Մարտի 17
Առանձնացիր Ինձ հետ հաղորդակցվելու համար:
Լուռ հանգստացիր ու հանդարտվիր այդ անդորրի ու խաղաղության մեջ:
Չկա ավելի մեծ ուրախություն, քան այն, որ դու գտնում ես` ընկերակցելով և Ինձ հետ խոսելով:
Դու Ինձ ես պատկանում: Երբ հոգին իր հանգստի տունը գտնում է Ինձ մոտ, այդ ժամանակ է, որ սկսվում է նրա իսկական կյանքը: Իմ թագավորության մեջ մարդու տարիքը չի չափվում տարիներով, ինչպես մարդիկ են անում:
Մենք մարդու իրական կյանքը հաշվում ենք երկրորդ ծննդից, ինչի մասին Ես հայտնեցի Նիկոդեմոսին` ասելով,
«Պետք է, որ դու վերստին ծնվես»:
Մենք Հավիտենական կյանքից զատ, ուրիշ մի կյանք չենք ճանաչում. երբ որևէ մարդ ներս է մտնում այդ կյանքի մեջ, այդ ժամանակ է, որ ապրել է սկսում:
Իսկ հավիտենական կյանքը նշանակում է` ճանաչել Աստծուն. Իմ Հորը և Ինձ` Որդուն, ուղարկված Իր կողմից:
Այնքան անմիտ, տղայական ու դատարկ է այն կյանքը, որ մարդիկ ապրում են` մինչև վերստին ծնունդ առնելը: Սեր եմ տեղում ձեր վրա:
Փոխանցեք սերը ուրիշներին:
Վախկոտ մի’ եղեք:
Վախն ավելի մեծ անմտություն է, քան այն տղայի արարքը, որ քիչ փող, բայց հարուստ հայր ունենալով` մտահոգության է մատնվում` տան վարձը տալու և իր առօրյա կարիքները հոգալու համար:
Ի վերջո, այդ գործը, որի մասին դու այդպես մտահոգվում ես, Ի՞մ գործն է, թե՞ ոչ:
Դուք պետք է անվերապահորեն վստահեք Ինձ: