Ցեղասպանությունը չի ավարտվում որոշակի էթնիկ կամ կրոնական խումբ ոչնչացնելու շարժառիթով սոսկ այդ խմբի անդամների սպանությամբ։ Ցեղասպանության հանցակազմի բաղադրիչներից է սուբյեկտիվ կողմը, ըստ այդմ էլ՝ այն շարունակվող հանցագործություն է և չի կարող ավարտված համարվել, քանի դեռ կոնկրետ հանցավոր գործունեությամբ ավարտին չի հասցվել բուն նպատակը։ Կոնկրետ Հայոց ցեղասպանության անթաքույց գերնպատակը եղել և շարունակում է մնալ հային պատկանող տարածքները, մշակույթը, ազգային պատմությունը, ինքնության արժեքները վերջնականապես յուրացնելը, մի հնագույն ազգի ողջ քաղաքակրթությունը սեփականացնելը։ Եթե մշակութային որոշ արժեքներ հնարավոր չի եղել յուրացնել, ապա հայության հետքը ջնջելու նկրտումներով գործի է դրվել դրանք բարբարոսաբար ոչնչացնելու քաղաքականությունը, ինչը հենց այս պահին տեղի է ունենում նաև Արցախում։ Նաև այս ասպեկտով է Հայոց ցեղասպանությունը տարբերվում Հոլոքոստից։ Ուստի իբր հետադարձ ուժի բացառման հենքով ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիոն նորմերի կիրառման անհնարինության մասին ակնարկն անգամ իմաստազուրկ է։
Էթնիկ շարժառիթներով թուրքական կուսակցական-պետական վերնախավի անմիջական ղեկավարությամբ հայության զանգվածային բնաջնջման փաստերը հաստատվել են թուրքական ռազմական տրիբունալների 1919-21թթ. դատավճիռներով (դրանք երբեք չեն բեկանվել, ուղղակի բոլոր դատավորներին 1930-31թթ. մահապատժի են ենթարկել)։ Դատավարությունները չէին լինի, եթե չլիներ միջազգային դատավարություն նախաձեռնելու սպառնալիքը։ Իսկ այդպիսիք թուրքական իշխանության կողմից ժխտելը, մարդկայնության դեմ ոճրագործության համար մահապատժի դատապարտված պարագլուխներին հերոսացնելը և զուգահեռ պատմական զեղծարարությունը հենց ցեղասպանության շարունակությունը հավաստող փաստեր են, որոնք սպասում են իրենց իրավական համարժեք գնահատականին։
Հ.Գ. Ցեղասպանությունը մոռացության չի տրվում մեկ այլ երկրի՝ Իսրայելի իշխանությանը ցեղասպանության մեջ մեղադրելու և իբր պատժելու կոչեր հնչեցնելով, յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր մասով:
Գևորգ Դանիելյան