Անկախ Հայաստանի բանակի 20-ամյակը կլրանա 2012-ի հունվարի 28-ին։ Երիտասարդ «ալևորը» մարտական փառահեղ ճանապարհ է անցել և այժմ էլ փորձում է զարգացնել իր նվաճումները։ Չնայած սրան, մեկ տարի է` տարբեր մակարդակներում քննարկվում են բանակում մահվան դեպքերը։ Ցանկացած երկրի զինված ուժերում էլ զինծառայողի և սպայի միջև, ինչպես նաև նորակոչիկների և «дед»-երի միջև խնդիրներն այնքան օրինաչափ են, որ տվյալ երկրում ստացել են իրենց համապատասխան անվանումները (օրինակ, ինչպես արդեն փաստեցինք, ՌԴ-ում տվյալ երևույթը կոչվում է «дедовщина»)։ Ավելին, քիչ չեն նաև սպանության դեպքերը։ Սակայն խնդրին առավել հետևողականությամբ անդրադառնում են Հայաստանում։ Մեր այս դիտարկմանը հետևեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետևյալ պատասխանը. «Մեր կողմից հասարակական իրազեկումը կատարվում է` պահպանելով բանակի գաղտնիության ռեժիմը։ Պարզապես շահարկման գործոնը բավականին մեծ է, որն ունի նաև իր քաղաքական նպատակը»։
Սակայն արդյոք խնդիրը միայն քաղաքակա՞ն է, արդյոք բացառվո՞ւմ են անձնավորված մտեցումները։ «Ե՛վ քաղաքական, և՛ անձնավորված նպատակները չեմ բացառում։ Բանակի դերակատարությունն իջեցնելու նպատակով կարող են շահագրգռված լինել թե՛ արտաքին, թե՛ ներքին ծագման կազմակերպություններ և մարդիկ»,- ասաց նախարարը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հ. Գ. -Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք հաջորդ` հունվարի 24-ի համարում։