ լիքն էին, բայց քար լռություն էր։ Մեկին մոտեցա, շնչասպառ հարց տվի` ի՞նչ է եղել։
Շշուկով ասաց` Սումգայիթում ջարդել են հայերին։
Առաջին պահ չհասկացա ասածը, հետո չհավատացի։
Մարդկանց հրմշտելով հասա տրիբունային, մոտեցա Հրաչյա Բեգլարյանին։
Դեմքիս արտահայտությունից հասկացավ, որ չգիտեմ ու կամաց ասաց` երեկվանից կոտորում են մարդկանց։
Ասաց ու առյուծաբաշ գլուխը խոնարհելով, փղձկաց։
Հետո եղան ելույթներ, չէի հասկանում ինչ են ասում։ ՈՒղեղս հրաժարվում էր ընդունել։
Կոտորում են, ու՞մ, ինչու՞, ինչպե՞ս։
Բա միլիցիա չկա՞, բա Խորհրդային երկրում չե՞նք ապրում, բա Կրեմլը չգիտի՞, Գորբաչովը չգիտի՞։
Ամբողջ մարմնով դողում էի, կցկտուր խոսքեր էին հասնում ականջիս` լցրել են ավտոբուս, հրել, գցել ծովը։
Բաքվի հայերը զանգել էին այստեղի հարազատներին, վաղ առավոտյան Կենտրոնական հեռուստատեսության լուրերը ասել էին, թե Սումգայիթում ապրող հայերի դեմ անկարգություններ են եղել։ Տեղի քաղկոմը փորձում է կանգնեցնել դրանք։ Փորձում է՞։
Ամեն վայրկյան մի զարհուրելի լուր էինք ստանում։ Մեր կուսակցական մարմինները փորձում էին ճշգրիտ տեղեկություններ ստանալ։
Հետո... պարզվեց ամեն ինչ։
Քանի՜ քանիսն ուշաթափվեցին հրապարակում։
Հարազատներն այնտեղ էին։
Ճակատագիրը ոչ միայն չէր օգնում հային, այլև ծաղրում էր։
Սումգայիթը կառուցող հայը սպանվում էր Սումգայիթում։
Այդ քաղաքը նոր քաղաք էր։
Աշխատելու էին հրավիրել մասնագետ արհեստավորների։ Արցախից հազարավոր շինարարներ էին գնացել, կառուցել քաղաքը, բնակարաններ ստացել այնտեղ ու դարձել այդ քաղաքի բնակիչներ։
17-20 հազար հայ ունեցող քաղաքում նախճիր էր, մարդիկ սպանվում էին զարհուրելի ձևերով, բռնաբարվում էին կույս աղջիկները` գազանների խմբերով, հետո նետվում խարույկների մեջ։ Բարբարոս խուժանը մտնում էր տները, մորթում, թալանում, պատշգամբներից նետում ներքև։
Հաջորդ օրը ավտոբուսները սկսեցին բերել տուժածներին։ Աննկարագրելի էր ողբն ու լացը։
Պաշտոնական տվյալներով կար 27 սպանված, փաստացի տվյալներով` մոտ 1000-ը։ Հարյուրավոր անհայտ կորածներ կային։ Թուրքը հանել էր իր դիմակը, իսկ Գորբաչով գյոռբագյոռը ասաց` ադրբեջանական ֆակտորն արթնացել է և դրա մեղավորը Ստեփանակերտի ցույցեր են։
Ղարաբաղցիները չմտածեցին, թե ինչքան հայեր կային ադրբեջանական քաղաքներում։ Իսկ զորքը ուշացավ ընդամենը 25 րոպե։
25 րոպե՞։
Սպանդը շարունակվել է նաև նրանց գալուց հետո։ Նրանց աչքի առաջ ողջ-ողջ այրել են մարդկանց։
Ձեռքս դողում է գրելուց, հիշողությունս խենթացնում է ինձ։
Այս զարհուրելի սպանդը ցեղասպանություն չընդունեց ոչ միայն աշխարհը, այլ նաև Հայաստանն ու Արցախը։
Երբ հանցագործին չեն պատժում, առաջին հանցանքին հաջորդում են հաջորդները։
Անպատժելիությունը հանցանք է ծնում։
Սումգայիթից հետո եղան Բաքվի, Շուշիի, Գանձակի, Շահումյանի հայերի ջարդերն ու նրանց բռնի տեղահանումը, արտաքսումը։
Իսկ վերջում` ողբերգությունների շարանը եզրափակվեց Արցախցիների տեղահանությամբ ու Արցախի հայաթափմամբ։
Եվ աշխարհն էլի ջուր առավ բերանն ու լռեց։
Աշխարհին ի՞նչ ասեմ, եթե լռեցին իշխանություն կոչված այս վախկոտ անճարակները։
Ճիշտ չի՞ ասել ժողովուրդը.
Երբ գողը ներսից է, եզը երդիկից են հանում։
Աննա ԱՅՎԱԶՅԱՆ