Այսօր աշխարհը նշում է կանանց տոնը, շնորհավորում է նրանց, մաղթելով աշխարհի ամենագեղեցիկ բաներն ու նվիրում է աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն ու նվերները։
Հայաստանում էլ է այսօր տոն, բայց ինչպիսի տոն։
Մենք ճնշված ենք, մեր կանայք հոգսերի ու ցավերի մեջ կորած են, մենք ունենք հազարավոր սևազգեստ կանայք` մայրեր, հարսներ, աղջիկներ։
Մենք ունենք տարհանված կանայք, որոնք ուրիշի տան դռան, կարիքի մեջ, չեն էլ հիշում, որ այսօր տոն է։
Է, ենթադրենք, թե հիշեցին, ինչով տոնեն և ինչ սրտով տոնեն։
Գոնե հանուն այդ տոնի, կուրծք ծեծող ՀՀ իշխանություննե՛ր, արցախցիների աջակցության նպաստներն ու թոշակները տայիք։
Ձեր կանանց շնորհավորելիս, թանկարժեք նվեր գնելիս, ձեր աչքի առաջ չեկա՞ն արցախցի կանայք, որոնք այսօր հազիվ կկարողանան հաց առնել և կարտոֆիլ եփել։
Որոնք հազար երանի կտան շրջափակման օրերին։
Ձեր կանայք է՞լ չհիշեցին նրանց, նրանք ինչ սրտով զուգված, զարդարված, ձեզ թևանցուկ արած այսօր կմտնեն էլիտար, թանկարժեք ռեստորաններ ու զվարճատներ։
ՀՀ իշխանություննե՛ր, մարդկային գութը գիտե՞ք թե ինչ բան է։
Այսինքն, գիտեք, իհարկե գիտեք, այլապես Թուրքիայի երկրաշարժի ժամանակ ինչու էիք իրար խառնված օգնություններ ուղարկում, ՈՒկրաինային ինչու էիք օգնություն ուղարկում։
ՈՒղղակի, արցախցին ձեր աչքի փուշն է և խոր է խրվել։
Դուք ի՜նչ հայ եք։
Մի վայրկյան չմտա՞ք այն արցախցի տղամարդու վիճակի մեջ, որը էլի գլխիկոր տուն պիտի մտնի , տանտիրոջ վարձ պահանջող հայացքը տեսնի, և մի անկյունում կուչ գա, չկարողանալով նայել իր մոր, կնոջ, աղջկա, հարսի աչքերին։
Դուք ի՞նչ հայ եք։
Թոշակների տրամադրման օրերը 5-7-ն է։
ՈՒ՞ր են նրանք։
Ձեր 50- ը ձեր գլխին տված, մեր թոշակը տայիք մեզ։
Իմ սիրելի արցախցիներ, գիտեմ, շատերիդ տանը ճոխություն է 1000 դրամ լինելը, բայց դիմացեք, ձեր ցավը տանեմ, մենք թրծված ենք նեղությունների, արհավիրհքների ծովի մեջ։
Այս մեկին էլ կդիմանանք։
Ի վերջո, Աստված պիտի մեզ նկատի, թե՞ չէ։
Արցախցի տղամարդիկ, ձեզ հպարտ պահեք, ինչպես միշտ եղել եք ։ Ձեր կանանց հետ այսօր քնքուշ եղեք, սիրալիր եղեք և դա ամենամեծ նվերը կլինի նրանց համար։
Մարտի 8- երը կգան, կանցնեն, կմնա սերը, գութը, նվիրվածությունը, հավատարմությունը։
Հիշեցեք նախորդ տոները` Արցախում, տրվեք լավ ու քաղցր հիշողություններին ու քիչ թե շատ քաղցրացրեք ձեր դառնությունը։
Այս ամենի վերջը կգա, արցախցին կվերադառնա, և իր կյանքից կջնջի այս մղձավանջը։
Հավատացեք, մեր դռանն էլ կչոքի հաջողություն բարձած ուղտը։
Սիրելի կանայք, թող այս մի տոնն էլ այսպես անցնի։
Ցավը կողքի դրեք, լավ հուշերից ուժեղ ցավազրկող չկա։ Եթե այսօր մի հատ կակաչ կամ ձնծաղիկ կստանաք, ուրեմն դրանից թանկ նվեր չկա, որովհետև սիրուց ծնված, սրտից պոկած նվեր է։
Եվ վերջում, ուզում եմ նորից շնորհավորել բոլոր հայուհիներին, մաղթել նրանց խաղաղություն, անձնական, ընտանեկան սեր, համերաշխություն ու այս իշխանություններին էլ` ողջամտություն, խելք, գութ։
Արթնացեք եղբայրնե՛ր, ձեր սուրճը խմեք և մի քաղցր խոսքով, շնորհավորանքով, բարձրացրեք ձեր կանանց տրամադրությունն ու ասեք`
Շնորհավոր ձեր
մարտի 8- ը,
հայուհինե՛ր։
8 մարտի 2024 թ.
Աննա ԱՅՎԱԶՅԱՆ