Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞րն է մեր կարգախոսը՝ «Ձայն բազմաց, ձայն Աստծո», թե՞ «Ձայն բարբառոյ հանապատի»

Ո՞րն է մեր կարգախոսը՝ «Ձայն բազմաց, ձայն Աստծո»,  թե՞ «Ձայն բարբառոյ հանապատի»
06.03.2025 | 22:32

Ասելիքս անհասցե չէ, միայն չգիտեմ, լսելի կդառնա՞:
ՀՀ Սահմանադրության 84-րդ հոդվածը սահմանում է՝
«Յուրաքանչյուր կարիքավոր և տարեց մարդ, օրենքին համապատասխան, ունի արժանապատիվ գոյության իրավունք»:
Եվ այս թղթային օրենքով ու իրավունքով էլ իրենց վաստակած հանգիստն ու երանելի ծերությունն են վայելում + - 420 հազար տարեց քաղաքացիներ:
Նրանք՝ չգնահատված ու ստվերում ծվարած կենսաթոշակառուները՝ կիսաքաղց , մսեղենի, կաթնեղենի, մրգեղենի, քաղցրեղենի կարոտ, հնահոտ հագուկապով, զրկված՝ շռայլության հասած դեղորայքից ու բուժումներից, հանգստի հնարավորությունից:
Կարո՞ղ եք այս ամենը տեղավորել նվազագույն զամբյուղում՝ չմոռանալով նաև մշակութային օջախներ այցելելու պահանջը, տեղաշարժվելու ցանկություններն ու իրավունքը, հարազատների՝ գոնե ուրախության առիթներին նվերներ տալու բնական հաճույքը:
Այս ամենին անհրաժեշտ է նաև ավելացնել ձմռան պարգևած դաժանությունները՝ բնակարանի ջեռուցումը՝ բնական գազով կամ հոսանքով, ձմռան տարրական մթերքի պաշար հայթայթելը և, ընդհանրապես, լույսի, տաք ու սաը ջրի վարձերը:
Դեռ` չէ մի չէ՛ Նոր տարի՜:
Թվարկելու շատ բաներ կան, բայց տարիքի հետ ա՛յլ պահանջները նվազում են, մոռացվում: Կարևոր է մնում գոյության պահպանումը:
Եվ երբ պաշտոնապես հայտարարվեց, թե նվազագույն կեսաթոշակի չափը 31.600 դրամից հասցվել է 36.000 դրամի, և դա մատուցվեց որպես երկրի պատմության մեջ ա՛ննախադեպ իրադարձւթյուն, «ցնծություն» չիմացա՝ խնդայի՞, թե՞ լայի:
Ոչինչ չի փոխվել:

Ոչինչ չի պակասել ու ոչինչ չի ավելացել այս մարդկանց կենսապայմանները բարելավելու, կյանքի վերջին տարիները արժանապատիվ ու լիարժեք ապրելու համար: Ինչպես 30, այնպես և վերջին յոթ տարում: 5 հազար դրամի հավելումը պարգև՞ է, թե՞ ծաղրուծանակ:
Մի՞թե կառավարական խոշոր, մեծամեծ ծրագրերում մի մանր կետ չպիտի լիներ խոցելի խավերի համար, սոցիալապես անհավասար ու անարդար պայմաններում հայտնված, իրենց անմարդկային ու անարժանավայել կյանքով տապակվող, մահվան երազանքով ապրող տարեցների համար:
Չէ՞ որ նրանք նույնպես, գուցե և՝ առավել չափով, իրենց ներդրումն ունեն երկրիս շենացման, պետության կայացման գործում:

Չհիշե՞լ, ուրանա՞լ:

Կներեք, բայց դա բարոյական չէ:
Քիչ է ասել, թե տխրում ու ցավ եմ ապրում փողոցներում, քարերին նստոտած, հնամաշ պայուսակներով կանաչի ու էժանագին միրգ վաճառող տարեցների համար:

Հիմնականում՝ միայնակ, զավակների կողմից լքված, պետության կողմից անտեսված, պետության գթությանը կարոտ…
Նախորդ տարիների տարին քի՞չ էր, յոթ տարին է՞լ պիտի ավելանար, ոչինչ չփոխեր նրանց կյանքում:
Բազմապատիկ աշխատավարձեր են բարձրացվում, լավ է, իսկ ինչու՞ ասենք, տասնապատիկ չեն ավելանում կենսաթոշակները: Սահմանադրությամբ նաև սոցիալական պետություն ենք, չէ՞: Իսկ ինչու՞ պիտի սոցիալական ա՛մենախոցելի խավը դեռևս գոյատևի սոցիալական անհավասար ու անարդար պայմաններում, նվաստացման ու ավելորդության զգացումով:
Արժանապատի՜վ գոյության իրավունքից զրկված:
Մի՞թե այս ամենը չի նշանակում մարդուն զրկե՛լ ապրելու իրավունքից:
Որքա՜ն ներողամիտ են, համբերատար, բարի ու հարմարվող, որովհետև ծնող են, տատ ու պապեր են, իրենց կյանքը ավարտված համարելով՝ զավակների ու թոռների կյանքով են ապրում՝ մո՞տ են նրանք, թե՞ հեռավոր ափերում:

Ժաննա ՂՈՉԻԿՅԱՆ

Հ.Գ.

ՀՀ հարգարժան կառավարիչներ, արդյո՞ք պետական բյուջեն ճաք ու շատ կորուստ կտա, եթե ինչ-որ առիթներով, ինչ-որ պատիկաչափով դրամական անակնկալ նվեր՝պարգևավճար, մատուցեք ձեր տեսադաշտից շատ հեռու գոյատևող ամենախոցելի խավերին:
Կենսաթոշակառուներին:
Բոլորին՝ առանց բացառության:
Եվ վերջում՝ թե՞ նրանք, նախորդ տարիների ամոթալի ավանդույթի համաձայն, դարձյալ պիտի մնան նույն մեծահարուստ բարեգործների՝ գթության հույսին:
Եվ ամենավերջում՝ մի՞թե ժողովրդավարությունը չի նախատեսում նաև ժողավրդասիրություն, մի՞թե սոցիալական պետության պարտականությունը չէ՝ սոցիալական բոլոր, հատկապես կյանքի խորշերում, իրենց կյանքը մաշող խավերի՝ արժանապատիվ գոյության իրավունքի իրացնողն ու երաշխավորը լինելը:

Խնդրում եմ, բարձրաձայնեք այս մասին, որ հասանելի լինի մե՛ր երկրային ամենաբարձրյալներին:

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ