Ազգային ժողովի ամբիոնից Կապիտուլյանտը հայտնեց, որ դուք եք Կապիտուլյանտը և փաստորեն երեսունամյա ձեր գործունեությունը եղել է կապիտուլացիայի ակտի կազմելը, որ հետո փաթաթեն իր վզին։ Ապա ավելացրեց.
- Երեք նախագահներդ էլ քաղաքական դիակ եք,- և ասես փողոցային լակոտի վրա գոռար, բողազը տրաքացնելով մատ էր թափ տալիս,- երեքիդ էլ պատովը կտամ, էնպես պատին կծեփեմ, որ ձեր մնացորդները ձեր վրայից կթափվեն, ձեզ ոտի տակ կտամ...
Մոտավորապես էսպես։
Այսպես խոսեց նա` ով ոտնատակ տվեց ազգային բոլոր սրբությունները։
Ժողովրդական առածն ասում է.
«Երկիրը որբի գլուխ չէ, որ ով ասես վրեն դալլաքություն սովորի»։
Ահա ամբոխավարության մեր վնասները. ամբոխի ցանկությամբ և կամեցողությամբ իշխանությունը տրվեց մեկին` ով յոթ տարի շարունակ խուզեց մեր գլուխը` ծամծմելով, փնջեր, մարգեր ու ակոսներ թողնելով` այն վերածելով քոսոտ արոտավայրի։
Հիմա դիմում եմ Անկախ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահին` Լևոն Տեր- Պետրոսյանին, երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին.
բա դուք ամո՞թ ունեք, նամու՞ս ունեք, եթե ամոթ ունեք ապա ինչու՞ գետինը չեք մտնում, որտե՞ղ է ձեր արժանապատվությունը, որտե՞ղ է ձեր նամուսն ու թասիբը...
Ախր, շուրջ երեսուն տարի դուք ղեկավարել եք Հայաստան աշխարհը, դրել եք մեր երկրի հիմնաքարերը, Արցախը զերծ պահել ադրբեջանական հարձակումներից, տարել եք հաղթանակներ, թշնամուն պարտադրել ստորացուցիչ զինադադար, Հայատանի սահմանները զորացրել և ամրապնդել, զորակցել աշխարհում երկրորդ հայկական պետության` Արցախի հանրապետության ստեղծմանը և զորացմանը, ստեղծել Կովկասում ամենամարտունակ բանակը, ուղի հարթել, որպեսզի հայն իր երկրում ապրի ազատ, անկախ ու ապահով, լինի իր երկրի հպարտ ու արժանապատիվ քաղաքացին, աշխարհի որ ծագում էլ լինի` քայլի գլուխը բարձր, ճակատը պարզ ու պատիվը բարձր: Աշխարհում առաջին սոցիալիստական երկիրը` Սովետական միությունը ընդամենը 70 տարվա կյանք ունեցավ, իսկ դուք Արցախի հանրապետությանը 30 տարվա ջահել կյանք նվիրեցիք, գրեթե Քրիստոսի տարիքին հավասար կյանք, ինչ խոսք, նույնքան էլ տառապանք, որը սակայն հաղթանակներով պսակեցիք:
Բա հիմա ի՞նչ պատահեց, ինչու՞ եք թույլ տալիս, որ ձեր լակոտը ձեզ դիմի որպես լակոտի, մատ թափ տա` սպառնալով ոտնատակ տալ ձեր մարմինը, պատիվն ու արժանապատվությունը:
Եթե նա գիժ է ու խելառ, ապա դուք ի՞նչ եք, ինչու՞ եք լռում, ինչու՞ եք սսկված, կրիայի պես պատսպարվել պատյանի մեջ, ինչու՞ միակամ չեք, ինչու՞ եք ջլատված ու պառակտված:
ՈՒ՞ր մնացին ձեր քաղաքական կշիռը, խարիզման, ձեր հետևորդները, ինչու՞ եք թույլ տալիս, որ երբեմնի լակոտը ձեր վրա գոռա իբրև լակոտի:
Ասում են` տարակարծիք եք, հակասություններ ունեք, անտագոնիստական շահեր, որ ոչ մի կերպ չեն հանգուցալուծվել ձեր տեսլականում։
Բայց մի՞թե անձնական շահերը վեր են հայրենիքի շահից, մի՞թե դա հարիր է բարձրակարգ քաղաքական գործիչներին, այն էլ այն դեպքում, երբ երկիրը կանգնած է կործանման եզրին։ Միմյանց ներող եղեք, հաշտ ու միկակամ։ Երկրի շահը դա է պահանջում։ Հայրենյաց տաճարում, ասես քավության մյուռոնում տարրալուծվում են ամեն մի մեղք, թույն և թշնամանք։ Նման դեպքերում ներում է ոչ միայն կույր աչքը, այլև կույր սիրտը։
Թև ու թիկունք եղեք, կանգնեք հաշտության հարթակին և հավատացած եղեք, ՀԱՂԹԱՆԱԿԸ ձերը կլինի, մերը կլինի, հայ ժողովրդինը կլինի և մեր երկիրը այլևս չի խարխափի անդունդի եզրին։ Անդունդից անդին թռիչքն է` դեպի հաղթանակ, դեպի վաղվա օրը, դեպի լուսապայծառ ապագա։ Ողջամտությունը երբեք չի լքել հայ ժողովրդին, հուսամ որ նաև երեք նախագահներիդ` Լևոն Տեր Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ
Հ.Գ.
Հ.Հ. երեք նախագահների միավորումը կարող է իրականանալ նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի մասնակցությամբ և օրհնությամբ։
26.03.2025թ.