Արդյո՞ք Երեւանը մշակութային քաղաք է։
Ե՛վ այո, և’ ոչ։
Ինչու՞… հարցի պատասխանը կփորձեմ տալ նյութիս ընթացքում։
Եկեք շրջենք մեր քաղաքի կենտրոնական փողոցներով և ներկան արժևորելով, հանրագումարի բերենք հարցը:
Մաշտոցի պողոտան ավարտվում է Մատենադարանով։ Մատենադարանը եզակի գրապահոց է, ունի համաշխարհային կենտրոնի կարգավիճակ և մեր երկրի այցեքարտերից մեկն է։ Մատենադարանի շենքը, իհարկե, ճարտարապետական կոթող է և լիովին ներդաշնակ է իր պահպանած մշակութային արժեքների հետ․ նրա ճարտարապետությունն ու բովանդակությունը միասնաբար արտացոլում են դարերի փորձությունը և ժամանակի քննությունը հաղթահարած մշակութային ժառանգությունը։
Իջնում ենք վար։ Ձախ կողմում Կամերային թատրոնն է՝ Երևանի յուրօրինակ թատերական կառույցներից մեկը։ Երբ անկախացավ Հայաստանը, ավանդական թատրոններին զուգահեռ, հրապարակ իջան ժամանակի զարթոնքային տրամադրություններն արտահայտող թատերախմբեր. «Կամերային» թատրոնը, «Գոյը», «Սոնետ-101»-ը, «Փոսի» թատրոնը, «Մետրոն» և այլն: Տարբեր հանգամանքներով պայմանավորված, շատ թատրոններ, ոչ միայն Երեւանում, դարձան հուշ և հանգրվանեցին պատմության գրկում։
Այսօր գործում են «Կամերային» և «Գոյ» թատրոնները։
Մաշտոցի պողոտայով քայլելով կհանդիպենք «Խամաճիկների» թատրոնի ազդագրերին։ Եթե թատերասեր ենք, անպայման ձեռք կբերենք հերթական ներկայացման տոմսեր։
Շարունակենք մեր աննախադեպ մշակութային շրջայցը։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայից քիչ հեռու Ռուսական արվեստի թանգարանն է և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։
Բայց մեր շրջայցը կարող է չավարտվել մինչև օրվա վերջ:
Իսկ չէ՞ որ ես պետք է տամ «ինչու» հարցի պատասխանը՝ ինչու Երեւանը ինչ-որ առումով լիարժեքորեն մշակութային մայրաքաղաք չէ։
Թվարկե՞մ Երևանի կենտրոնի մյուս հանրահայտ օջախները, որոնք մինչ օրս գործում են: Նրանք քաջ ծանոթ են բոլորիս և ամբողջ հայության համար հպարտության առիթ են։ Վստահ եմ, որ չկա դրա կարիքը։ Իմ սերնդին այսօր առավել հետաքրքիր են մեր ոչ այնքան հեռավոր անցյալի մշակույթի և արվեստի աշխարհի իրադարձությունները և անմոռանալի դեմքերը։
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՈՀԵՄԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է
Ուսումնասիրելով Երեւանի մշակութային անցյալը և’ զարմացա, և’ հիացա։
Երևանում գործել են բոհեմ-կենտրոններ, ինչպես եղել են Փարիզում։ Եվ պարզվում է, որ Խորհրդային Միության մյուս մայրաքաղաքներում այդպիսի բոհեմ-կենտրոններ կամ ընդհանրապես չեն եղել, կամ գործել են կաղապարված։
Մայրաքաղաքում հռչակավոր մի քանի սրճարաններ էին գործում, բոլորը տեղակայված Երևանի կենտրոնում, մոտ թատրոններին և արվեստի ու մշակույթի հաստատություններին։
«Սկվազնյաչոկ-Միջանցահովիկ» սրճարանը կից էր ԵԴՐԻ-ին (ռուսերեն հապավում է, նշանակում է Армянский дом работников исскуства, Արվեստի աշխատողների հայկական տուն), քիչ հեռու էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտից, Երևանի դրամատիկական թատրոնից, «Նաիրի» կինոթատրոնից, Կոմիտասի անվան կոնսերվատորիայից։
Պետությունը արվեստի և մշակույթի գործիչների և ոլորտի ուսանողության համար սրճարաններ էր հիմնում։
Այդ սրճարանները դառնում էին բանավեճերի և բուռն քննարկումների հարթակներ ու միշտ լի էին հաճախորդներով։ Անգամ Հայաստանի հեռավոր շրջանների արվեստասերներն ու արվեստագետները հատուկ Երևան էին հասնում ինչ-որ ժամանակ անցկացնելու «Սկվազնյաչոկ-Միջանցահովիկում», «Դերասան», «Պապլավոկ», «Կազիռոգ» և «Նկարիչ» սրճարաններում։
«Դերասանը» «Սկվազնյաչոկի» դիմացի շենքի առաջին հարկում էր գտնվում։
«Պապլավոկը» դրամատիկական թատրոնի դիմաց։
«Կազիռոգ» սրճարանը նաև այսօր գտնվում է Օպերայի մոտ: «Նկարիչ» սրճարանը Հայաստանի նկարիչների միության շենքում։
Ավագ սերնդի արվեստագետներն ու արվեստասերները այսօր էլ կարոտով են հիշում մեր քաղաքի մշակութային կյանքի անցյալը։ Եվ հիշում են մի շատ կարևոր բան. բոլոր նշված
բոհեմ-կենտրոնները մեծ դեր են ունեցել սերնդի կրթման, քաղաքացու ձևավորման հարցում։
Չէ՞ որ այդ անկրկնելի սրճարաններում մշտապես ներկա էին մեր մեծերը՝ Լեւոն Ներսիսյանն ու Հովհաննես Շիրազը, Հենրիկ Իգիթյանն ու Ազատ Շերենցը,Վարուժան Վարդանյանը և Վանո Սիրադեղյանը, Ռաֆայել Քոթանջյանն ու Արմեն Մազմանյանը, ուրիշներ:
Առհասարակ, մայրաքաղաքի մտավորականության շատ ներկայացուցիչներ։ Մի սեղանի շուրջ կարելի էր տեսնել նշանավոր նկարիչներ Վրույր Գալստյանին, Աշոտ Հովհաննիսյանին և Հենրի Էլիբեկյանին բուռն զրուցելիս։
Սեղանների մոտ նստած երիտասարդ արվեստագետներն ու արվեստասերները միմյանց հետ գրեթե չէին շփվում, լուռ ըմպում էին սուրճը և ուշադիր լսում մեր նշանավոր մարդկանց խոսքերը, որսում ցանկացած բառ և արտահայտություն։ Այսինքն Երևանում արվեստի և մշակույթի անվերջ տոն էր, մշտական շփում տաղանդավոր անհատների հետ։
Ի դեպ, վերոնշյալ բոհեմ-կենտրոնների ուտեստներն ու խմիչքները բոլորովին էլ որակյալ չէին՝ ամենասովորական նրբերշիկն էր, օղին ու գինին։
Մենք վաղու՜ց ենք կորցրել մեր մայրաքաղաքի և հանրապետության այս անկրկնելի և նշանակալի կյանքը։
Այսօր կա՞ մի վայր, որտեղ ի մի կգան արվեստագետներն ու արվեստասերները, ստեղծագործական և տեխնիկական մտավորականության ներկայացուցիչները։ Այնինչ ես շատ կկամենամ (և ոչ միայն ես, շատ-շատերը իմ սերնդից) հանդիպել ներկայումս ապրող և ստեղծագործող նկարիչների ու դերասանների, բանաստեղծների ու ժուռնալիստների հետ։
Համոզված եմ, որ հնարավոր է և’ Երևանում, և’ երկրի մյուս քաղաքներում կյանքի կոչել նման բոհեմ-կենտրոններ, որոնք կդառնան խթան մեր զարգացման ու առաջընթացի համար։
Սակայն անհրաժեշտ է սրտացավ մեկենասների նախաձեռնությունը։
Երևանի Թումանյան փողոցում է գործել Խորհրդային Միությունում հայտնի Հայաստանի նկարիչների միության սալոն-վաճառատունը։ Այնտեղ վաճառվում էին նկարիչների գեղանկարներ, գորգեր,քանդակներ և այլ աշխատանքներ:
Հնարավո՞ր է վերականգնել նման սալոն-վաճառատներ մեր երկրում և դուրս գալ «ընկեցիկ» զավակի կարգավիճակից։
Ինչու՞ ո՛չ։
Վալենտինա ԱՂԱՅԱՆ