Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Այն, ինչ ձեզ հետ կարող էին անել դրսից՝ պարտադրանքով, անում են ներսից՝ անզգայացնելով

Այն, ինչ ձեզ հետ կարող էին անել դրսից՝ պարտադրանքով, անում են ներսից՝ անզգայացնելով
06.09.2025 | 18:03

Ամենավստահելի սոցիոլոգիական հարցումները չհրապարակվածներն են: Միայն չհրապարակվածն է ծառայում թիրախային աշխատանքին, խնդիրների վեր հանմանը և հնարավոր լուծումների մշակմանը: Բոլոր հրապարակված սոցհարցումները լուծում են այլ քաղաքական խնդիրներ, ինչին ես դեմ չեմ: Դեմ չեմ, որովհետև դա ևս քաղաքական վարժություն է, ազդեցիկ վարժություն՝ ցույց տալու համար որևէ բան: Օրինակ՝ հետևյալը:

-2021թ․ ընտրություններ. Փաշինյանը ստացել է 690 654 ձայն (53.91%)

-2025թ․ հարցումներ. Փաշինյան՝ 217 800 ձայն (17%)

-կորուստ՝ 472 854 ձայն

Այս կորուստը տեղի է ունեցել մոտ 1539 օրում, միջինում՝օրական 300 ընտրող։

Այս օրինակը ազդեցության վարժություն է ռեալություն ստեղծելու միտումով, բայց ոչ ռեալություն, որը միտված է ապագա արդյունքի կանխորոշմանը:

Մի շտապեք վերլուծություններ ու եզրակացություններ անել, վիճել կամ օգտագործել սոցհարցումների տվյալները՝ ի օգուտ կամ ի վնաս, որովհետև քաղաքական ռեալությունը Հայաստանում հետևյալն է:

«Էական չէ, թե ում կտան ձայն այս կամ այն կիրակի: Էական է, թե ով է ամենաշատը ազդում որոշման վրա, թե ում տան ձայն»:

Ուստի մեկ հարց. ձեր կարծիքով այսօր Հայաստանում ամենամեծ հնարավորությունն ու պոտենցիալը ազդելու այդ որոշման վրա ո՞վ ունի և ինչպե՞ս: Մինչ կպատասխանեք այս հարցին, խնդրում եմ տվեք ևս մեկ հարց՝ ո՞վ և ի՞նչ է ձեզ այսօր պետական քաղաքական մեքենայի միջոցով պարտադրում: Առաջին հարցի պատասխանը ամբողջությամբ կախված է երկրորդ հարցի պատասխանից:

Հեշտացնելով ձեր գործը՝ մեկ հուշում: Ադրբեջանը տրամադրում է անձնագրեր և նույնականացման քարտեր «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիների անունով Հայաստանի Հանրապետության տարածքի տեղանուններով: Հիմա ինձ ասեք, դա իրեն քաղաքականապես թույլ տվո՞ղն է ավելի ազդեցիկ Հայաստանում տեղ գտնող քաղաքական գործընթացների՝ հետևաբար որոշումների վրա, թե՞ որևէ այլ մեկը, ում կարելի կլիներ տալ ձայն այս կամ որևէ այլ կիրակի:

Հասկացեք մեկ բան, դուք ապրում եք օկուպացված երկրում, որտեղ չեք տեսնում և զգում օկուպանտին ֆիզիկապես, և ձեզ թվում է, որ, եթե չեք տեսնում և զգում դա, ուրեմն օկուպացված չեք: Մինչդեռ այն, ինչ ձեզ հետ կարող էին անել դրսից՝ ուժով և պարտադրանքով, անում են ներսից անզգայացնելով, չափավոր դանդաղ, բթացնելով, ներքին մաղձով և դեգրադացնելով:

Այս պարագայում ամենազավեշտալին ներքին ռեյտինգների մրցակցությունում այն է, որ բոլորը, այդ թվում և որոշողի գործակատար Փաշինյանը, պարտվում է մեկ հոգու՝ Հայաստանի համար առաջին քաղաքական գործիչ և որոշող Ալիևին: Ինչու՞ համար առաջին, որովհետև առնվազն գիտականորեն և հատկապես քաղաքական գիտություն կոչվող դիսցիպլինի միջոցով ապացուցելի է այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին, հանրային և տնտեսական, անվտանգային, պատմամշակութային քաղաքականությունների և նույնիսկ կենցաղային որոշումների վրա ամենամեծ և վճռորոշ ազդեցությունը միջնորդավորված և չմիջնորդավորված ձևով ունի նա:

Ուրախալին այս ամենի մեջ մեկ այլ հանգամանք է, որը պետք է խորացնել, որովհետև, ինչպես նշել եմ բազմիցս, օկուպացիայի ավարտի լուծումները էդտեղ են: Հայաստանում կրճատվում է քաղաքական անտարբերների ահռելի մեծ և վտանգավոր թիվը՝ ի հաշիվ նոր ուժերի և նոր Ձևերի, որոնք սկսել են հավակնել անտարբերների սոցիալական և քաղաքական բազայի քվեներին: Կարևորը՝ սկսել են հավակնել, և նրանք էլ սկսել են ընդունել հավակնությունը:

P.S. «Էական չէ, թե ում կտան ձայն այս կամ այն կիրակի: Էական է, թե ով է ամենաշատը ազդում որոշման վրա, թե ում տան ձայն»:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ