ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մեղավորը Ալֆրեդ Նոբելն է

Մեղավորը Ալֆրեդ Նոբելն է
01.11.2016 | 19:50

Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրապետության փողոցի տպարանի շենքի պայթեցումից հետո հրավիրել է խորհրդակցություն և հանձնարարել «առավելագույն պատասխանատվության ենթարկել ու պատժել բոլոր այն սուբյեկտներին եւ պաշտոնյաներին, որ պատասխանատու են Երեւանի կենտրոնում կատարված պայթեցման համար, որի միջոցով քանդվել է Երեւանի առաջին տպարանի շենքը»: Կարեն Կարապետյանն արձանագրել է, որ շենքի պայթեցումը կատարվել է անհրաժեշտ պայմանների խախտումով, որի համար պետք է մարդիկ ենթարկվեն պատասխանատվության:

Առաջին հայացքից՝ վերջապես ստացանք օպերատիվ արձագանք կատարված անօրինականության համար, բայց փաստը մնում է փաստ, որ վարչապետին մտահոգել է ոչ թե տպարանի շենքի պայթեցումը, անցյալ դարի հերթական կառույցի, Երևանի պատմության որոշակի հատվածի ոչնչացումը, այլ՝ շենքը քանդելու ձևը, այն է՝ պայթեցնելը: «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել»՝ ասել է Կարեն Կարապետյանը: Հիմա դա արձանագրում է, որ Երևանը քաղաքապե՞տ չունի և ով ինչ ուզում՝ անու՞մ է: Իսկ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը այդ կարծիքին չէ՝ նա գտնում է. «Մի քանի սխալ է տեղի ունեցել, մի քանի մեղավորներ կային և յուրաքանչյուրը կստանա իր պատիժը»։


Պայթեցված առաջին տպարանի շենքի սեփականատեր Գենիկ Կարապետյանը ընդհանրապես անմեղ է: Tert.am-ին նա ասել է. «Ես ո՞վ եմ, ասենք՝ շենքի սեփականատերը մի ամերիկացի է, որը հիմա Ամերիկայում է, և ինքը պայմանագիր է կնքել, էստեղ շինարարություն են անում: Երեկ վարչապետի մոտ տեղի է ունեցել հանդիպում, այսօր լույսը չբացված Դուք հարցնում եք՝ կա՞ն գնդակահարված մարդիկ: Ի՞նչ իմանամ՝ կա՜ն, չկա՜ն: Վերջը դա կառույց է, ինչ-որ մարդիկ պիտի ճշտեն՝ ու՞մ մեղքն է, ինչքա՞ն է, ի՞նչ է, և դուք կուրախանաք այդ պատժով, ի՞նչ կա ուրախանալու: Անպայման կլինի պատիժ, և անպայման դուք կուրախանաք»:


Ստացվում է՝ ոչ ոք մեղավոր չէ ու տպարանի ավերակներում վարչապետի PR ակցիա է կատարվում ու հայտնի չէ՝ ի՞նչ է լինելու հետո, դադարեցվելու՞ է կիսավեր տպարանի հետագա քարուքանդումը, գտնվելու՞ է այդ անհայտ ամերիկացին, որևէ մեկը հստակ ասելու է՝ ի՞նչ է կառուցվելու Առաջին տպարանի շենքի տեղում, ի՞նչ նախագծով ու որքանո՞վ է մայրաքաղաքի կենտրոնի ճարտարապետությանը հարիր: 2017-ին Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ Տարոն Մարգարյանը նույնպես պիտի սկսի մտածել իր PR-ի մասին՝ այս ընթացքով քաղաքապետ ընտրվելը իհարկե հնարավոր է, բայց Երևանին պետք չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Երևանի Առաջին տպարանի պայթեցման իրական մեղավորը Ալֆրեդ Նոբելն է՝ ո՞վ էր նրան ասում վառոդ հայտնագործել: Առաջարկում եմ հետմահու ցմահ բանտարկության դատապարտել Ալֆրեդ Նոբելին իր հակամարդկային հայտնագործության համար: Միևնույն է՝ Երևանում ուրիշ մեղավոր չի գտնվելու:

Դիտվել է՝ 2229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ