«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Իր խոսքով ու գրով ազգապահպանության ու հայրենապահպանության ճանապարհ ցույց տվող ազգային մտավորականներից էր

Իր խոսքով ու գրով ազգապահպանության ու հայրենապահպանության ճանապարհ ցույց տվող ազգային մտավորականներից էր
17.08.2025 | 12:15

Մտավորական լինում են շատերը։ Սակայն քչերին է տրված ազգային մտավորական համարվելու բարձր առաքելությունն ու կոչումը։

Երեք տարի առաջ` այս օրը մեզանից պակասեց Հրաչուհի Փալանդուզյանի գույնն ու առինքնող կերպարը։ Բայց

նրա ներկայությունը մենք մի'շտ ենք զգում։ Երբեմն բացեք ու թերթեք Հրաչուհի Փալանդուզյանի դիմագրքի էջը, և կտեսնեք, թե որքա՜ն արժեքավոր էր նրա խոսքը, մտքի ուղղությունը, թե ինչպիսի գոյաբանական ու աշխարհաքաղաքական մարտահրավերների առաջ է կանգնած հայ ազգը:

Լեզվաբան, հայագետ ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ ազգային մտավորական էր իր էությամբ, ողջ կյանքի ընթացքում։ Նա այն հազվագյուտ ամենատեսներից էր, որ դեռ 2018-ի ժողովրդական ալիքի խելահեղ օրերին կանխազգում էր, որ գալիս է հակահայ մի ուժ, որը կապ չունի Հայի ու մեր պատմության հետ։ Կանխատեսում էր, թե ինչ է լինելու ու ինչ աղետ է նախապատրասվում և ինչ կարող ենք կորցնել, եթե ժամանակին չկանգնեցնենք այդ ամենը։ Կանխատեսում ու գրում էր, բայց լսում ու հասկանում էին քչերը։

Ես չեմ հիշատակի, թե ինչպիսի արժեքավոր ուսումնասիրությունների հեղինակ էր Հրաչուհի Փալանդուզյանը, ինչ հոգևոր ժառանգություն էր ամբարված նրա գրքերում, որոնցից քանիսը դեռ անտիպ էին։ Միայն կասեմ, որ նրա կյանքի ամեն օրը, հատկապես վերջին չորս տարիներին, պայքար էր, պայքար` բոլոր թշնամի ուժերի թիրախում հայտնված մեր ազգային ժառանգությունը, արժեհամակարգը չկորցնելու, հայի հոգևոր դիմագիծը պահպանելու համար։

Իսկ վերջին օրերի գրառումներն էլի հայրենիքի ցավի ու տագնապների մասին էին։

Զետեղում եմ 2022 թվականի օգոստոսի 3-ի նրա գրառումներից մեկը, որտեղ շատ հետաքրքիր մտքի զուգահեռներով, պատմական համեմատություններով ցույց է տվել մեր ` ճիշտ պահին, ճիշտ ու մտածված քայլեր կատարելու կարևորությունը.

«Լուրջ կուլ տված ապրում ենք»

Արյունարբու թշնամիներով շրջապատված Բայազետի միջնաբերդից օգնության աղերսը ռուս

զինվորականներին հասցնելու համար Րաֆֆին այլ միջոց չի մտածել, քան իր հերոսին քրդի շորեր հագցնելն ու նրան խենթի դեր տալը: Վարդան անունով Խենթն իր դերը հիանալի է կատարում, ոչ միայն նամակն է տեղ հասցնում, այլև թշնամու զորքերի մասին կարևոր տեղեկություններ է հավաքում: Ռուս-թուրքական պատերազմի այդ կարճատև փուլում հաջողությունը հայերին բերանի ծայրով ժպտում է: Սա այլ պատմություն է, այդուհանդերձ խենթությունը ձոներգել է նաև Սևակը.

Երբ չի լինում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար:

…Հիմա մենք ինչո՞ւ ենք այսքան լուրջ….

3.08.2022»։

Սիրելի ուսուցիչ, ուզում եմ ասել, որ Ձեր վաղուց սկսած պայքարը շարունակվելու է։ Այդ ես եմ Ձեզ ասում Րաֆֆու Խենթի իմ նախապապի` նույն ինքը ՍԱՄՍՈՆ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆԻ սերունդը։ Ձեր պայքարը շարունակվելու է, և հայը վերագտնելու է իր կերպարը` պատմության թատերաբենում մնալու և ապրելու համար։ Ու դրա համար անելու ենք ամեն ինչ, ներդնելու ենք ամեն ճիգ ու ջանք` հանուն մեր անմահացած հերոսների, որոնցից յուրաքանչյուրի կյանքի պատմություններով ապրեցիք մինչև Ձեր կյանքի վերջին վայրկյանը։

Հրաչուհի Փալանդուզյանը չտեսավ Արցախի շրջափակումն ու հայաթափումը... և այն մասշտաբային մշակութային ցեղասպանությունը, որ թշնամին այսօր իրականացնում է Արցախում (իսկապես չէր դիմանա): Եվ նրա կանխատեսումների ու զգուշացումների մեծ մասը, դժբախտաբար իրականացան: Գոնե հիմա կարողանանք ակնջալուր լինել ազգի կյանքում հետագիծ ունեցած նվիրյալներին, որ կարողանանք մեր Հայրենիքը պահել ու պայքարել մեր կորցրածի հետևից գնալու համար:

Իսկ Հրաչուհի Փալանդուզյանն իր խոսքով ու գրով ազգապահպանության ու հայրենապահպանության ճանապարհ ցույց տվող ազգային մտավորականներից էր:

Հիշում ենք Ձեզ, ուսուցիչ։ Ձեր անունն ու կերպարը մեր սրտում է։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ