Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նորություններ ռազմավարական համագործակցության ճակատից

Նորություններ ռազմավարական համագործակցության ճակատից
23.11.2015 | 11:26

Ռուսաստանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի նիստում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի էներգահամակարգերի միավորման նախագիծ իրականացնելու վերաբերյալ Մոսկվայի ցանկության մասին:

«Ռոսբալտ»-ը փոխանցել է. «Նպատակահարմար ենք գտնում վերսկսել էներգահամակարգերի միավորման գծով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը էներգահամակարգերը միացնելու գծով տեխնիկատնտեսական հետազոտություններ անցկացնելու համար»,- ասել է Նովակը: Երեք երկրների էներգահամակարգերը միավորելու համաձայնագիրը ստորագրվել է 2004-ին, ստեղծվել էր հանձնաժողով: Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Նաթիգ Աբասովն ասել է. «Ադրբեջանում կան էլեկտրաէներգիան ընդունելու և փոխանցելու անհրաժեշտ ենթակառուցվածքներ»: «Ռոսբալտը» գրում է, որ Ադրբեջանը և նրա գործընկերները կարող են ոչ միայն փոխանակել էլեկտրաէներգիա (քննարկվում է նաև գազային հանգույց), այլև կատարել տարանցիկ միջանցքի գործառույթներ: Դա նվազեցնում է երեք ածխաջրածնային պետությունների կախվածությունը նավթագազային ճյուղից, որոնք այժմ լավ ժամանակներ չեն ապրում գների անկման պատճառով: Ալեքսանդր Նովակն ասել է, որ ռուսաստանյան ընկերությունները մասնակցելու են Իրանում էներգահզորությունների շինարարությանը. խոսքը լրացուցիչ 5 հազար մեգավատ էլեկտրաէներգիա արտադրելու մասին է: Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ձգտում են ապահովել տարածաշրջանի էներգետիկական անվտանգությունը:
Հետաքրքիր տեղեկատվություն է, չէ, ոչինչ անօրինական, ոչինչ անսպասելի, ոչինչ սենսացիոն: Սովորական աշխատանք է:
Կա, իհարկե, այլընտրանքը՝ միավորել Իրանի, Հայաստանի, Վրաստանի էներգահամակարգերը: Ադրբեջան-Վրաստան տնտեսական հարաբերությունները զարգանում են ըստ ամենայնի, Իլհամ Ալիևի այցը հիշեք Թբիլիսի, հայտարարությունները և հավաստիացումները և թեթևակի խնդիրը ադրբեջանական գազի ու իրանական գազի հետ կապված: Թբիլիսին փորձում է դիվերսիֆիկացնել տնտեսությունը և զարգացնել հարաբերությունները Իրանի հետ: Վրաստանը չի հրաժարվի նաև տարանցիկ երկրի «երջանկությունից», եթե Իրան-Հայաստան գազամուղն աշխատի ու հասնի մինչև Վրաստան:
Ստացվում են երկու զուգահեռ նախագծեր, որտեղ ընդհանուրը միայն Իրանն է: Բայց Իրանը չէ, որ պիտի որոշի՝ նախագծերից որն է իրականանալու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի հավելումն էներգետիկ համագործակցության անհրաժեշտության, «Ռոսբալտը» նշում է Սիրիայում հակաահաբեկչական կոալիցիայում Ռուսաստանի և Իրանի մասնակցությունը և Ադրբեջանի կողմից իր օդային տարածքի տրամադրումը ռուսաստանյան ռազմական տեխնիկան սիրիական տարածք փոխադրելու համար:
«Եվ դրանում որոշակի օրինաչափություն կա, քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանը գործնականում միասնական սոցիալական տարածք են: Բավական է ասել, որ ադրբեջանական սփյուռքը գերթե ամենամեծն է Ռուսաստանում, և ադրբեջանական բիզնեսը շատ բարձր դիրք է զբաղեցնում ՌԴ-ում, ինչպես և ռուսաստանյանն Ադրբեջանում: Այսինքն` Ադրբեջանն այժմ ավելի շատ քաղաքական-տնտեսական ըմբռնում է գտնում Ռուսաստանում և Իրանում, քան Արևմուտքում, որը բավականին օտար է նրա մենթալիտետին և «դեմոկրատական» ճնշմանը: Այդ պատճառով, ռուս-ադրբեջանական համատեղ նախագծերից հետո մենք կարող ենք վկա դառնալ եվրասիական քաղաքական-տնտեսական տարածություն Ադրբեջանի փաստացի և համապարփակ ինտեգրմանը»,- ամփոփել է «Ռոսբալտ»-ը:
Մեկնաբանության կարիք կա՞:

Դիտվել է՝ 736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ