Ապրիլի 14
Որդինե’ր, Ես միշտ առաջնորդում եմ ձեզ: Երբեմն նույն ճանապարհով մեկտեղ քայլելը կարող է և չլինի, բայց Իմ առաջնորդությունը` միշտ կա: Աստված հրաշալի կերպով գործածում է ձեր երկուսին: Առաջ ընթացեք հրճվանքով և, ի վերջո, կտեսնեք այս բանը:
Կատարյալ մարմնամարզիկ լինելու համար նախ պետք է հավասարակշռություն պահել սովորել: Կատարյալ հավասարակշռություն ու ներդաշնակություն պահելն է, որ սովորեցնում եմ ձեզ հիմա: Այս բանը կտա ձեզ անհրաժեշտ զորությունը, որպեսզի կարողանաք հրաշալի կերպով արտահայտել այն, երբ ձեր կյանքը շփման մեջ մտնի ուրիշ կյանքերի հետ:
Բնակակից եղեք Ինձ. Ինձ դարձրեք ձեր կյանքի կենտրոնը: Հարաբերվելիս այնպես արեք, որ Ես ձեր էության կենտրոնը դառնամ: Այս է, որ ձեզ իսկական հավասարակշռություն կտա:
Հեռանկարը - այն նպատակը, որ դուք երկուսդ էլ ունեք` միջոցներ գտնելն է, որով կկարողանաք հեռացնել արգելքները ձեր ճամփի: Երբ Իմ աշակերտը տեսնում է հեռավոր նպատակը, որ Ես ունեմ, այդ տեսնելն իսկ` արդեն հնարավորություն է տալիս նրան անհրաժեշտ ուժ ստանալ, որպեսզի կարողանա հեռացնել մեջտեղից ամեն մի արգելք, որ գտնվում է իր այդ տեսողության դաշտում:
Դուք երկուսդ էլ հզոր ուժ ունեք այս բանը անելու: Հոգևոր Լույսը ինքնին հրաշագործ է:
Հաճախ մարդիկ զուր ժամանակ են վատնում իրենց տեսածը հասկանալու համար: Սակայն Ես ասում եմ, որ տեսնելու մեջ իսկ` իրագործվում է այն ստեղծելու Իմ ողջ նպատակը:
Իզուր չէ, որ Իմ աշակերտներին ասացի. «Շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել այն»: Բայց ձեզ և բոլոր այն երկու հոգիներին, որոնք մեկտեղ են գալիս լսելու Ինձ, ինչպես որ դուք եք անում, Ես կարող եմ հայտնել այն բոլոր բաները, որոնք Ես չասացի այն ժամանակ:
Իմ Պողոսի պատգամը պարզ է. «Անհավատների հետ լծակից մի եղեք»: Երբ երկու հոգի միաբանվում են Ինձ հետևելու ցանկությամբ, նրանց առաջնորդելու Իմ Զորությունը անչափ մեծանում է: Բայց ափսոս, որ շատ քչերը հասկացան այս ճշմարտությունը: