Պուտինի ու Թրամփի հանդիպման վերաբերյալ ամենատխմար փորձագիտական կարծիքները հայկական փորձագիտական կարծիքներն են։
Ասում են`
1. Պուտինն ու Թրամփը գնում են ինչ-որ բան պայմանավորվեն։ Հիմարություն։ Երբ ամեն բան հասել է այնտեղ, որ հանդիպում են Պուտինն ու Թրամփը, նշանակում է՝ 90%-ով ամեն ինչ արդեն պայմանավորված է։
2. Եվրոպան թույլ չի տա Ուկրաինայի շահերին հակառակ պայմանավորվածությունների կայացում։ Հիմարություն։ Եթե Եվրոպան ինչ-որ բան թույլ տալու-չտալու կարողություն ունենար, հանդիպումը կլիներ նվազագույնը եռակողմ։ Իսկ այսօր, առավելագույնը, ինչ կարողանում են անել ԵՄ-ի և եվրոպական առանձին երկրների լիդերները, դա Ալյասկա մեկնող Պուտինի ինքնաթիռի թռիչքին հետևելն է։
3. Թրամփի ճնշման տակ Պուտինը տեղի կտա։ Հիմարություն։ Նման մակարդակի հանդիպումները տեղի չեն ունենում միմյանց հանդեպ ճնշումներ գործադրելու նպատակով։ Նախնական կոնսենսուսային որոշում, ամենայն հավանականությամբ, արդեն կա, որը, մի կողմից, Թրամփը կօգտագործի Կոնգրեսի առաջիկա շատ կարևոր միջանկյալ ընտրություններում հաղթաթուղթ դարձնելու նպատակով, մյուս կողմից` Պուտինը կներկայացնի որպես հատուկ ռազմական գործողության սկզբնապատճառների վերացմանն ուղղված կարևոր ձեռքբերում։ Խոսքը նախ և առաջ վերաբերում է Ուկրաինայի հետագա արտաբլոկային կարգավիճակին, Ուկրաինայում ռուսերեն լեզվի և ռուսական ուղղափառ եկեղեցու իրավունքների ամրագրմանը, ռուսական հսկողության տակ գտնվող տարածքների նկատմամբ Ռուսաստանի իրավունքների ճանաչմանը։
Հ.Գ. Թրամփ-Պուտին հանդիպման լիարժեք արդյունավետության գնահատականը հնարավոր է լինելու տալ միայն հրադադարի հաստատումից հետո` պայմանավորված ներուկրաինական քաղաքական գործընթացների և վերադասավորումների տրամաբանությամբ ու բովանդակությամբ։
Գարեգին Պետրոսյան