Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նա իր կյանքով ու վարքով վկայեց և ոչ միայն խոսքով

Նա իր կյանքով ու վարքով վկայեց և ոչ միայն խոսքով
25.09.2009 | 00:00

Մի օր կեղծավոր մեկը, որպես թե Քրիստոսին առավել նախանձախնդիր, վրդովված բողոքում էր, թե` ուր գնում եմ, ժողովուրդը Զորավար Անդրանիկի հավատի մասին բուկլետից է խնդրում, փոխանակ Քրիստոսի մասին կարդան: Նրան ասացի, թե Աստված իր գործերով է ճանաչվում, Քրիստոսն անպտուղ կլիներ, եթե չլինեին առաքյալներն ու սրբերը, սուրբ զորավարները, որոնց գործերին ծանոթանալով է սկսվում շատերիս աստվածճանաչողությունը, ինչպես Տերն ինքն է առակով այդ մասին ասել. «Եթե ցորենի հատիկը հողում չմեռնի, միայն ինքը կմնա, բայց երբ մեռնի` կհառնի բազում պտուղներով»: Բնականաբար, նաև Անդրանիկ Զորավարի հավատի վկայությունը Քրիստոսի հաղթանակներից, Քրիստոսի գործերից մեկն է, ինչպես առաքյալների և բազմաթիվ, մեծ թե փոքր սրբերի վկայություններն են: Եվ առաքյալներն ու սրբերը, սուրբ զորավարները Քրիստոսի հաղթությամբ հառնած այդ պտուղներից են, և ժողովուրդը, նրանց մասին կարդալով, նրանց վարքի միջնորդությամբ Տիրոջ զորությունն է սկսում ճանաչել: Այդպես, քայլ առ քայլ հավատն ամրացնելով, օրեցօր մոտենալով Բուն Արմատին` Աստծո Բանին: Երբ իրականության մեջ գործը չընդունելով՝ Գործողին այդչափ մերժած պիտի լինեինք: Եվ մենք հարկավոր ուշադրություն պիտի դարձնենք Ավետարանի` «Աստված մեր մեջ է» արտահայտությանը: Եթե սրբերը և սուրբ զորավարները, որ մարդ են և մեզ նման, երբ նրանց մեջ գտնվող Աստծուն չճանաչենք, չընդունենք, նրանց` որպես կենդանի վկաների չսիրենք, նրանց գործը չտեսնենք, ապա, որքա՞ն է հավաստի, թե Աստծուն տեսնում ու ճանաչում ենք ու սիրում, այն էլ՝ լավագույնս: Երբ Ավետարանն էլ նույնն է ասում. «Սիրենք Աստծուն, որովհետև առաջինը նա՛ սիրեց մեզ: Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Հովհաննես-4): Իսկ սրբերը, կենդանի զորավոր վկաներն ավելին են, քան միայն որպես եղբայր եթե անվանեինք:
Այս նախաբանը գրեցի որպես Գևորգ սուրբ Զորավարի վարքի մասին խոսելու հենարան, որովհետև Գևորգը «Կենդանի Աստծու ներկայությունն իր մեջ ունենալու» մի վիթխարի վկայություն դարձավ ողջ մարդկության ուղղահավատ մասի համար: Ըստ այդմ, կապադովկացի այս Զորավարի անունով բազմաթիվ եկեղեցիներ կան նաև Հայոց աշխարհում:
Հավատի այն աստիճանակարգը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվերով Զորավար Գևորգն է դնում, խախտում է սովորական մարդու բանականության ցածր կարողություններն ու նրան մղում վեհին, կենդանի հավիտենականին, որին հավատով նույն պահին կարող ես հարաբերվել ու ապաշխարել:
Գևորգի վկայությունները երկարաշունչ քարոզություններից չեն բաղկացած, որ այսօր սովորություն է, այլ, թվում է, մի քանի նախադասությունից միայն, որ հավատացողին միանգամից կապում են Բնաղբյուրին ու հարաբերում Հարության կյանքի ակնհայտ ճշմարտությանը: Որովհետև Գևորգն իր կյանքով ու ապրելակերպով, կենդանի վարքով վկայեց և ոչ միայն խոսքով:
Դիոկղետիանիոս կայսրը, բազմիցս տանջանքների ենթարկելով սպանեց Գևորգին, և Քրիստոսը, ինչպես նախապես խոստացել էր, երևալով, կենդանացրեց նրան ու բժշկեց նրա վերքերը: Եվ այս ամենը եղավ ժողովրդի, կայսրի ու նրա շքախմբի աչքերի առաջ: Կռապաշտ կայսրության մեջ Գևորգի մի քանի անգամ հարություն առնելը մեծ երկրաշարժի նման մի բան եղավ, և Գևորգի հարության վկայություններով՝ երկրում անհավատությունը խարխլվեց, ասես իսպառ փուլ եկավ: Մարդիկ Գևորգի միջոցով ակնհայտորեն հարաբերվելով կենդանի Աստծուն` չէին վախենում Դիոկղետիանոսի մահվան սպառնալիքներից և աղաղակում էին. «Մե՜ծ է քրիստոնյաների Աստվածը...» ու... իրենց ընտանիքներով ծնկի գալիս և հավատում էին Քրիստոսին, խոստովանում իրենց մեղքերը, համաձայնվում նահատակվել, քան իրենց տեսած ու լսածին չհավատալ: Գևորգի` բազմիցս հարություն առնելու վկայություններով Աստծուն դարձան Հռոմեական կայսրության ամենաերևելի զորավարները և անգամ` երկրի թագուհին: Գևորգ Զորավարի վկայության մեջ կա հավատի մի գեղեցիկ մարգարիտ ևս, որին հասնելիս կոկորդդ սեղմվում է: Վկայությունը Գղերիկոս անունով մի գյուղացու մասին է: Նա իր արտն էր վարում, երբ եզներից մեկը սատկեց: Այդ ժամանակ էր, որ նա լսեց Գևորգ Զորավարի հարության մասին և շտապեց բանտ հասնել, ուր Գևորգն էր արգելանքի մեջ: Բանտի բակը ուխտատեղի էր հիշեցնում:
-Միայն մեկ եզով վար անելը դժվար է, խնդրիր քո Աստծուն, որ իմ եզանը հարություն տա,- Գևորգին խնդրեց այս ընտիր գյուղացին:
Գղերիկոսը, երբ տուն հասավ ու սատկած եզանը տեսավ կենդանացած, այդժամ թողեց և՛ վար, և՛ տուն ու հետ դարձավ, աղաղակելով՝ Մեծ է քրիստոնյաների Աստվածը, ես հավատում եմ Գևորգի Աստծուն: Եզան հարությամբ շատերը Քրիստոսին դարձան, և Դիոկղետիանոսը նահատակեց այս սքանչելի մարդուն՝ Գղերիկոսին, որը հավիտենական կենդանություն գտավ իր մարգարտյա, անխարդախ հավատով:
Գլուխը կորցրած Դիոկղետիանոսը հրամայեց իր թագուհի կնոջն ու Գևորգ սուրբ Զորավարին տանել կառափնարան և գլխատել: Թագուհին ճանապարհին մահացավ ի Տեր, խաղաղությամբ: Իսկ սուրբ Զորավարն իր վկայաբանության գործն ավարտված համարելով` աղոթքով իր հոգին հանձնեց Աստծուն և ծնկի գալով դիմեց դահիճներին. «Ձե՛ր թագավորի հրամանը կատարեցեք»:
Քրիստոսի վկա սուրբ Զորավարը սրով գլխատվելով ի Տեր` նահատակվեց 303 թվականին: Այս տարի սեպտեմբերի 26-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Գևորգ սուրբ Զորավարի տոնը:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2760

Մեկնաբանություններ