Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

MADE IN TURKEY (մաս 40-րդ)

MADE IN TURKEY (մաս 40-րդ)
12.05.2025 | 18:21

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին ՝ 2018-2025 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ 39-ՐԴ

(կամ` «կրթելու» պատրվակով, լիցենզավորված երկու բոսյակ պերմանենտ փորձարկում են երկրաշարժի էֆեկտով լիցքավորված նոր «զենք»)

«Իրական» Հայաստանում «Բանն» է` «Կրթվելը նորաձև է»

«ՍԿԻԶԲՆ ԵՐԿԱ՞ՆՑ»

Ըստ Հին ուխտի, և Հովհաննես ավետարանչի,

նախ` «Բա՛ն»-ն էր:

«Բառ»-ը… երեք հնչյունից բաղկացած սովորական միավոր, շնորհիվ որի էլ աշխարհում ստեղծվեց ամեն ինչ:

Ոմանք, թերևս, տարակուսեն` վկայակոչված տերմինը, որ քերականական կանոններին համապատասխան ունի արմատ, շեշտ, ինքնուրույն գործածություն, ու կոչվում է նաև խոսք, սկիզբն էր երկա՞նց:

Սակայն երբ Լույսի առաջնորդությամբ, ունիսոն հարմոնիայի մեջ, մխրճվում ես մի քանի տառ համակցած այդ հնչյունախմբի գաղտնախորհուրդ շերտեր` նահանջում են «անհնարին»-ության սահմաններն ու ակնհայտ դարձնում մշտագո Բացարձակը:

Ով ականջ ունի` կլսի գեղահրաշ հայերենով «Բանի» հյուսած իրապատումը յոթ օր- յոթ գիշերվա մասին:

Նաև կընկալի` մենք ու մեզ շրջապատող աշխարհը հավիտենական Մտածումի արտահայտությունն ենք ժամանակի մեջ:

Հայոց բառ ու բանն ամբողջացնող լեզվական շտեմարանի` իր մյուս «ցեղակիցներից» ոչնչով չտարբերվող, հասարակ գոյականը` «բան»,

տառ-հնչյուններից անդին բյուրեղացրել ու մեզ է փոխանցել Աստծո արարչագործության ամենամեծ առեղծվածի իրական մատենագրությունը` «Ծննդոց» անցյալը, ներկան ու ապագան:

Ըստ Նոր կտակարանի`

«Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մոտ էր, և Բանը Աստված էր» (Հովհաննես, 1:1):

Սա Հովհաննես Առաքյալի ավետարանի նախամուտն է, որ խորհրդանշում է խոսքի նախաստեղծ էությունը, ուժն ու ազդեցությունը:

Խոսք, որով եղավ ամեն ինչ և «առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է» (Հովհաննես, 1:3):

Բառի ներքին այդ զորությունն էր, որ Աստծո «եղիցի՛» հրահանգով արարեց լույսն ու աշխարհստեղծման ճարտարապետության հիմքը դրեց.

«Երկիրն անձև ու անկազմ էր, խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա:

Եվ Աստված ասաց. «Թող լինի լույս»: Եվ լույս եղավ» (Ծննդոց, 1, 2:3):

Խոսքն էր կրկին, որ դարձավ Աստծո և Ադամի հաղորդակցության միակ միջոցը:

Միածինը ևս, որ Աստծո կենդանի խոսքն է, բացառապես, բառի զորեղությամբ էր բժշկում կարոտյալներին, հարություն տալիս մեռյալներին, հալածում դևերին:

Նախագո խոսքի միջոցով է ճանաչվում նաև մարդը.

«Լսեցէ՛ք և իմացէ՛ք. ոչ թէ` ինչ որ բերանով է մտնում,

ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից`

ա՛յն է պղծում մարդուն» (Մատթ. 15:10-11):

Ավետարանական ճշմարտությունը, որ հնչել է Հիսուսի շուրթերից գրեթե երկու հազարամյակ առաջ, ինչպես երեկ էր արդիական, այնպես էլ` այսօր:

Բառերն են, որ ի ցույց են դնում անհատի սրտի խորհուրդները, նրա ներաշխարհի` չարի ու բարու սահմանները:

Խոսքը, որ ունի հիշողություն, հայելային արտացոլանքն է ոչ միայն անhատի, այլև ազգի մտածողության, նրա կենսափիլիսոփայության, ստեղծած հոգևոր ու մշակութային արժեքների:

ՉԿԱ՛ «ԲԱՆԸ»` ՉԿԱ՛ ՀԱՅՐԵՆԻՔ

«Բան»-ը, որ «սկզբից էր», մեր օրերում ոչ միայն

հալածված է ու գետնաքարշ, այլև խտացած է մանիպուլյատիվ շոուներով:

«Իրական» Հայաստանում «Բանն» է` «Կրթվելը նորաձև է»:

Երբ խոսքին զուգակցված միտքը մանրացավ, կոտորակվեց, վերածվեց ընդամենը դիմատետրում ու տարբեր լսարաններում արված ծանծաղամիտ բառախաղության ու «Բան»-ը դարձավ ընդամենը ստատուս, պարզվեց` «Կրթվելը նորաձև է, մոդան`անցողիկ»:

«Գերժամանակակից» այս դատարկաբանության կրակային հարվածի իսկական թիրախը հայոց պատմությունը, հայ մշակույթի հարուստ և ինքնատիպ ողջ ժառանգությունը, հայի ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվությունը ժխտելն է, փոշիացնելը:

Նպատա՞կը:

Հայոց «Խոսքի» անդաստանում գլխատել-ոչնչացնել «սկզբից բանն էր» ճշմարտությունը, իմա` խոսքը, որը ժողովուրդներին ու հանրություններին կարող է, թե՛ հերոսոցնել, թե՛ կործանել ու դժոխք ճանապարհել:

Որքան էլ մոգական ռեալիզմը համարվում է գրական ժանր, դրսևորվում է կինոյում և վիզուալ արվեստում, այնուամենայնիվ, երբեմն կախարդության տարրերը ռեալ միջավայրի մաս են կազմում, և, զորօրինակ, ի հայտ են գալիս համեմված` «Կրթվելը նորաձև է» ճենճահոտ, պղտոր սոուսով:

ՈՒ «կադաստրի վկայականով» արտոնագրված երկու թերուս` զրոյական ինտելեկտով, փորձում են բովանդակազրկել հայոց «Խոսքի» բուն էությունն ու արժեքը, ամբոխացնել մասսաներին, վերածել առանց նպատակների գոյատևող կենսաբանական զանգվածի, որի համար չկա հող հայրենի, չկա Աստված, չկա հավատք, իսկ մտածողության միակ կարևոր օրգանը ստամոքսն է:

Այդ համատեքստում էլ թատերական «լավագույն ավանդույթներին» համաձայն, մի օր կպարզվի` չկա՛ «Բանը»` չկա՛ հայրենիք:

Կա ընդամենը օրավարձու հացկատակ պնակալեզների բնակատեղի, որը կարելի է և «Արևմտյան Ադրբեջան» անվանել:

«Կրթվելը նորաձև է» բառակապակցությունը լավ մոռացված հինն է: Ինչպես ասված է.

«Եվ ոչ մի նոր բան չկա այս արեգակի ներքո» (Ժողովող, 1:10):

Բայց մինչ «հնի» իրական հեղինակներին ի հայտ բերելը ֆիքսենք` որքան էլ անհավատալի է, այնուամենայնիվ, ազգի մտավորականության ու գիտական մտքի հանցավոր թողտվությամբ, «կրթելու» պատրվակով, լիցենզավորված երկու բոսյակ, հայոց ուսումնական, գիտական, մշակութային օջախներում, պերմանենտ փորձարկում են երկրաշարժի էֆեկտով լիցքավորված նոր «զենք»:

Առասպե՞լ է:

Ո՜չ:

Մեր իրականությունն է:

Թերևս, ֆանտաստիկայի ժանրից թվա, այնուամենայնիվ, «Նպատակն արդարացնում է միջոցները» հայտնի սկզբունքով կառուցված այս թաքնագիր-«զինատեսակն» ի զորու է առանց մեկ կրակոցի ներսից փլուզել ցանկացած երկիր:

Առաջացրած հետցնցումներն իսկական ավերածություն են գործում:

Ո՞րն է 25-րդ կադրի տեխնոլոգիայով կառուցված և կամավոր-պարտադիր սկզբունքով «տգետների դասընթացների» ակնդիր-ունկնդիր դարձածների ենթագիտակցության վրա անմիջականորեն ազդող դանդաղ գործունեության այս «զինատեսակի» քվինտ-էսենցիան:

(շարունակելի)

ՓիրուզաՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ