Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Մեծ խոսակցություն նախագահի հետ»՝ սադրո՞ւմ է Մինսկը, թե՞ սադրանքի թիրախ է

«Մեծ խոսակցություն նախագահի հետ»՝ սադրո՞ւմ է Մինսկը, թե՞ սադրանքի թիրախ է
03.02.2017 | 10:54

Ռուս-բելառուսական հարաբերություններում գոյացել է մեծ անջրպետ, որ այլևս բացահայտ ցուցադրվում է, ավելին՝ դարձել է շանտաժի միջոց՝ հարաբերությունները սեփական շահերին ծառայեցնելու նպատակով: Մինչև երեկ գործընթացը վերահսկվում էր, բայց երեկ եղան մի քանի իրարամերժ հայտարարություններ, որոնցից դժվար էր հասկանալ՝ անջրպետը հասե՞լ է խզումին, թե խաղը նոր մակարդակ է բարձրանում: Բոլոր հայտարարությունները ռուսական լրատվամիջոցներինն էին, բելառուսական կողմը լուռ էր:


Regnum-ը տեղեկացրեց, որ Բելառուսը պատրաստվում է դուրս գալ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից՝ հղում անելով իր աղբյուրին: Ըստ աղբյուրի՝ Բելառուսը կարող է դուրս գալ նաև Ռուսաստանի հետ դաշնակցային պետությունից: Տեղեկացվում էր, որ Ռուսաստանը «աղմկոտ հայտարարություններ» չի անի, Մոսկվան «ըմբռնումով է վերաբերվում ՈՒկրաինայի նմանությամբ անկախ պետություն դառնալու Բելառուսի իշխանությունների ցանկությանը»: Հարց, այնուամենայնիվ, կար. «Դրա հետ մեկտեղ, Մինսկի պատասխանատու անձանց հարկ է հասկանալ, որ անկախությունը չի լինում միայն խոսքերով: Անկախությունը պետության կենսագործունեության ամբողջ համալիրն է՝ սկսած քաղաքականությունից ու գաղափարախոսությունից, մինչև ֆինանսներ ու էկոնոմիկա: Եթե Բելառուսի իշխանությունը որոշել է գնալ այդ ճանապարհով, «տնտեսական պատերազմի» արահետով, բելառուսական պետության զարգացման այդ ռազմավարությունը ոչ մի հարց չի առաջացնի: Հարցը կլինի միայն մեկը՝ որքանո՞վ բելառուսական ղեկավարության քաղաքական այդ գիծը կհամապատասխանի բելառուսական ժողովրդի ազգային-պետական շահերին»:

Հետո հայտարարություն տարածեց ՀԱՊԿ-ը: «Մենք չենք մեկնաբանում շշուկները, առավել ևս՝ իրականությանը չհամապատասխանող»,- հայտարարեց ՀԱՊԿ-ի ներկայացուցիչը: Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության քարտուղարությունից հաղորդեցին, որ տեղյակ չեն միությունից դուրս գալու Բելառուսի մտադրության մասին: Բայց տեղյակ չլինել, դեռ չի նշանակում՝ մտադրությունը չկա կամ կա:
Բելառուսի ու Ռուսաստանի տնտեսական խնդիրները վերաճում են քաղաքականի՝ սա մի տարբերակ է: Երկրորդ տարբերակը, որ քաղաքական խնդիրների պատճառով չեն ստացվում տնտեսական հարաբերությունները: Փաստ է, որ Բելառուսում պարապուրդի մեջ են նավթավերամշակման գործարանները, գազի սակագնի բանակցությունները կողմերին չեն բավարարում: Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանում նավթ ու գազ որոնեց և, իհարկե, ստացավ, բայց գործող նավթատարներն ու գազատարները գնի ու հեռավորության պատճառով շահութաբեր դուրս չեկան: Լուկաշենկոն տնտեսական ներդրումներ որոնեց Իսլամական համագործակցության կազմակերպությունում՝ հայտարարելով, որ իսլամը հին ու ավանդական արժեք է Բելառուսի համար ու Եվրոպայի ամենամեծ մզկիթը կլինի Մինսկում: Պակիստան գնաց՝ նույն նպատակով: Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու ու եվրոների հույսով նույնիսկ խորհրդարանական ընտրություններում ամբողջ մեկ ընդդիմադիր պատգամավոր ընտրվեց, բայց եվրոներ ու դոլարներ Մինսկ դեռ չեն հոսում: Չինաստանի հետ համագործակցությունն էլ տրակտորների ու մեքենաշինության արտադրության նորացումից այն կողմ չի անցնում: Բատկան փորձեց զենքի շուկա էլ մտնել, բայց ժամանակակից զենքը մեծ փողեր է պահանջում, որ չկա, զենքի շուկայում էլ բելառուսական տանկերն ու հրանոթները մեծ պահանջարկ չունեն: Նրա դեգերումների պատճառը պատժամիջոցներից թուլացած ռուսական տնտեսությունից դոնորական ներարկումների ծավալի նվազումն է: Բելառուսի նախագահը որոշեց Ռուսաստանի հետ չսուզվել, բայց Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների այս մթնոլորտում Ռուսաստանի ստվերից դուրս գալու համար նրան պետք էին ու են «հակառուսական քայլեր»: Գործնականում ցանկացած հետխորհրդային երկրի անկախությունն այդպես է գնահատում Մոսկվան: Բատկայի ամենամեծ «ապստամբությունը» դեկտեմբերի վերջին օրերին Սանկտ Պետերբուրգ չմեկնելն էր՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին: Իր բացակայությունն ընդգծված դարձնելու համար նա նույնիսկ հարկ չհամարեց բացակայության պատճառ հնարել, ասենք, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նման հիվանդ հայտարարել իրեն:

Ոչ, Լուկաշենկոն առողջ էր ու առողջ է այնքան, որ գագաթնաժողովում ընդունված ու ստորագրված օրենքները անվանեց աշխատանքային նախագիծ, որին Մինսկը կմիանա ուսումնասիրելուց հետո միայն: Կամ՝ չի միանա:
Իհարկե, անհեթեթ է երեկվա հայտարարությունները համարել ԵԱՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի փլուզում՝ մեկ անդամի հեռանալով երկու կառույցներն էլ կշարունակեն գործել, բայց ակնհայտ է, որ երկու կառույցներում էլ տարաձայնություններն ավելի շատ են ու ավելի խոր, քան համաձայնությունները:


Կախված իրադարձությունների ընթացքից՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի իր շահերի պաշտպանությանը: Ի վերջո, բացահայտ է, որ երկու պարագայում էլ Հայաստանի համար կարևոր են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները, ոչ թե Հայաստան-Ռուսաստան առնչությունները բազմակողմ ձևաչափերում: Կքանդվեն, թե կկազմափոխվեն երկու կառույցներն էլ, Հայաստանը ոչինչ չունի կորցնելու, փոխարենը բազում հնարավորություններ կբացվեն, եթե ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն կորցնեն իրավաբանական հասցեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բելառուսի նախագահի կայքէջը փետրվարի 1-ից տեղեկացրել է.«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3-ին կհանդիպի հասարակության, բելառուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Միջոցառումը կանցկացվի ընդլայնված ձևաչափով «Մեծ խոսակցություն նախագահի հետ» անվանումով»: Այսինքն՝ այսօր Մինսկում Բելառուսի նախագահը կամ հայտարարություն կանի, կամ կհերքի մամուլում հայտնված տեղեկությունները, կամ կպատասխանի որևէ լրատվամիջոցի այդ թեմայով հարցին: ՈՒ նրա պատասխանի տոնից, ոճից ու բովանդակությունից պարզ կդառնա՝ այս անգամ Մի՞նսկն է սադրում, թե ինքն է սադրանքի թիրախ: Բոլոր դեպքերում ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում ձևաչափերի փոփոխությունները օրակարգում են: Սպասենք Բատկայի խոսքին ու Կրեմլի արձագանքին: Նուրսուլթան Նազարբաևը եզրակացություններով չի շտապի՝ նա որոշել է Ղարաբաղի կոնֆլիկտով զբաղվել: Գուցե Նուրսուլթան Աբիշևիչը վաղուց ամեն ինչ լավ գիտեր ու կառույցների ձևաչափի փոփոխության հնարավորությունը ուզում է օգտագործել՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելով: Անդամակցության գինը Բաքուն վաղուց է հայտարարել՝ Ղարաբաղ: Դե իսկ Ղրղզստանը, թերևս, առիթը կօգտագործի ու կհեռանա: Բրեկզիտի օրենքով: Մենք, ավանդաբար, կսպասենք ու կմտածենք, այս դեպքում՝ կարևորը արձագանքի արագությունը չէ, այլ՝ ինքնուրույնությունը:

Դիտվել է՝ 1882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ